ՄԱՅՐԵՆԻՆ ԻՄ ՀՈԳՈՒ ԼԵԶՈՒՆ Է |
21.02.2019 16:53 |
§Մայրենին իմ հոգու լեզուն է¦ խորագրով ու վերտառությամբ այսօր Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում նշվեց Մայրենիի տոնը։ Դահլիճի պատերը զարդարում էին բազմապիսի ցուցապաստառներ, որոնք վերաբերում էին այբուբենի ստեղծմանը, այն անաղարտ պահելուն և գալիք սերունդներին փոխանցելուն։ Միջոցառմանը, որը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սյուզաննա Աղաջանյանը՝ 6-րդ դասարանցիների մասնակցությամբ, ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ։ §Հայաստան¦ երգի հնչյունների ներքո դպրոցականները վառվող մոմեր դրեցին Մեսրոպ Մաշտոցի նկարի դիմաց՝ խոնարհվելով նրա վեհության առջև։ Մայրենի լեզվի միջազգային օրը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով՝ 1999 թվականի նոյեմբերին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում և Արցախում: Այսօր աշխարհում բազմաթիվ լեզուներ կանգնած են վերանալու սպառնալիքի տակ։ Այդ իսկ պատճառով կարևոր են դպրոցներում կազմակերպվող նման միջոցառումները, որոնք ուղղված են հարազատ լեզվի պահպանությանն ու պաշտպանությանը։ Այսկերպ նաև աշակերտների մոտ արմատավորվում է այնպիսի գիտակցություն, որ նրանցից յուրաքանչյուրի ուսերին են դրված մայրենի լեզուն անաղարտ պահելու և սերունդներին փոխանցելու պարտականությունները։ Փետրվար ամսում դպրոցում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել և անցկացվել, որոնք նվիրված են եղել Մայրենի լեզվին։ Անցկացվել են շարադրությունների, չափածո ստեղծագործությունների, ասմունքի մրցույթներ, որոնց դպրոցականները մասնակցել են մեծ ակտիվությամբ։ Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը եզրափակում էր այդ միջոցառումների շարքը։ 6-րդ դասարանցիները ներկայացրեցին այն դժվարին ու քարքարոտ ճանապարհը, որի միջով անցել է մեր լեզուն ու հասել մեզ։ Նրանք երգերի ու պարերի միջոցով փառաբանեցին մայրենի լեզուն, ներկայացրեցին նշանավոր հայերի ասույթներն ու աշխարհի հայտնիների կարծիքները մեր լեզվի մասին։ Ցուցադրեցին նաև փոքրիկ բեմադրություն տառերի գյուտի մասին՝ հարգանքի տուրք մատուցելով Մեսրոպ Մաշտոցին, նրա ազգապահպան ու հերոսական գործին։ Ակնհայտ էր հայոց լեզվի ուսուցչուհի Սյուզաննա Աղաջանյանի և դասղեկ Նելլի Ասլանյանի համատեղ ու նպատակասլաց աշխատանքը, ինչի արդյունքում հանդիսականներն ականատես եղան գեղեցիկ ու բազմաբովանդակ միջոցառման։ Այս մասին բարձրաձայնեց նաև տնօրեն Մարելլա Ավանեսյանը, փաստելով, որ իրոք, գեղեցիկ ու բովանդակալից էր միջոցառումն իր ասելիքով, աշակերտներն էլ իրենց բեմական վարպետությամբ կարողացան ներկաներին հաղորդել օրվա խորհուրդը։ Նա կոչ արեց աշակերտներին անաղարտ պահել մայրենի լեզուն, քանզի այն սերնդե-սերունդ փոխանցելու վեհ առաքելությունը նաև իրենց է վերապահված։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |