ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
13.02.2019 19:12

Փետրվարի 13-ին Ասկերանում նշվեց Հայ Առաքելական Եկեղեցու գեղեցիկ տոներից մեկը՝ Տյառնընդառաջը։ Ավանդական ու անշարժ տոնի կազմակերպիչն Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինն է։ Մինչ տոնի ամենասպասված մասին՝ կրակ վառելուն անցնելը, սուրբ Աստվածածին եկեղեցում Մեսրոպ քահանա Խունոյանը երեկոյան ժամերգությունից հետո կատարեց Անդաստանի

կարգ՝ աշխարհի չորս ծագերի օրհնություն։

Մեզ հետ զրույցում քահանան նշեց, որ տոնն առաջին հերթին հոգևոր խորհուրդ ունի: Տյառնընդառաջը  տիրոջ հրաշափառ ծննդյան հետ է կապված, երբ 40-օրյա մանուկին բերեցին տաճար: Ի դեպ, երբ մանուկին ներս մտցրին տաճար, տաճարի արևելյան դուռը բացվեց, և դռան ձայնից բոլորը դուրս վազեցին` տեսնելու` այդ ի՞նչ հզոր ձայն էր: Եվ քանի որ մութ էր, ուստի խավարը ցրելու նպատակով վերջիններս ճրագով դուրս եկան, ինչն էլ խորհրդանշում է տոնի խարույկը ճրագի լույսով վառելը։

Նշենք, որ այդ օրը նաև նորապսակների օրհնության կարգ է իրականացվում:  Եվ ինչպես հարսանիքում նորապսակները քավոր ունեն, այնպես էլ Տյառնդառաջի ժամանակ, ըստ ժողովրդական ավանդության, խարույկը պետք է վառեն քահանան ու քավորը։ Ասկերանի Բերդ համույթի երաժիշտների նվագի ուղեկցությամբ ժողովուրդը դիմավորեց Մեսրոպ քահանա Խունոյանին և միջոցառման քավոր Իվան Հարությունյանին։ Սուրբ կրակը վառելուց հետո քահանան միջոցառման մասնակիցներին ներկայացրեց օրվա խորհուրդը, պատգամելով հոգով ու սրտով դուրս գալ Տիրոջն ընդառաջ։ Ապա օրհնեց սեղանը՝ բարի ընթացք մաղթելով տոնի մասնակիցներին։

Ի դեպ, այս տարվա Տյառնընդառաջի տոնի հյուրասիրությունը կազմակերպել է Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու այս տարվա ջրօրհնեքի խաչեղբայր Իվան Հարությունյանը, ինչի համար ներկաների անունից միջոցառման հաղորդավար Անուշ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց նրան, մաղթելով  Աստծո օրհնությամբ կյանքի բոլոր ուղիներում լինի առողջ ու երջանիկ՝ շրջապատված ընտանեկան սիրով ու ընկերական ջերմությամբ։

Տոնական միջոցառումը շարունակվեց Ասկերանի մշակութային օջախների մասնակցությամբ՝ երգ-երաժշտությամբ, ազգային պարերով։ Տյառնընդառաջի տոնին մասնակցում էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, ուժային կառույցների, շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներասկերանիցներ, դպրոցականներ։

Տյառնընդառաջն այն տոներից է, որը ժողովուրդը խանդավառությամբ է նշում: Ըստ հավատալիքի ժողովուրդը վառված խարույկի մոխրից շաղ է տալիս տան անկյուններում,  ինչն առատություն է խորհրդանշում, ինչպես նաև չարի խափանում։

Հուսանք ու հավատանք, որ տոնը նշելով ավելի ենք մոտենում Աստծուն և արժանանում նրա հաճոյությանն ու ողորմությանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter