ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ |
13.02.2019 15:28 |
Փետրվարի 13-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքի օրը, Շարժման նախաձեռնող խմբի անդամներն ու ակտիվիստները հավաքվել էին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Այս ձևաչափի հանդիպումը՝ խորհրդանշական օրվա կապակցությամբ, հանրապետությունում արդեն ավանդական է դարձել։ Ներկաների մեջ բավականին մեծ թիվ էին կազմում Շարժման՝ Ասկերանի շրջանի ակտիվիստները։ Նրանց մոտ դեռևս թարմ են հուշերը՝ առջևում սպասվող բոլոր տեսակի վտանգներն ու դժվարություններն անկարող էին ետ պահել, քանզի եկել էր վճռական քայլ կատարելու ժամանակը։ Հիմա էլ պատրաստ են իրենց պայքարը շարունակել՝ մինչև վերջնական նպատակի իրականացում՝ միացյալ Հայաստան ունենալու գաղափարն իրականություն դարձնելը։ Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Շարժման ակտիվիստներին։ Կարևորելով նրանց կատարած մեծ գործը՝ Բակո Սահակյանը նշել է, որ նրանց բախտ է վիճակվել հայոց համազգային զարթոնքի նախաձեռնողները դառնալ, ինչին հայ ժողովուրդը սպասել է մոտ 1000 տարի։ Տեղի ունեցած ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: Նման ձևաչափի հանդիպումներն ինքնին խոսում են այն մասին, որ շարժման նախաձեռնողների և ակտիվիստների կողմից հերոսական գործ է կատարվել, ինչը գնահատվում է երկրի իշխանությունների կողմից։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |