ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՕՐ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
08.02.2019 17:59 |
Հայի հացն սկսվում է գութանից ու հորովելից, հողից ու դաշտից, հատիկից, խաչից ու աղոթքից: Հացը հայերիս համար սրբություն է, աստվածային պարգև: Մեզանից յուրաքանչյուրը դա գիտակցելով է մեծացել և այսօր մեր հերթն է՝ այն փոխանցել մեր երեխաներին: Փետրվարի 8-ին ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզի միջին խմբի երեխաների համար օրը շատ հետաքրքիր ու բովանդակալից էր: Խմբի դաստիարակ Իննա Հարությունյանի նախաձեռնությամբ միջին խմբի երեխաներն այցելեցին Ասկերանում գտնվող ջրաղացը, որտեղ նրանց սպասվում էին հաճելի անակնկալներ: Երեխաների համար շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էր ցորենը ալյուր դառնում: Զարմացած փոքրիկները լսում էին Իննա քրոջը, ով նրանց պատմում էր ալյուրի ու հացի մասին: Աննկարագրելի էր երեխաների ուրախությունը, երբ նրանք մտան պահեստը, որտեղ նրանց շատ հաճելի անակնկալ էր սպասվում <<Մելնիցա>> ՍՊԸ տնօրեն Բորիս Դադամյանի կողմից: Նրանց համար կազմակերպվել էր հյուրասիրություն: Մանկապարտեզի միջին խմբի կողմից Իննա Հարությունյանը հետաքրքիր հուշանվեր հանձնեց ջրաղացի տնօրինությանը: Մեզ՝ ծնողներիս համար անչափ հաճելի էր մեր երեխաներին երջանիկ տեսնել: Այդ օրը նրանց աչքերը փայլում էին, ասես մի նոր աշխարհ էին ընկել, որը բուրում էր մաքրությամբ, հացով: Նրանք անհոգ և կայտառ թռչկոտում էին դաստիարակի շուրջը, ով նրանց համար երկրորդ մայր է՝ հոգատար ու ջերմ: ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզի ծնողների անունից շնորհակալություն ենք հայտնում Իննա Հարությունյանին, ով նախաձեռնեց ու կազմակերպեց այս գեղեցիկ միջոցառումը: Շնորհակալություն Սավադ Գաբրիելյանին՝ տրանսպորտային հարցերը լուծելու և Ոստիկանության Ասկերանի շրջբաժնին մեզ ուղեկցելու համար: ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզի միջին խմբի ծնողների անունից՝ Ինգա Բաբայան
|