ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ… |
20.02.2019 18:50 |
Փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Ավանդաբար անցկացվող այդ տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և լայն արձագանք է գտել հանրության շրջանում: Նախկինում միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր, և լավ գիրքն ամենացանկալի ու սպասված նվերն էր յուրաքանչյուրի համար: Հանճարեղ լոռեցու 150-ամյակի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվում Արցախի տարբեր կրթամշակութային օջախներում: Այդ միջոցառումների շարքից անմասն չի մնացել նաև Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը: Ինչպես մեզ տեղեկացրեց տնօրեն Նունե Կարապետյանը, գրադարանն ունի հավատարիմ և գրքասեր ընթերցողներ, որոնց համար գրադարանի աշխատախումբը հետաքրքիր գրքեր էր նախապատրաստել: Նա նշեց նաև, որ մասնակցել են Գանձասարի Մատենադարանում Արցախի գրողների միության և Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին: Օրվա առթիվ գրադարանը գրքեր է նվեր ստացել այնտեղ: Գրադարանի ընթերցասրահում գրքերը հանդիսավոր շարվել ու սպասում էին իրենց տերերին: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիներն ստանում գրքերը: Նրանց հայացքներում գնահատում և գրքի հանդեպ սեր էր երևում: Գրադարանի կողմից գրքեր ստացան Ասկերանի մի շարք կրթական և մշակութային օջախներ, բոլորն ասես համակվել էին մեծագույն բանաստեղծի շնչով ու ոգով: Գրադարանի աշխատողները նվիրել էին մանկական, գեղարվեստական, փաստավավերագրական, երաժշտական գրքեր: Օրվա խորհուրդն անգնահատելի էր, բովանդակալից: Այդ օրը՝ օրվա իմաստին համահունչ, մեծ աշխուժություն էր նկատվում նաև Ասկերանի կենտրոնական փողոցում: Գրադարանի աշխատողները գրքեր էին նվիրում պատահական անցորդներին, ովքեր ուրախությամբ էին ընդունում նվերները: Ոմանք չգիտեին այդ օրվա նշանակության մասին, նրանք ուշադրությամբ լսում էին գրադարանի աշխատողներին, իրազեկվում և սիրով վերցնում գրքերը: Պետք էր տեսնել, թե ինչպես էր ոգևորվել երիտասարդ մայր Անահիտ Իսրայելյանը, ով նույնպես գիրք էր ստացել: Առանձնապես նրան դուր էր եկել մանկական հեքիաթների գիրքը՝ գրված արցախյան բարբառով, որը նա կարդալու էր իր փոքրիկի համար: Ասկերանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանն իր ապրումները կիսեց մեզ հետ. -Իրոք, շատ տպավորված ենք: Տարեցտարի գրքի նվիրատվությունն ավելի մեծ շուք է ստանում, ինչի համար մենք՝ գրադարանի աշխատողներս շատ ենք ուրախանում: Այս տարի ասկերանցիների մոտ ավելի մեծ հետքրքրություն նկատեցինք, նրացից շատերն սպասում էին այս օրվան: Իմ կարծիքով, ավելի է բարձրանում գրքի, գրադարանի դերն ու նշանակությունը: Չէ որ ոչ այնքան անցյալում գիրքն ամենացանկալի նվերներից մեկն էր համարվում: Նման միջոցառումներ կազմակերպելով՝ փորձում ենք վերականգնել վաղեմի ավանդույթներն ու երիտասարդ սերնդի մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի գիրքը: Համոզվել ենք, որ այս օրվան սպասում են շատ ու շատ ընթերցասերներ: Մեծ ուրախությամբ եմ նշում, որ հաճախ ենք գրքեր ստանում մեր բնակիչների կողմից, որոնք անտարբեր չեն գրադարանի հանդեպ և ցանկանում են համալրել գրքային ֆոնդը: Բոլորովին վերջերս գրադարանին գրքեր նվիրեց ասկերանաբնակ Միքայել Սարգսյանը, ինչի համար շնորհակալ ենք նրան: Հաշվի առնելով, որ տարին թումանյանական է, նախատեսում ենք տարվա ընթացքում հանճարեղ բանաստեղծին նվիրված միջոցառում կազմակերպել: Գրադարանի տնօրենը գիրք նվիրեց նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանին: Հիրավի, օրը հետաքրքիր և իմաստալից էր: Ակնհայտ է, որ ամեն տարի նկատելիորեն մեծանում է հետաքրքրությունը տոնի առթիվ և ավելանում են մասնակիցների թիվը: Հուսով ենք, որ շատ շուտով կվերականգնվի գքրի երբեմնի նշանակությունը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |