ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿԱՆՔ, ԱՊՐՈՒՄ ԵՆՔ… |
19.02.2019 16:36 |
Արդեն մի քանի օր է, ինչ ինձ տիրում է մի յուրօրինակ զգացողություն: Մտածում եմ լռության մասին, իսկ այն այնքա՜ն պերճախոս ու խորհրդավոր է: Երբեմն կարող է հավանություն արտահայտել, իսկ երբեմն էլ՝ դատապարտել: Կա լռություն, որն արհամարհանք է ցուցաբերում, իսկ կա նաև յուրահատուկ հարգալից մի լռություն՝ համեմված ակնածանքով, համեստությամբ, ինքնագնահատմամբ: Երանի՜ այն մարդկանց, ովքեր կարողանում են լռություն պահպանել և անընդհատ չաղաղակել արած ու չարածի մասին: Նրանք համեստորեն լռում են, ասես, ասելիք չունեն, իսկ անելիքն արդեն արել են, հավանաբար, գնահատողներ կլինեն…Այդ մարդիկ հանգիստ ապրում են իրենց համար, քայլում են բաց ճակատով՝ բարձր դասելով սեփական արժանապատվությունը… Այդպիսի մարդկանցից մեկն էլ Վանյա Հայրապետյանն է, ում շատ շատերն են ճանաչում մեր շրջանում, և ինչու չէ, շրջանի սահմաններից դուրս: Այսօր նա Ասկերանի շրջանային բուժմիավորման շտապ օգնության վարորդն է՝ անձնվեր, պատրաստակամ, նվիրված… Ծնվել է 1960 թվականի մարտի 28-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակի շարքերում, որն անց է կացրել Գերմանիայում: Զորացրվելուց հետո վերադարձել է հարազատ ծննդավայր և աշխատանքի անցել Ասկերանի կենցաղ-սպասարկման կոմբինատում: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վանյա Հայրապետյանն արդեն երկու որդիների հայր էր: Խիզախ քաջորդին արդեն ընդհատակյա խմբում էր: Հոր երկփողանի հրացանը ձեռքին նա ընկերների հետ հերթապահություն էր իրականացնում: Զենքի պակասը մտահոգում էր բոլորին, քանզի հասկացել էին, որ հարցը միայն զենքի միջոցով կարող են լուծել: Իրադարձություններն արագորեն էին զարգանում, իսկ թշնամին նկատելիորեն ակտիվանում էր: Ելնելով դեպքերի զարգացումներից՝ 1991 թվականի դեկտեմբերին Ասկերանում բացվեց շտապ օգնության կայան, որը գլխավորում էր Թաթուլ Շեկյանը: Կայանին տրամադրվել էր շտապ օգնության մեկ մեքենա, իսկ այն այնքան էլ սարքին վիճակում չէր գտնվում: Մեքենային կցվել էր հինգ վարորդ և հերթով աշխատում էին: 1992 թվականի սեպտեմբերի 1-ից Վանյան 2-րդ հրաձգային գումարտակի բուժկետի շտապ օգնության վարորդն էր: Իրավիճակը ծանր էր, ընթանում էին մարտական գործողություններ: Թշնամին իր քանակով գերազանցում էր հայերիս, սակայն նա չուներ հայի ուժն ու խելքը, կամքն ու խիզախությունը: Ծանր պաշտպանական մարտերի գծով, իսկ դրանք սկսվում էին Դահրազից և հասնում մինչև Քարագլուխ, Վանյա Հայրապետյանի մեքենան իր անձնակազմով հասնում էր ամենաթեժ կետերը և ցուցաբերում իր առաջին օգնությունը: Հրամանատարության հրահանգով բուժանձնակազմը մասնակցեց նաև Լաչինի շրջանի թշնամու կրակակետերի ոչնչացմանը: 1993 թվականի մարտին մեքենան օգնության հասավ Մարտակերտի շրջանի հեռուստաաշտարակի ուղղությամբ կրակակետերի ոչնչացմանը, ապա տեղափոխվեց <<Պուշկին յալ>> կոչվող տեղամասը: 1993 թվականին սկսվել էին Աղդամի ազատագրման նախապատրաստական աշխատանքները, Վանյայի վարած մեքենան իր բուժանձնակազմով կրկին կազմ ու պատրաստ էր: Թեժ և անհավասար մարտեր էին ընթանում: Աղդամի ազատագրման ժամանակ, հուլիսի 23-ին ականի պայթյունից վիրավորվում է Վանյա Հայրապետյանը: Դեռևս կոնտուզիայից լրիվությամբ չապաքինված՝ նա վերադառնում է մարտական ընկերների մոտ ու անցնում իր աշխատանքին: Շտապ օգնության մեքենան անդադար կատարում էր իր գործը: Հմուտ և բանիմաց բուժաշխատողները քանի՜ քանի՜ կյանքեր էին փրկում, իսկ արիասիրտ վարորդը սլանում էր՝ անտեսելով վտանգը, կրակն ու բոցերը: Տաքարյուն Վանյան իր հոգու խորքում անխոս երդվել էր մինչև հաղթանակի օրը մնալ մարտի դաշտում՝ չէ՞ որ նրա վրա մեծ պատասխանատվություն էր դրված: Արդեն 1994 թվականն էր: Մարտեր էին ընթանում Աղդամ-Աղջաբեդի ճանապարհին: Թշնամին ինտենսիվ կրակ էր բացել այդ ուղղությամբ, հրետակոծությունները չէին դադարում: Հենց այդ տարածքում ապրիլի 12-ին ծանր վիրավորվում է Վանյա Հայրապետյանը, նրան հասցնում են դաշտային հոսպիտալ: Ինչպես նշում են մարտական ընկերները, բոլորովին հույս չկար, որ Վանյան ողջ կմնար: Սակայն ճակատագիրը բարեգութ էր գտնվել անվեհեր հայորդու հանդեպ՝ խնայելով նրան իր երկու անմեղ զավակների համար: Վանյա Հայրապետյանը փրկվեց հմուտ և տաղանդավոր վիրաբույժ, երջանկահիշատակ Վալերի Մարությանի ջանքերի շնորհիվ: Նա փրկվեց, որպեսզի կարողանա ապրել իր երազած երկրում, որպեսզի կարողանա բարձր պահել զոհված իր մարտական ընկերների հիշատակը… Երկրորդ անգամ երկար ապաքինվեց Վանյան և նորից վերադարձավ ընկերների մոտ: Մինչև 1996 թվականը նա ծառայեց ԼՂՀ ՊԲ-ի շարքերում: Երիտասարդ զինվորներին սովորեցնում և փոխանցում էր վարորդի իր հմտությունները՝ առանձնապես կարևորելով շտապ օգնության վարորդի անգնահատելի դերը: Վանյա Հայրապետյանը 1996 թվականից անցնում է խաղաղ աշխատանքի և տեղափոխվում Ասկերանի շրջանային շրջբուժմիավորում, որտեղ և աշխատում է մինչև այսօր: Իմ և Վանյայի զրույցին, որը շատ անմիջական և հետաքրքիր էր, մասնակցում էր նաև Ասկերանի ՇԲՄ բուժաշխատող, Արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գասպարյանը: Նախկին ազատամարտիկներն իրար ընդհատելով՝ պատմում էին իրենց անցած մարտական ուղու մասին, չէ՞ որ միասին էին այդ ողջ տարիներին: Երբեմն ուրախ, երբեմն էլ տխուր հուշեր էին արթնանում նրանց մեջ: Պետք է նշեմ, որ բազմաթիվ անգամ պատիվ եմ ունեցել զրուցելու մեր ազատամարտիկների հետ, միշտ էլ հիացել ու հպարտացել եմ նրանցով: Այնքա՜ն ջերմ ու մտերմիկ էին զրուցում իրար հետ, այնքա՜ն անաղարտ էին նրանց կատակները: Ակնհայտ էր, որ պատերազմի տարիներին մի ընտանիք էին, մի բռունցք ու գաղափարակիրներ: <<Ազնիվ, ընկերասեր, նվիրված անձնավորություն է մեր Վանյան: Ի վերուստ խիզախ լինելով՝ ամեն պահի արիություն էր ցուցաբերում: Մարտական գործողությունների ժամանակ անկոտրում էր, անվախ: Ամենավտանգավոր պահերին անգամ չէր վախենում և վտանգելով իր կյանքը՝ մեքենան հանում էր գնդակների տարափի տակից: Հրամայում էր մեզ պառկել մեքենայի մեջ և ապավինել իր հմտությանը: Ես, որ շատ երիտասարդ էի, նկատում էի, որ խնայում էր ինձ, օգնում: Միշտ կանգնում էր կողքիս, օգնում հանել վիրավորների շորերը, վիրակապել նրանց: Վանյան բացառիկ ազնիվ մարդ է: Հիշում եմ, մի անգամ վիրավորներ էինք տեղափոխում հոսպիտալ, մեկի արյունոտ շորերը հանելիս՝ նա ատրճանակ գտավ: Ոչ մեկին ոչինչ չասաց, սպասեց, մինչև վիրավորը գիտակցության եկավ ու բացեց աչքերը՝ նրան հաձնեց զենքը: Իմ կյանքում շատ քիչ եմ այդպիսի մարդկանց հանդիպել>>,-ասում է մարտական ընկերն ու այսօրվա գործընկերը: Այսօր Վանյա Հայրապետյանն առաջնորդվում է Ֆրանկլինի հայտնի խոսքերով.<<Քաջություն պետք է ոչ միայն մարտերում, այլև հասարակ, առօրեական գործերում>>: Ինձ համար շատ հաճելի է լսել, թե բազմաթիվ ասկերանցիներ ինչպես են արձագանքում Վանյա Հայրապետյանի մասին: Ուշագրավ էր լսել ազատամարտիկ Վիգեն Գաբիրելյանին. <<Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր՝ խաղաղ պայմաններում նա նվիրված է իր երկրին, հողին ու ջրին: Մեծահոգի մարդ է, միշտ հոգատար վերաբերմունք է ցուցաբերում ժողովրդի դարդ ու ցավերի նկատմամբ: Նա ունի պարտքի և պատասխանատվության զգացում իր գործի և հասարակության հանդեպ: Միշտ պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել իր հայրենակիցներին՝ ծանոթ և անծանոթ մարդկանց>>: Ասկերանի շրջբուժմիավորման տնօրեն Գոհար Հակոբջանյանը բարձր է գնահատում Վանյա Հայրապետյանի անձնվեր գործը. <<Բարեխիղճ, ազնիվ, պատրաստակամ անձնավորություն է: Ամեն վայրկյան կարող ես նրա վրա հույս դնել, միշտ կողքիդ է՝ պատրաստ օգնելու: Կարծում եմ, նրանից պետք է օրինակ վերցնեն երիտասարդները: Համոզված եմ, որպես ավագ ընկեր միշտ ճիշտ և նպատակային խորհուրդներ կտա>>: Ասում են ՝ հրաշքներ չկան…Ինչպիսի՜միամտություն… Միթե՞ հրաշք չէ, որ մեր շրջապատում կան այդպիսի մարդիկ, միթե՞ հրաշքով չեն նրանք փրկվել բազում արհավիրքներից, միթե՞ հրաշք չէ այսօրվա կյանքը, որ կերտել են նրանք՝ մեր հերոս տղաները, որոնցից յուրաքանչյուրը քայլող մի լեգենդ է… Բարձր գնահատելով Վանյա Հայրապետյանի մարդ տեսակը՝ ես ցանկանում եմ նրան միացնել բոլոր մեր ազատամարտիկներին, արժևորել յուրաքանչյուրի ավանդը, փառք տալ նրանց ու ասել. <<Ձեր շնորհիվ մենք կանք, ապրում ենք, վայելում ենք այս հրաշք երկրի ամեն մի արշալույսն ու մայրամուտը: Փառք ու պատիվ բոլորիդ>>… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |