ԱՍԿԵՐԱՆ. 31 ՏԱՐԻ ԱՌԱՋ
22.02.2019 11:20

1988թ. փետրվարի 22. Արցախահայության ազգային շարժումը հասել էր իր գագաթնակետին: Հարևան ազգի բազմահազարանոց ամբոխն Աղդամից շարժվում էր դեպի Ասկերան, ցանկանալով ՙբարի երթ՚ կատարել դեպի Ստեփանակերտ: Ամբոխը հասել էր քո նախադուռը Ասկերա՛ն և պետք է անցներ քո դռներով և մտներ Արցախի սիրտը՝ մայրաքաղաք Ստեփանակերտ։ Սակայն դու այն փոքրիկ քաղաքը եղար, որ  կարողացար փակել քո մեծ ու ամուր դռները թշնամու առաջ…

Ասկերա՛ն, դու փակեցիր քո երկաթե դռները, որպեսզի չապականվեր հողդ, չպղծվեն մեր նախնիների սուրբ գերեզմանները: Ասկերա՛ն, դու պինդ փակեցիր դռներդ, որպեսզի Արցախում չկատարվեր այն դժոխայինը, այն սարսափելին, այն  անմարդկայինը, ինչ-որ կատարվեց հունվարին՝ Բաքվում, փետրվարին՝ Սումգայիթում: Թշնամին չկարողացավ քեզ հետ բանակցել ՙխաղաղ ճանապարհով՚, ուստի զենքի դիմեց: Աղդամի կողմից հազարավոր արկեր էին թափվում բզկտելով հողդ, երկնքից ռումբեր էին թափվում, աստղեր էին ծլլում խումբ-խումբ, քանդվում էին շենքերդ, այրվում-մոխիր էին դառնում անտառներդ, արտերդ, հանգչում էին օջախներդ…

Սակայն կարծր էր քո հողը, պինդ էր, քարեղեն՝ դիմացավ: Ավելի պինդ՝ ապառաժից էլ կարծր եղան քո որդիները, որ ուս-ուսի տված միասնական դիմակայեցին թշնամուն և թույլ չտվեցին անցնելու նախաշեմդ: Ընկան առաջին հերոսներդ և հողդ արյունոտվեց: Արնաշաղախ հողիդ խառնվեցին որբացած մանուկների, որդեկորույս մայրերի արցունքները և բոսորագույն դարձած հողդ ավելի ուժ տվեց քո զավակներին:

Վրեժի ցասումով լցված զավակներդ անհավասար մարտեր էին մղում թշնամու դեմ և հետ շպրտելով թշնամուն քո սահմաններից, փրկեցին քեզ՝ Ասկերան, փրկեցին իրենց ծնողների  կյանքը, կանանց, քույրերի պատիվը, մանուկների ապագան, փրկեցին Արցախ Հայրենիքը.

Խոնարհվում ենք սարերի պես հպարտ ու դիմացկուն որդեկորույս մայրերի առջև, խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների շիրմաքարերի առջև, խոնարհվում ենք բոլոր նահատակների առջև, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին Ասկերանն ու Արցախը:

Այսօր խաղաղ է քո երկինքը Ասկերա՛ն, այսօր դու դարձել ես մի գեղեցիկ քաղաք, լուսավորված փողոցներով, Էդմոն Բարսեղյանի անունը կրող նորակառույց դպրոցով, գեղեցիկ ու հարմարավետ բնակելի շենքերով, քո ժողովրդի խաղաղ աշխատանքով ու վարչական շենքերի վրա փողփողացող եռագույն դրոշներով:

Ասկերա՛ն, թող քո երկաթե դռները միշտ լինեն ամուր և միշտ փակ մնան բոլոր նրանց առջև, ովքեր կփորձեն չար միտումներով անցնել քո նախադուռը: Դեպի երկինք վեր խոյացող խաչդ, որ կարծես թե խաչված  կանթեղ լինի երկնքից կախված, գիշեր ու զօր լուսավորում է քո բոլոր ճանապարհները Ասկերա՛ն, որպես ուղեցույց, և իր պայծառ աչքերով ամեն առավոտ ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ասում քո բնակիչներին: Ասկերա՛ն, այսօր հպարտ է քո ամեն մի բնակիչը, որ ապրում է մեր Հայրենիքի՝ խաղաղ, ազատ ու անկախ Արցախի հաղթական քաղաքում:

Ասկերա՛ն, այսօր քո Վերածննդի 31-րդ տարեդարձն է ուստի՝

Ծնունդդ շնորհավոր Ասկերա՛ն,

Բերդերիդ պես ամուր, անսասան,

Անհաղթ ու զորավոր Ասկերա՛ն:

Մեր Հայրենիքի՝ Արցախի համար

Անկոտրում դարպաս Ասկերան:

 

Վերա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ք. Ասկերան

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter