ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
15.02.2019 15:37 |
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Ասկերանի համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետու ժողովը, որին ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ Աժ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Արթուր Թովմասյանը, Վիլեն Սաֆարյանը, ասկերանցիներ։ Մինչ հաշվետության օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետ Սամվել Աղաջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը։ Ապա նախագահող Սևակ Հարությունյանը ներկայացրեց օրակարգը, հույս հայտնելով, որ առկա հիմնախնդիրների մասին ասկերանցիներն ակտիվ հարցադրումներով հանդես կգան, քանի որ ամենամյա հաշվետվությունները միտված են ապահովելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու սերտացնել բնակիչ - ՏԻՄ կապը։ Սամվել Աղաջանյանը ներկայացնելով 2018 թվականին համայնքում կատարված աշխատանքները, նշեց, որ համայնքային բյուջեն կատարվել է 93 տոկոսով, ինչը պայմանավորված է մի շարք կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի ժամանակից շուտ լուծարմամբ։ Նույն ժամանակահատվածում պետության կողմից տրամադրված դոտոցիան 87 տոկոս է կազմել։ Ս. Աղաջանյանը մանրամասն ներկայացրեց հարկային և ոչ հարկային եկամուտների, տուրքերի, մարզամշակութային, փողոցային լուսավորության ճյուղերով նախատեսված և ծախսված գումարները նշելով, որ հաշվարկային հաշվի տարեվերջյան մնացորդը կազմել է 4713951 դրամ։ Պետնախարարի հարցին, թե արդյոք բյուջի կատարողականը պայմանավորված է վերոնշյալ կազմակերպությունների հետ պայմանագրերի խզմամբ, և չկան արդյոք, անհատներ, քաղաքացիներ, որոնք չեն կատարել իրենց պարտավորությունները քաղաքապետարանի նկատմամբ հարցեին՝ քաղաքապետը ներկայացրեց պարտապանների ցուցակը, որոնց պարտավորությունների գումարը, ընդհանուր առմամբ, կազմում է 600 հազար դրամ։ Ըստ քաղաքապետի՝ ցուցակում, հիմնականում այն անձինք են, որոնք հաշմանդամներ են և սակավակարողներ։ Չբացառեց, որ կան նաև անպատասխանատուներ։ Գ. Մարտիրոսյանը հորդորեց հետևողական լինել հարկերի հավաքագրման հարցում, քանզի օրենքները վերաբերում են բոլորին։ ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց մարել ազատամարտի հաշմանդամի հարկային պարտավորությունը քաղաքապետարանի հանդեպ։ 2018 թվականին Ասկերան քաղաքի մուտքերում տեղադրվել են ցուցանակներ, որոնց արժեքը կազմել է 2մլն 500դրամ։ Կատարվել են բարձրահարկ շենքերի նկուղների մաքրման և լուսավորման աշխատանքներ, փողոցների մաքրում և հեռացում կոշտ թափոններից։ Արցախյան, Գագարինի, Կամո, Կնունյանց, Ն, Ստեփանյան, Շահումյան փողոցների բարեկարգում և վերանորոգում, հետիոտնային կանգառի տեղադրում, քաղաքի որոշ հատվածների կանաչապատում։ Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքում բարձրացվել է ջրամատակարարման քանակը, իսկ որոշ փողոցներում ջրամատակարարումը կատարվում է շուրջօրյա ռեժիմով։ Բնակիչներին մատակարարվող ջրի համապատասխան որակն ապահովելու համար պարբերաբար կատարվում են մաքրման և ախտահանման աշխատանքներ։ Հաշվետու ժամանակաշրջանում համայնքի մեկ բազմազավակ ընտանիքի համար կառուցվել է առանձնատուն։ Քաղաքում իրականացվող բարեկարգման, մաքրման աշխատանքներում քաղաքապետը մեծ դեր է հատկացնում ՙԽաչենշին՚ ընկերությանը, որի հետ ակնկալելով հետագա ավելի սերտ համագործակցություն՝ կշարունակեն քաղաքում աշխատանքներ իրականացնել։ Ս. Աղաջանյանը նշեց, որ համայնքային բյուջեի եկամտային մասը ձևավորվում է սեփական եկամուտների, պետական պահուստային ֆոնդից համայնքներին տրամադրվող դոտացիաների և նվիրատվությունների հաշվին: Խոսելով հաշվետու ժամանակաշրջանում քաղաքում իրականցված մարզամշակութային միջոցառումների մասին քաղաքապետը նշեց, որ դրանցում իրենց ուրույն ավանդն ու ներդրումն ունեն Ասկերանի պատվավոր քաղաքացի Կարեն Շահրամանյանն ու ասկերանցիների բարեկամ Վահե և Վարդան Գաբրիելյանները։ Նշենք նաև, որ վերջիններիս կողմից քաղաքին նվիրաբերվել է հատուկ աշտարակ - մեքենա։ Հաշվետությունը ներկայացնելուց հետո քաղաքապետը պատասխանեց ասկերանցիների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին համայնքապատկան տարածքների սանիտարական վիճակին, աղբահանությանը։ Այս ուղղությամբ պետնախարարը հանձնարարեց ուժեղացրել վերահսկողություն, ինչը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է նաև։ Իսկ քաղաքապետարանը, որպես նաև պատասխանատու, կարող է օրենքով սահմանված իր լծակներն օգտագործել։ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, ամփոփելով քաղաքապետի հաշվետվությունը, նշեց, որ համայնքային բյուջեն բավականին ավելացել է՝ շուրջ 8 միլիոնով, իսկ առաջացած բացթողումները սեփական եկամուտների ոչ ճշգրիտ պլանավորմամբ է։ Ընդհանուր առմամբ համայնքում բավականին աշխատանքներ են կատարվել համայնքի ղեկավարի և աշխատակազմի կողմից, ոչ միայն բյուջեի կատարողականի առումով, այլև քաղաքում կյանքն աշխուժացնելու, սանմաքրման, բնակիչների բարեկեցիկ կյանքն ապահովելու ուղղությամբ։ Ա. Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց սեփականաշնորհված կամ վարձակալած որոշ հողամասերի պարապուրդի մատնված լինելու հանգամանքի ուղղությամբ և առաջարկեց քաղաքապետին նման դեպքերում խզել պայմանագիրը և հողամասերը հատկացնել այն անձնաց, ովքեր պատրաստակամություն կհայտնեն զբաղվել հողագործությամբ։ Ասկերանի քաղաքապետարանի 2018 թվականին կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար։ Քանի որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններն են Ս. Հարությունյանը ներկայացրեց իր առաջարկը, որպեսզի կայանալիք ընտրություններում Ասկերանի գործող քաղաքապետն առաջադրի իր թեկնածությունը։ Պետնախարարն անդրադառնալով շրջաններում իրականցվող ծրագրերին նշեց, որ անցած տարվանից կառավարության կողմից որոշակի աշխատանքների ապակենտրոնացման ուղղությամբ շրջաններում ստեղծվել են ընկերություններ, որոնց վերապահվել են շրջանային նշանակության հարցերի լուծման աշխատանքներ։ Դրանք են միջշրջանային ճանապարհների կառուցումն ու բարեկարգումը, շրջանի բնակչությանը շինանյութերի տրամադրումը, ինչպես նաև սանմաքրման, բարեկարգման ու կանաչապման աշխատանքները, ջրային համակարգերի պահանությունն ու շահագործումը։ Գ. Մարտիրոսյանի խոսքերով այսկերպ կառավարությունը նպատակ է հետապնդել տեղական նշանակության հարցերը լուծելու հնարավորություններ ընձեռել շրջանի իշխանություններին, որպեսզի տեղում առաջացած հարցերն արագ և օպերատիվ լուծումներ ստանան։ -Կառավարության գնահատմամբ այդ ծրագիրը կարելի է հաջողած համարել, որովհետև իրականում աճել է կատարված աշխատանքների օպերատիվությունն ու արդյունավետությունը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շատ ու շատ հարցեր ավելի տեսանելի ու ավելի արագ կարող են լուծում ստանալ տեղերում։ Այս տարվանից ծրագիրն ընդլայնվել է, և, եթե անցած տարի այդ ծրագրերի իրականացման համար ամբողջ հանրապետության մասշտաբով նախատեսվել էր 2միլիարդ 200միլիոն դրամ, ապա այս տարի արդեն նախատեսված է 3 միլիարդ դրամ, իսկ կառավարության կողմից ընդունվել է կարգ այդ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ,- ասաց Գ. Մարտիրոսյանը, կարևորելով այս տարվա ամռանը չճանաչված պետությունների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեր հանրապետությունում անցկացնելու հանգամանքը, ինչը խթան կհանդիսանա զբոսաշրջանության զարգացման համար, այն նաև Արցախի Հանրապետությունը միջազգային հարթակներում ներկայացնելու հարմար առիթ է։ Բնակարանաշինությունն արցախցիներիս ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է, և Գ. Մարտիրոսյանն ի ուրախություն ասկերանցիների հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է մասնավոր ներդրումների շնորհիվ Ասկերանում կառուցել 3 հատ բազմաբնակարան շենք, որոնք կտրամադրվեն ասկերանցիներին և շրջակա բնակավայրերի բնակիչներին։ Այն կտրամադրվի ինչպես հիփոթեքային վարկավորմամբ, այնպես էլ առանձին սոցիալական կարգավիճակ ունեցող քաղաքացիներին։ Ասկերանաբնակ Եվգենյա Ստեփանյանն իր գոհունակությունը հայտնեց ինչպես քաղաքի ու շրջանի, այնպես էլ երկրի ղեկավարներին, հայտնելով իր միակ ցանկությունը՝ այն է խաղաղության պահպանություն։ Կիսելով Եվգենյա տատիկի մտահոգությունը պետնախարարը նշեց, որ սահմանների անառիկությունը գտնվում է հանրապետության պատասխանատուների ուշադրության կենտրոնում։ Ասկերանի մշակույթի տան տնօրեն Ռոմելա Գրիգորյանի մտահոգությունը ոչ թե մշակույթի տան նոր շենքի շինարարությունն է, այլև մշակութային օջախի՝ տարրական կենցաղային պայմաններից զուրկ լինելը։ Նա նաև առաջարկեց մեր շրջանից ընտրված պատգամավորներն ավելի հաճախակի հանդիպեն իրենց ընտողների հետ՝ իշխանություն-ժողովուրդ անջրպետից խուսափելու համար։ Այս ուղղությամբ Գ. Մարտիրոսյանը, նշեց, որ առկա հարցերին պետք է անդրադառնանք ըստ առաջնահերթության, և խոստացավ հարցը ներառել կառավարության ծրագրերում։ Սլավիկ Առուշանյանի առաջարկն ու խնդրանքն էր կառավարության երկարաժամկետ ծրագրերում նախատեսել գյուղատնտեսական քոլեջը Շուշիից Ասկերան տեղափոխել։ Հակառակ պարագայում ստացվում է այնպես, որ գյուղատնտեսական նշանակության ուսումնարանը, որը պետք է դաշտերից մոտ լինի տեղափոխված են լեռներ։ Այս հարցում չպետք է նաև անտեսել այն փաստը, որ Ասկերանը ռազմավարական նանակություն ունի ոչ միայն Արցախի այլև ամբողջ հայության համար։ Պետնախարարը խոստացավ համապատասխան մարմինների հետ քննարկել Ս. Առուշանյանի առաջարկը։ Ասկերանի քաղաքացի, գյուղատնտես Կարեն Աղաջանյանն իր մտահոգությունը հայտնեց գետը թափվող կեղտաջրերի մասին, ինչը հրատապ լուծում պահանջվող հարց է, և Գ. Մարտիրոսյանի հավաստմամբ, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Քաղաքապետ Ս. Աղաջանյանը պետնախարարի ուշադրությանը ներկայացրեց ասկերանցիներին մտահոգող մի շարք խնդիրներ, ինչպիսիք են Ղլիժբաղի տեղամասում կոյուղու բացակայությունը, բերդի մատույցներից մոտ գտնվող նոր բնակելի թաղամասի բնական գազի և լուսավորության բացակայությունը, որոշ տնտեսություններում ջրաչափերի բացակայության, մշակույթի տան և հիվանդանոց շենքերի շինարարությունը, բնակարանաշինության հարցում պետության կողմից տրամադրվող պետական աջակցությանը, ինչպես նաև ներկայացրեց առաջարկ Տոհմային կայանի գոմաղբի արդյունավետ օգտագործման ուղղությամբ։ Պետնախարարը նշեց, որ այդ հարցերն առաջիկայում կքննարկվեն համապատասխան իրավասու մարմինների հետ, իսկ որոշ հարցեր, օրինակ հիշյալ փողոցի լուսավորության հարցը կարող է լուծվել քաղաքապետարանի՝ տարեսկզբի մնացորդի հաշվին։ Ինչ վերաբերում է բնակարան կառուցելու համար անհատույց տրամադրվող 3 միլիոններին, Գ. Մարտիրոսյանը պարզաբանեց, որ 2019 թվականից գործելու է նոր կարգ, ըստ որի առաջնային շուկայից բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար կառավարությունը կտարամադրի 1 տոկոսանց վարկ, իսկ երկրորդնային շուկայից ձեռք բերելու պարագայում քաղաքացիները կարող են օգտվել 5 տոկոսանոց վարկավորումից։ - Թե՛ բնակարանաշինության և՛ թե բնակարանների վերանորգման աշխատանքների համար մարդկանց հերթագրման գործընթացը պետք է կատարվեն պարզ ու թափանցիկ։ Այս ուղղությամբ կձևավորվեն հանձնաժողովներ, որոնք կկարգավորեն այդ աշխատանքները,- ասաց պետնախարարը։ Քաղաքապետը, օգտվելով առիթից, ասկերանցիներին ներկայացրեց քաղաքապետարանի կողմից՝ բնակարանների վերանորոգման նպատակով հատկացվող շինանյութերի տրամադրման համար ստեղծված հանձնաժողովի կազմը։ Ամփոփելով հաշվետվության աշխատանքները, վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց պետնախարարին և պատգամավորներին հերթական անգամ շրջանի հիմնախնդիրներին մասնակից և հաղորդակից լինելու համար։ Վերջում վարչակազմի ղեկավարի և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ պետնախարարը շրջայց կատարեց Ասկերանում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|