ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇՐՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
12.02.2019 17:48

Փետրվարի 12-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ վարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց հանդիպում շրջանի երիտասարդության հետ, որին մասնակցում էր շրջանի 40 համայնքներից ներկայացած 190 երիտասարդ:  Հանդիպմանը ներկա էին

ԱՀ ԱԺ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Գեղամ Ստեփանյանը:

Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելով մասնակիցներին՝ նշեց.

-Այս հանդիպումը նախաձեռնելով՝ցանկացել եմ մոտիկից ծանոթանալ երիտասարդությանը հուզող հարցերին, իմանալ նրանց նախասիրությունների, ցանկությունների մասին: Ակնկալում եմ, որ կկարողանանք ստեղծել անկեղծ և ազատ մթնոլորտ, կլսենք ձեր բոլոր հարցերը, որոնք կներառենք մեր հետագա աշխատանքային ծրագրերում: Տեղեկացնեմ, որ շրջվարչակազմը ֆեյսբուքյան էջ ունի, որի միջոցով կարող եք տեղեկանալ շրջվարչակազմի ծրագրերի ու  նրանց ընթացքի մասին:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումները կարևոր նշանակություն կունենան մեր երիտասարդների համար, ովքեր մեր շարժիչ ուժն են, մեր երկրի վաղվա տերերը:

Ապա հնչեցին հարցեր, որոնք վերաբերում էին բնակարանաշինությանը, աշխատատեղերի պակասին, դպրոցներին ու մանկապարտեզներին, անհրաժեշտ վարկ ստանալու համար գրավի առարկայի խնդիրներին և կենցաղային բնույթի այլ հարցեր:

Նորագյուղի համայնքի բնակիչ Արմեն Գալստյանը երիտասարդության անունից նախ ողջունեց միջոցառման կազմակերպիչներին, նշելով, որ այսօրվա երիտասարդը պետք է զգա, որ իր թիկունքում կանգնած է պետությունը, ով հարկ եղած դեպքում պատրաստ է աջակցելու, որպեսզի երիտասարդը կարողանա ոտքի կանգնել: Նա տեղեկացրեց, որ զբաղվում է խոզաբուծությամբ և այդ նպատակով իր ուժերով կառուցում է ֆերմա, սակայն այն վերջնական ավարտին հասցնելու համար ֆինանսական միջոցները չեն հերիքում, ինչի համար շինանյութ խնդրեց շրջվարչակազմից:

Ուղտասարի համայնքից Վլադիմիր Հակոբջանյանի հարցն անձնական բնույթ չէր կրում: <<Եթե Արցախում շարունակվում է վերաբնակեցման ծրագիրը, իսկ Ուղտասարը վերաբնակեցվող գյուղ է, ապա հարկ է գյուղում առնվազն 20 բնակելի տան, քանի որ երիտասարդները բնակարանային խնդիրների պատճառով չեն ամուսնանում>>,-շեշտեց Վ. Հակոբջանյանը:

Երիտասարդության համար շատ մտահոգիչ հարց էր գյուղի ճանապարհների վատթար վիճակը: Այս մասին բարձրաձայնեցին Վարդաձորի համայնքի բնակիչ Սևակ Բեգլարյանը, Սարդարաշենի  հանայնքի բնակչուհի Ալիսա Վերդյանը, Պատարայի համայնքի բնակիչ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ երիտասարդությունը պատրաստ է նաև իրենց մասնակցությունն ունենալու ճանապարհաշինության աշխատանքներում:

Խմելու և ոռոգման ջրի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում: Այդ առթիվ հարց բարձրացրեցին Ծաղկաշատի համայնքի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը, Ավետարանոցի համայնքի բնակիչ Սևակ Հայրապետյանը, Դահրավի համայնքի բնակիչ Արմեն Առուշանյանը:

Աշխատատեղերի պակաս զգացվում է ամեն տեղ, ինչի պատճառով հաճախ էլ մարդիկ ստիպված հեռանում են հարազատ գյուղերից:

Աստղաշենի համայնքի բնակիչ Զորիկ Ավագիմյանն իր խոսքում ասաց.<<Գյուղում կատարվում են մի շարք շինարարական աշխատանքներ, որոնք շատ ողջունելի են բոլորիս համար, սակայն ունենք աշխատատեղերի պակաս: Ցանկանում ենք զբաղվել գյուղատնտեսությամբ, իսկ դրա համար համապատասխան գումար չունենք, ինչը դժվարության առաջ է կանգնեցնում մեզ: Ստիպված արտահոսք է նկատվում>>:

Պատարայի համայնքի բնակչուհի, երկու երեխաների մայր Ռիմա Խաչատրյանին ևս մտահոգում է աշխատանք չունենալու փաստը: Նա անդրադարձավ նաև մանկապարտեզի բացակայությանը:

Տների վերանորոգման խնդիրը մնում է երիտասարդության ամենացավոտ հարցը: Նրանք շինարարական աշխատանքներ հնարավորություն չունեն կատարելու և ակնկալում են շրջվարչակազմի աջակցությունը:

Շրջանի երիտասարդությունը մտահոգված է նաև շրջանում մշակութային կյանքի աշխուժության խթանման հարցով:

Ինչպես նշեց Սարուշենի համայնքի բնակիչ Կարեն Գասպարյանը՝ գյուղի ակումբը ձևական բնույթ է կրում, երիտասարդությունը չունի ազատ ժամանցի պատշաճ վայր:

Սարդարաշենի համայնքի բնակչուհի Ալիսա Վերդյանը նույնպես կարևորեց երիտասարդության ազատ ժամանցի ճիշտ կազմակերպումը և խնդրեց համայնքի մշակույթի տանը տրամադրել ժամանցային պարագաներ: Նա կանգ առավ նաև ինտերնետի թույլ կապի վրա:

Հուզմունք էր զգացվում Սղնախի համայնքի բնակչուհի Նանար Հայրիյանի խոսքում, երբ նա անդրադարձավ համայնքում մշակույթի և ստեղծագործական տարբեր խմբերի բացակայությանը: Նա շեշտեց, որ գյուղի մշակույթի տունն ունի պատշաճ պայմաններ, որպեսզի երեխաները հաճախեն նման խմբակներ և առաջարկեց համայնքում բացել մասնաճյուղեր:

Հնչեցին նաև մի շարք ելույթներ, արվեցին տարբեր առաջարկություններ:

Պետք է փաստել, որ երիտասարդության հետ առաջին այս հանդիպումն անցավ ակտիվ և անկաշկանդ մթնոլորտում:

ԱՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշեց, որ երիտասարդների հետ հանդիպելը շատ հաճելի է: Հնչեցին կենցաղային բնույթի և ուրիշ հարցեր: Գիտենք, որ պետական աջակցության ծրագրերը պետք է ուղղված լինեն այն թիրախային խմբերին, որոնք առանձնացված են: Այս հանդիպումներն օգտագործենք այն ուղղությամբ, որ ստանանք որոշակի պատկեր և ներակայացնենք կառավարությանը:

Տեսնելով շրջվարչակազմի տրամադրվածությունը՝ համոզված եմ, որ այս հանդիպումները պարբերաբար են կազմակերպվելու և տալու են իրենց արդյունքը: Առաջարկում եմ հանդիպումները մի քիչ ֆորմատային դարձնել և շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին ու բարձր գնահատում միջոցառման խորհուրդը: Հավատում եմ, որ ավելի կամրապնդվի երիտասարդների հետ համագործակցությունը:

ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի համար օրվա միջոցառումն ընդօրինակման էր արժանի:

-Ուրախ եմ ձեզ համար, չէի պատկերացնում, որ այսքան երիտասարդ կտեսնեմ այստեղ՝ համախմբված, ուժեղ: Պատրաստ եմ միշտ օգնել, աջակցել ձեզ: Այսօր հնչեցին ամենաբազմազան հարցեր, որոնք մեզ շատ են մտահոգում, և դրանք մենք բարձրաձայնում ենք ԱԺ նիստերում:

Երիտասարդներին կոչ եմ անում կազմել բիզնես-ծրագրեր, մտածել ավելի լավ պայմաններ ստեղծելու և ապրելու մասին: Պետությունը չի կարող բոլորի համար տուն կառուցել: Իհարկե, կան բազմաթիվ ծրագրեր, սակայն դրանք վերաբերում են առանձին խավերի:

Հորդորում եմ զբաղվել աշխատանքով, իսկ գյուղացու աշխատանքը հողն է: Գյուղը գյուղ դարձնենք, կապվենք նրան հազար ու մի թելով:

ԱՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը ևս շեշտեց հանդիպման կարևորությունը:

-Այսօր հնչեցին հանրությանը հուզող հարցեր: Հիմնական մասը ՏԻՄ –ի լիազորությունների մեջ մտնող հարցեր են: Երիտասարդությունը պետք է համագործակցի համայնքների աշխատակազմերի, ավագանու անդամների հետ՝ նրանցից պահանջելով ակտիվ աշխատանք:

Միջոցառումն օրինակելի էր, համայնքներում ակնկալում եմ երիտասարդների աշխուժությունը և երիտասարդական խմբերի կազմավորումը:

Շրջվարչակազմի ղեկավարն իր գոհունակությունը հայտնելով երիտասարդներին ակտիվորեն մասնակցելու, հարցեր առաջակելու և հուզող խնդիրներն առաջ քաշելու համար՝ նշեց.

-Այսօրվա հանդիպումը ողջունելի է և, անշուշտ, շարունակական բնույթ է կրելու: Մեր հաջորդ հանդիպումներին մենք կներկայանանք հիմնավորված պատասխաններով: Նշեմ, որ շրջանում իրականացվող աշխատանքները, ծրագրերը համակարգելու և իրավասու բաժինների ու պատասխանատու պաշտոնյաների գործունեության թափանցիկությունն ապահովելու  նպատակով շրջվարչակազմում կազմավորվում է աշխատանքային խումբ, որը կիրականացնի անաչառ գործունեություն:

Այսօր ինձ համար բացահայտվեցին ավելի շատ խնդիրներ, ես նաև տեսա շրջանի պոտենցիալ ուժը: Դուք եք մեր երկրի ապագա տերերը, մեր վաղվա պաշտպանները: Պատրաստ եմ միշտ լսելու ձեզ, աջակցելու ամեն հարցում: Ակնկալում եմ, որ հաջորդ հանդիպումը կնախաձեռնվի ձեր կողմից:

Հակոբ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց ԱՀ ԱԺ պատգամավորներին հանդիպմանը մասնակցելու, երիտասարդության մտահոգությունները լսելու և դրանց հետագայում լուծում տալու համար:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ




 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter