ԽՐԱՄՈՐԹԻ ԳԱՌՆԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ |
07.02.2019 11:37 |
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը, որը մեծապես տուժել էր մեզ պարտադրված պատերազմում, իր նվիրված, պատվասեր ու գործունյա ժողովրդի շնորհիվ այսօր արդեն ապրում է իր առօրյա հոգսերով։ Օրվա ցանկացած ժամի Խրամորթում պարապ մարդ չես տեսնի։ Իսկ Գառնիկ Ավանեսյանի անունը կրող դպրոցը, որն ուսում տալուց բացի նաև աշխատասիրություն, հարազատ բնակավայրի հոգսերով ապրելու հմտություններ է ներարկում, տեսականորեն է հայրենասիրական ու հայրենապահպան գաղափարներ մատուցում սովորողներին։ Այս տեսանկյունից դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը հպարտորեն է նշում, որ դպրոցի բոլոր աշակերտները ոգևորությամբ ու պատրաստակամորեն են մասնակցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ 2019-ը հայերիս համար նշանավորվում է մի շարք մշակութային և գրական գործիչների հոբելյանական տարեդարձերով։ Այս առումով Խրամորթի միջնակարգ դպրոցն առաջիններից մեկն էր, որտեղ օրերս նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Այն նշանավորվեց Մեծն լոռեցու լավագույն ստեղծագործությունների ներկայացմամբ։ Միջոցառմանը, որը կազմակերպել էր դպրոցի ԴԱԿ Հասմիկ Անդրյանը, ընդգրկված էին դպրոցի 10-12-րդ ‘դասարանների բոլոր աշակերտները։ Այն կազմակերպվել էր բաց դասի տեսքով, որի ժամանակ աշակերտները ներկայացրեցին §Թմկաբերդի առումը¦ պոեմ, վերջինիս գլխավոր գաղափարախոսությունը, որի գլխավոր միտքը բարի գործի անմահության գաղափարն է, որն ավելի խոր և ամբողջական է դառնում շնորհիվ պոեմում արտահայտված մյուս գաղափարների՝ հայրենասիրության և դավաճանության հակադրության, սիրո ոգևորող և կործանիչ ուժի հաստատման, մարդկային կյանքի անցողիկության և այլնի մասին։ Հ. Անդրյանը ներկայացնելով նոր նյութը՝ §Փարվանա¦ բալլադը, կանգ առավ հավերժական և վեհ սիրո գաղափարի, լավի, գեղեցիկի, վեհի որոնման ու ձգտման մեծ խորհուրդի վրա։ Ապա դպրոցականները բեմադրեցին §Անուշ¦ օպերան, իր յուրաքանչյուր վառ ու գեղեցիկ դրվագներով, մեղմօրոր պարով, Սարոյի և Մոսու կոխի տեսարանով։ Նրանք ներկայացրեցին նաև Սարոյի սպանությունն ու մոր ողբը։ Աշակերտները ոգևորված թումանյանական ոգով, ներկայացնում էին գյուղական կյանքն՝ իր բարքերով, որտեղ ներկայացվում է հայի կերպարը։ Թումանյանը պոեմում մի կողմից բացահայտում ու քննադատում է հայ գյուղի բացասական կողմերն ու արատավոր երևույթները, նահապետական կյանքի հետամնացությունը, խավարամտությունը, մյուս կողմից դրվատում է այդ միջավայրից առանձնացող և հարկադրվող կապանքներին ընդդիմացող հերոսներին, ներկայացնում նրանց մարդկային բարձր արժանիքները, մաքուր ու հավերժական սերը, որը գեղեցկացնում ու ազնվացնում է մարդու հոգին: Այնպիսի մեծ վարպետությամբ էին աշակերտները կատարում իրենց դերերը, որ ներկաների մոտ հուզմունքի ալիքներ էին առաջնում։ Ուսուցանող նյութի այսպիսի մատուցումն անհնարին է երբևէ մոռացվի, ու մտովի տեղափոխվեցի ութսունականների վերջերը, երբ հարազատ կրթօջախիս բարձր դասարանեցիները գյուղական ակումբում բեմադրել էին Թումանյանի §Անուշը¦, որը դիտելու էին եկել կոլտնտեսության դաշտերում բեզարած խրամորթիցներն ու հոգնատանջ աշխատանքից հետո իրենց խաղաղ հանգիստն էին վայելում… Գրում եմ Թումանյանական օրերի մասին, որոնք մեկնարկել և տարվա ընթացքում նշվելու են հայաբնակ բոլոր վայրերում և մտովի զրուցում ամենայն հայոց բանաստեղծի, հանճարեղ մարդու, մեծ հումանիստի հետ և հպարտանում ազգիս հանճարներով£ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|