ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
06.02.2019 18:19 |
Փետրվարի 6-ին Ասկերանում ացկացվեց խորհրդակցություն՝ 2019 թվականին հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխություններն ու նորարությունները շրջանի հարկատուներին իրազեկելու նպատակով։ Խորհրդակցությանը ներկա էին ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արայիկ Դոլուխանյանն ու մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը։ Ողջունելով ներկաներին Ասկերանի ՇՀՏ պետ Մարատ Հայրապետյանը նշեց, որ ԱՀ հարկային դաշտում կատարվող ամենամյա բարեփոխումները մեծապես ուղղված են քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու ՓՄՁ-ների գործունեությունը խթանելուն։ Այս առումով Մ. Հայրապետյանը կոչ արեց ներկաներին ուշադիր լինել, սեմինարի աշխատանքներին ակտիվություն ցուցաբերել և ծագած հարցերի դեպքում կատարել հարցադրումներ։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Դոլուխանյանը շնորհակալություն հայտնելով սեմինար խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ հանրապետության շրջաններում և Ստեփանակերտում փետրվարի 6-11-ը ներառյալ անցկացվելու են նմանատիպ սեմինար-խորհրդակցություններ։ -Կարծում եմ, բոլորդ էլ քաջատեղյակ եք, որ ֆինանսների նախարարության կողմից հարկատուների հետ կազմակերպվող տարեմուտի սեմինարներն ուղղված են լինում հարկային դաշտում կատարված օրենսդրական փոփոխություններին։ Այդ առումով այս խորհրակցությունը ևս բացառություն չէ, և այսօրվա խորհրդակցության թեման 2018թ. դեկտեմբերին հարկային ոլորտում ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնելն է, որը կիրառության մեջ է դրված 2019թ. հունվարի 1-ից և որը միտված է գործարար միջավայրի բարելավմանը։ Հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի համար սահմանվել են ավելի բարենպաստ հարկման ռեժիմներ, ինչպես նաև որոշ ոլորտների գործունեության համար սահմանվել են առավել օպտիմալ հարկման դրույքաչափեր,- ասաց Ա. Դոլուխանյանը։ Մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը շրջանի հարկատուներին ներկայացրեց հարկային դաշտում կատարված օրենսդրական փոփոխությունները՝ մանրամասնորեն կանգ առնելով դրանցից յուրաքանչյուրի վրա։ Մասնավորապես, 2019 թվականի հունվարի 1-ից փոփոխություններ են կատարվել հարկային օրենսդրությունը կարգավորող 8 օրենքում, ինչպես նաև ընդունվել է նոր օրենք՝ հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին։ Փոփոխություններ են կատարվել հարկերի մասին օրենքի, գրանցման հայտերի, շահութահարկի, եկամտահարկի, ավելացած արժեքի հարկի, արտոնագրային վճարների, դրոշմապիտակների, առևտրի և ծառայությունների մասին օրենքներում։ Ինչպես նշեց Ա. Մուսայելյանը, հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու օրենքում տեղի ունեցած փոփոխությունները ներառում են մի քանի կատեգորիաներ։ Առաջին կատեգորիան ներառում է այն հարկ վաճրողներին, ովքեր 2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել, սակայն ունեն կուտակված պարտավորություններ։ Հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխության համաձայն նշված հարկ վճարողներն ամբոջությամբ ազատվում են հարկային բեռից։ Այս խմբում ընդգրկված հարկատուների նկատմամբ հարկադիր գանձման և տարբեր այլ միջոցառումներ իրականացնելուց հետո է միայն որոշվել վերջիններիս ամբողջությամբ ազատել հարկային պարտավորություններից, քանի որ հնարավոր չի եղել դրանք իրականացնել, գույք կամ եկամուտներ չունենալու պատճառով։ Ա. Մուսայելյանը նշեց, որ ցանկացողները կարող են ծանոթանալ այս խմբում ընդգրկվածների ցանկին։ Երկրորդ կատեգորիան ներառում է այն հարկատուներին, ովքեր դադարեցրել են գործունեությունը, սակայն 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն կուտակված պարտավորություններ, տույժեր և տուգանքներ։ Հարկային պարտավորությունները ամբողջությամբ, իսկ տույժերը 10 տոկոսով մարելու դեպքում վերջիններս լրիվությամբ ազատվում են տուգանքներն ու մնացած 90 տոկոս տույժը վճարելուց։ Իսկ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ընկաց ժամանակահատվածում առաջացած հարկերը, տուգանքները լրիվությամբ, իսկ տույժերը 10 տոկոսով վճարելու դեպքում հարկատուն ազատվում է մնացած 90 տոկոս տույժերը վճարելուց։ Եվ 3-րդ խմբի հարկ վաճարողներ են հանդիսանում նրանք, ովքեր մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը հարկային մարմնին ինքնակամ կներկայացնեն ճշտված հաշվարկ-հաշվետվությունները։ Այս դեպքում հարկատուները հարկերը լրիվությամբ վճարելու պարագայում ազատվում են տուգանքները ամբողջությամբ, իսկ տույժերը 90 տոկոսով վճարելուց։ Հարկային պարտավորություն ունեցողների հետ մինչև մարտի 1-ը կկնքվեն համապատասխան մարման ժամանակցույցներ՝ կախված պարտավորությունների չափերից։ Ա. Մուսայելյանը ներկայացրեց նաև թե ովքեր և ինչպես կարող են հետ ստանալ զինծառայողների ապահովագրման հիմնադրամին վճարած դրոշմանիշային վճարները ։ Վերջում Ա. Դոլուխանյանը պատասխանեց հարկատուներին հուզող հարցերին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|