ԱՍԿԵՐԱՆԻ ՆՈՏԱՐԻԱՏՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԲԱՐՁՐԱՆԱ |
07.02.2019 11:26 |
Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը պետության անունից, նրա սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ: Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթերը տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով: Վավերացնելով փաստաթուղթը՝ հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը: Թե ինչ գործունեություն է իրականացվել 2018 թվականին Ասկերան նոտարական տարածքի կողմից՝ իմացանք նոտար Ռոզաննա Դանելյանից: 2018 թվականին Ասկերան նոտարական տարածքի կողմից, ընդհանուր առմամբ, կատարվել է 1542 գործ, որոնց դիմաց պետական բյուջե է գանձվել է 2199800 ՀՀ դրամ պետական տուրք: Մասնավորապես, անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացումից (նվիրատվություն, առուվաճառք) պետբյուջե է գանձված պետական տուրքը կազմել է 969000 ՀՀ դրամ: Վավերացվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի 22 գործ՝ գանձվել 24500 ՀՀ դրամ պետական տուրք, ինչպես նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի 7 գործ, որի դիմաց գանձված պետտուրքը կազմել է 31000 ՀՀ դրամ: Կատարվել են նաև գրավի 97 պայմանագրի, 19 այլ պայմանագրի, 16 կտակի, 209 լիազորագրի վավերացումներ, որոնց պետտուրքը կազմել է 503500 ՀՀ դրամ։ Տրամադրված 127 ժառանգության իրավունքի վկայագրերից գանձվել է 279000 ՀՀ դրամ պետական տուրք: Հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի 6 վկայագրերից, փաստաթղթերի պատճենների վավերացման 218, փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացման 451 և փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացման 135 գործերից պետական բյուջե է գանձվել 392800 ՀՀ դրամ: Ռոզաննա Դանելյանը նշեց, որ, եթե ոլորտում էական փոփոխություններ չլինեն, ապա գալիք տարում ևս կպահպանվի 2018 թվականի պատկերը: Նոտարն ավելացրեց նաև, որ մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձրանելու նպատակով մշտապես բացատրական աշխատանքներ է տանում նոտարիատ ներակայացող քաղաքացիների հետ, ինչն օգնում է վերջիններիս օրենքի չիմացության պատճառով թյուրիմացության մեջ չընկնելու և որոշակի դժվարություններից խուսափելու համար: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |