ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԿԱՆ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՐԵԳՈՒԹ ՄԱՐԴԻԿ
06.02.2019 12:25

Բարեբախտաբար, մեր շրջապատում կան այնպիսի մարդիկ, ովքեր անտարբեր չեն դիմացինի ցավի ու հոգսի, տխրության ու դժբախտության հանդեպ: Այսօր ես իմ շնորհակալական խոսքն եմ ցանկանում հղել մի մարդու, ով իմ դժբախտության պահին կանգնեց կողքիս և օգնության ձեռք մեկնեց: Խոսքս ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մասին է:

Առողջությունս հանկարծակի խաթարվել է 2014 թվականի մայիսին: Ընկնելով կոմայի մեջ՝ մահամերձ վիճակում ինձ հասցրել են հիվանդանոց: Բուժմանս համար պահանջվում էր երկու վիրահատություն, որոնք կապված էին գլխուղեղիս հետ՝ խոշոր չափսերի ուռուցքի հեռացում և աջ մասի պլաստիկ փակում: Պետպատվերի շրջանակներում կատարվեցին վիրահատությունները:

Աստծո կամոք, վերակենդանացա, ապրեցի: Սակայն վիրահատություններից հետո պահանջվում էր երկար բուժում, որի համար ընդհանրապես հնարավորություն չունեի, քանի-որ վերջին տարիներին չէի աշխատում՝ թեև միշտ էլ աշխատանք

էի փնտրում:

Դիմեցի Աշոտ Ղուլյանին՝ գիտակցելով, որ բարի, կիրթ, պատրաստակամ անձնավորությունը չի մերժի ինձ: Չսխալվեցի, նա անմիջապես արձագանքեց խնդրանքիս և ֆինանսական աջակցություն ցուցաբերեց, որը հետագայում շարունակական բնույթ կրեց: Նրա օգնությամբ անցա նաև հետվիրահատական շրջանս:

Մեծ երջանկություն եմ համարում, որ իմ շրջապատում կան նման անհատներ և խնդրում եմ Աստծուն, որ ավելի երկարացնի նրանց կյանքը:

Չեմ կարող չնշել նաև իմ մյուս բարերարների՝ Հակոբ Ղահրամանյանի և նրա տիկնոջը՝ Գոհար Աղաջանյանի (ով նաև իմ դասընկերուհին է) անունները, որոնց բարեգութ վերաբերմունքը մշտապես զգացել եմ:

Իմ նախկին կոլեկտիվի՝Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչներ Մելանյա Սարգսյանին և Սիլվա Ջհանգիրյանին ևս հայտնում եմ իմ շնորհակալությունը, քանզի նրանց                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             բարոյահոգեբանական օգնությունը շատ է օգնել ինձ հաղթահարելու իմ հիվանդությունը: Ծանր պահերիս, նրանք միշտ ինձ հետ էին:

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Ազատ Հովսեփյանի քույրը լինելով՝ բարոյականության վեհ դրսևորում եմ համարում այդ առաքինի մարդկանց վերաբերմունքն իմ ընտանիքի հանդեպ:

Նրանց և մեր բժիշկների շնորհիվ այսօր ես կարողանում եմ ինքնուրույն քայլել (մինչև վիրահատությունս գամված էի անդամասայլակին): Ունեմ արտակարգ լսողություն և տեսողություն, պատրաստ եմ աշխատելու իմ մասնագիտությամբ: Պարզապես ես ցանկանում եմ ապրել լիարժեք կյանքով:

Թող Աստված բարի աչքով նայի բոլոր նրանց, ովքեր կարևոր դեր են ունեցել իմ առողջության վերականգնման գործում, թող իրականանան նրանց իղձերն ու նպատակները, թող հաջողություններն ամենուր ուղեկցեն նրանց և բարեհաջող ավարտվեն այն գործերը, որոնք սկսել են, թող երջանկությունը թագավորի բոլորի ընտանիքներում:

Մարինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

ք.Ասկերան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter