ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ
19.02.2019 16:16

Փետրվարի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ասկերանի շրջվարչակազմ, որի կազմում էին նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը, նախարարության ստորաբաժանումների պատասխանատուներ, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, վարչակազմի

աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը, շրջանի գյուղատնտեսներ, մասնագետներ, փորձառու մենատնտեսներ:

Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ ժամանակաշրջանը գյուղատնտեսական է, ուստի բավականին անելիքներ և խնդիրներ ունենք լուծելու: Հենց այդ նպատակով է նախատեսված այս ձևաչափով հանդիպումը:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն իր խոսքում նշեց.

-Այժմ գյուղատնտեսության համար ամենակարևոր ժամանակաշրջանն է, և տեղին եմ համարում այս հանդիպումը, քանի որ համատեղ քննարկելու շատ հարցեր ունենք: Նման հանդիպումները շարունակական են լինելու, որպեսզի բարձրացնենք բնակչության իրազեկվածությունը, հողօգտագործողներին ծանոթացնենք պետության կողմից իրականացվող ծրագրերին, և ընդհանրապես, ճիշտ հողօգտագործմանը:

Խնդիրները բազմաթիվ են, որոնք վերբերում են նաև ոռոգման համակարգում: Գյուղնախարարության ֆինանսավորմամբ <<Խաչենշին>> ՓԲ ընկերության կողմից, ընդհանուր առմամբ, մաքրվել են 55.4 կմ մայր ջրանցքներ և ճյուղավորումներ: Այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ՝ ջրի կորուստները պակասեցնելու նպատակով: 2019 թվականին նախատեսվում է սկսել և ավարտին հասցնել Հիլիսի ջրամբարի վերակառուցումը, ինչը կնպաստի ոռոգման տակ գտնվող ցանքատարածությունների ավելացմանը: Այդ ծրագրի ուղղությամբ կատարում ենք վերանայումներ: Նախատեսվում է նաև Կառկառ գետի երկայնքով դրինաժների կառուցումը` գրունտային ջրերի հավաքման նպատակով: Կա նաև գյուղտեխնիկայի պահանջարկի խնդիր: Մոտ ժամանակներս կսկսվի լիզինգի ծրագիրը, գյուղբաժնի կողմից արդեն ներկայացվել են հայտերը:

Կարևոր եմ համարում, որպեսզի հայտ ներկայացնող քաղաքացին լավ իրազեկված լինի բոլոր պայմաններին՝ հետագայում խնդիրների առաջ չկանգնելու համար: Պետք է նախատեսել հստակ կարգ և հնարավորություն տալ լիզինգի ծրագրից օգտվելու վճարունակ մարդկանց: Շրջանում կա նաև հին կոմբայն, և նորերը չպետք է խնդիր առաջացնեն ընդհանուր աշխատանքների իրականացման ընթացքում,-նշեց նախարարը:

Նա անդրադարձավ նաև պետական ծրագրերով ջերմոցային գործի դրվածքին, ջերմոցային տնտեսությունների գործունեության ծավալին՝ կարևոր համարելով այդ ջերմոցների նախնական պայմանները և սիրողական մակարդակից նորմալ և արդի ժամանակներին համապատասխան մակարդակին անցնելը:

Անդրադառնալով սերմերի, պարարտանյութերի տրամադրման խնդրին՝ Ժիրայր Միրզոյանը  նշեց, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի հետ քննարկել են այս հարցը և արել հնարավորինը՝ որակյալ ապրանք ձեռք բերելու համար: Այս տարի ձեռք բերված ապրանքն էապես տարբերվում է իր նորմալ որակով: Նա շեշտեց, որ ամենակարևորը ճիշտ և գրագետ մշակությունն է, որը պետք է իրականացնեն հողօգտագործողները: Միջոցներն արդյունավետ ծախսելու դեպքում միայն կարելի է լավ ադյունք ունենալ: Իհարկե, շրջանի գյուղատնտեսները պետք է տանեն բացատրական և հետևողական աշխատանքներ:

-Կարտոֆիլի, տնկիների և մնացած սերմացուների հետ կապված դառը փորձը ցույց է տվել, որ չպետք է անհայտ տեղերից ապրանք ձեռք բերել, քանի որ որակը երևում է այն ժամանակ, երբ արդեն ուշ է լինում: Դրա համար գերադասելի է վարել դրամաշնորհային քաղաքականությու,-շեշտեց գյուղնախարարը:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը նշեց, որ հողօգտագործողներն ավելի շատ զբաղվում են հեշտ աճեցվող մշակաբույսերով: Այս տարի սոխը շատ էր, անգամ լրիվությամբ չիրացվեց, իսկ պոմիդորը շատ քիչ էր: Կարելի է տարբերակել մշակաբույսերը, հիմնավորել, ապա տրամադրել դրամաշնորհ: Նա տեղեկացրեց, որ պտղատու ծառերի պահանջարկը ևս մեծ է, լավ կլիներ, որ շրջանում կարողանային օգտվել այդ ծրագրից:

Արվիդ Ղուլյանն անդրադարձավ նաև սերմացուները և դիզվառելիքը հողօգտագործողներին հասցնելու ձևաչափին՝ նպատակահարմար գտնելով խմբերով ներկայանալ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ և ստանալ անվանական կարգով:

Փորձառու մենատնտես Յուրի Արամյանը շնորհակալություն հայտնելով այս հանդիպման համար և շատ կարևոր համարելով այն, փաստեց.

-Այսօր լուրջ թերություններ կան բույսերի մշակության և դրանց պաշտպանության ուղղությամբ: Հողօգտագործողը չգիտի, ինչպես աճեցնի բույսը և պաշտպանի այն: Այսօրվա երիտասարդն անտեղյակ է, թե ինչպես է աճում ծառը, ցանվում բանջարեղենը և ցավալին այն է, որ ցանկություն չունի գյուղատնտեսությամբ զբաղվելու: Կարևոր եմ համարում փոքր գյուղտեխնիկաների ձեռքբերումը, ինչը շատ կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները և, գուցե, այդ դեպքում երիտասարդները կկապվեն հողին:

Ինձ համար անընդունելի է հողօգտագործողների անտարբեր վերաբերմունքը ոռոգման ջրի նկատմամբ: Թե՛ շրջվարչակազմը և թե՛ «Խաչենշին» ՓԲԸ-ն կատարում են իրենց անելիքները, սակայն մեզանից յուրաքանչյուրը պետք է մաքրի իր ջրախողովակը, որպեսզի չպակասի ջրի ծավալը: Եկե՛ք արդյունավետ օգտագործենք ջուրը:

Կոչ եմ անում մեր գյուղատնտեսներին հողօգտագործողների հետ կառուցել ճիշտ հարաբերություններ և պարբերաբար իրականացնել խորհդատվություններ,-նշեց նա:

Շրջվարչակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց գյուղնախարարության պատվիրակությանը՝ նման ձևաչափով հանդիպման համար՝ նշելով, որ բարձրացված բոլոր հարցերը հանգամանալից կքննարկվեն և կներկայացվեն նախարարությանը: Նա հույս հայտնեց, որ պետության կողմից կյանքի կոչված բոլոր ծրագրերն իրականություն կդառնան և շրջանում գարնանացանը կիրականացվի պատշաճ մակարդակով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter