ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ
08.02.2019 23:08

Փետրվարի 8-ին կայացավ Նորագյուղի համայնքի ղեկավարի հաշվետու ժողովը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, նորագյուղցիներ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը:

Նորագյուղի համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը

հանդես եկավ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ:

Համայնքի 2018 թվականի բյուջեի սեփական եկամուտների պլանը կազմելէ 7.489.5 դրամ, կատարվել է 7.537.593 դրամով, կամ 100.6 տոկոսով: Հարկային եկամուտների պլանը` 5.744.6 դրամ, կատարվել է 6.092.249 դրամով,կամ 106.1 տոկոսով, որից հողի հարկը 1.489.1 դրամ պլանի դիմաց կատարվել է 1.406.894 դրամով, կամ 94.5 տոկոսով: Գույքահարկը 4.225.5 դրամ պլանի դիմաց կատարվել է 4.675.197 դրամով, կամ 110.6 տոկոսով : Տեղական տուրքերը պլանավորված էր 170.0 դրամ, կատարողականը` 103.000 դրամ, կամ 60.7 տոկոսով: Ոչ հարկային եկամուտների պլանը կազմել է 1.574.9 դրամ, կատարողականը` 1.342.059 դրամ, կամ կատարվել է 85.2 տոկոսով, որից հողի վարձավճարի պլանը1.384.9 դրամ, կատարողականը 1.095.059 դրամ, կամ 79.1 տոկոսով: Տեղական վճարների պլանը կազմել է160.0 դրամ, կատարվել է 247.000 դրամ, կամ 154.4 տոկոսով: Պետբյուջեից ստացվող դոտացիայի պլանը կազմել է 3.436.7դրամ, տրամադրվել է 3.156.200 դրամ, կամ 91.8 տոկոսով:

Համայնքի բյուջեի ծախսերի ճշտված պլանը կազմել է 12.626.2 դրամ, կատարողականը` 11.268.814 դրամ, կամ 89.2 տոկոսով: Տարեսկզբի ազատ մնացորդից 984.000 դրամ ծախսվել է աղբատեղի կառուցելու համար, հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվի մնացորդը կազմել է 3.170.256 դրամ:

Համայնքի ավագանին հրավիրել է 8 նիստ, այդ թվում՝ 2-ը արտահերթ, որտեղ քննարկվել են համայնքային նշանակության գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության, քաղաքաշինության և այլ բնագավառներին վերաբերող հարցեր: Անդրադարձվել են համայնքային բյուջեի կատարմանը, համայնքի բարեկարգմանը, սանիտարական մաքրմանը, բնակչության կողմից ստացված դիմումների, կառավարության որոշումների քննարկմանը:

Գյուղատնտեսության բնագավառում գրանցվել են որոշակի հաջողություններ: 2018 թվականի բերքի տակ կատարվելէ 440 հա աշնանացան: Հնձվել է 292.2ց հա ցորեն, որից ստացվել է 3860 ց հացահատիկ: 121.6 հա հնձած գարուց ստացվել է 1800ց բերք: 2018 թվականի բերքի տակ կատարվել է նաև գարնանացան` 30 հա եգիպտացորեն սիլոսի համար, 5.7 հա սոյա, 1 հա հաճար: Համայնքում 2019 թվականի բերքի տակ կատարվել է 403 հա աշնանացան` 243 հա ցորեն և 160 հա գարի:

Գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն ճյուղերից մեկն անասնապահությունն է, համայնքում հաշվառված է 85 խոշոր և 700 մանր եղջերավոր անասուն:

Հաշվետու ժամանակաշրջանում համայնքում զգալի շինարարական աշխատանքներ են կատարվել: Կառավարության կողմից երկու բազմազավակ ընտանիքների հատկացվել են բնակելի տներ, ընթացքի մեջ են մեկ զոհվածի ընտանիքի բնակելի տան շինարարական աշխատանքները: Կառավարության կողմից համայնքի երկու երիտասարդ ընտանիքներ բնակելի տների նորոգման համար անհատույց ստացել են 3 մլն դրամ: ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ասկերանի շրջվարչակազմի կողմից 18 ընտանիքներ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստացել են 6.905.825 դրամի շինանյութ: Կառավարության կողմից ասֆալտապատվել է համայնք մտնող 1 կմ երկարությամբ ճանապարհը: ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից համայնքն ստացել է 12 կմ երկարությամբ ալյումինե լար, որը նախատեսված է փողոցային լուսավորության համար:

Համայնքի համար կարևորագույն խնդիրներից մեկը` ոռոգման ջրի հարցը շարունակում է մնալ չլուծված:

Հաշվետու ժամանակաշրջանում պարբերաբար կազմակերպվել են գյուղամիջյան ճանապարհների, գյուղի հուշարձանների շրջակա տարածքների սանմաքրման աշխատանքներ:

Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 22 աշակերտ, գործում են արտադասարանական, արտադպրոցական սպորտային և մշակութային խմբակներ: Նորակառույց մանկապարտեզ է հաճախում 83 երեխա, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Համայնքի մշակութային կյանքը 2018 թվականին աշխույժ էր և հագեցած: Համայնքում գործում է նաև Ասկերանի արվեստի դպրոցի մասնաճյուղ, որտեղ հաճախում է 76 երեխա:

Համայնքային բժշկական ամբուլատորիան ունի 7 աշխատող: Բուժաշխատողները հաճախակի են այցելում դպրոց, ստուգում երեխաների սանիտարահիգիենիկ վիճակը: Նրանք ժամանակին են արձագանքում հիվանդների կանչերին և ցուցաբերում բանիմաց ու հոգատար վերաբերմունք:

Համայնքի ղեկավարն ավելացրեց, որ տարեցտարի ավելանում է բնակչության թվաքանակը, համայնքը մեծանում է և գեղեցկանում:

Ելույթով հանդես եկավ Վլադիմիր Պետրոսյանը: Նա նշեց, որ համայնքում կատարվել են որոշակի աշխատանքներ, սակայն համայնքն ունի նաև կարևոր խնդիրներ, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում: Նա կանգ առավ խմելու ջրի սակագնի փոփոխման, ոռոգման ջրի, ճանապարհների, փողոցային լուսավորության խնդիրների վրա: Հույս հայտնեց, որ կառավարության օժանդակությամբ կլուծվեն այս կարևոր խնդիրները:

Նորագյուղցիները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց ԱՀ պետնախարարն ու շրջվարչակազմի ղեկավարը տվեցին համապատասխան պարզաբանումներ:

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ շատ ողջունելի է, որ գյուղի երիտասարդությունն ակտիվ է, մասնակցում է գյուղի շենացման աշխատանքներին: Կապված ոռոգման ջրի խնդրի հետ` պետնախարարը շեշտեց, որ կառավարությունը կատարում է ուսումնասիրություններ փլուզված ջրամբարի վերակառուցման, կամ նոր ջրամբար հիմնադրելու համար: Կառավարությունն ունի նաև ծրագրեր փոխառություններ իրականացնելու համար, որից կարող են օգտվել նաև գյուղաբնակները:

Պետնախարարը հորդորեց նորագյուղցիներին հոգատար վերաբերմունք ցուցաբերել գյուղի մերձակա տարածքները մաքուր և բարեկարգ պահելու հանդեպ, իսկ համայնքի ղեկավարին՝ տանել հետևողական աշխատանքներ:

Համայնքի ղեկավարի 2018 թվականին կատարված աշխատանքը գնահատվեց բավարար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter