ՆՇՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ
22.02.2019 16:19

Ասկերանցիներիս համար 1988 թվականի փետրվարի 22-ը ճակատագրական օր էր: Այդ օրն ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ մեր դարավոր թշնամու բազմահազարանոց ավազակախմբին և ետ շպրտել Ասկերանի մատույցներից: Այդ օրն ազատատենչ արցախցու անկոտրում ոգու շնորհիվ Ասկերանը մնաց որպես անառիկ դարպաս և պատմության մեջ հետագա մեր հաղթանակների ու հաջողությունների հիմքը դարձավ: 88-ի փոթորկածին և իրադարձություններով լի օրերը ի մի բերելով՝ մեզ համար ավելի է արժևորվում Շարժման

խորհուրդն ու նշանակալից են դառնում այն մարդիկ, ովքեր կանգած են եղել այդ մեծ գործի ակունքներում և արել են հնարավոր ամեն ինչ այսօրվա ազատ ու անկախ երկիրը ստեղծելու համար:

Փետրվարի 22-ը ասկերանցիները նշում են որպես քաղաքի Վերածննդի օր: Նշում են հպարտությամբ, գնահատանքով և ապագան ավելի պայծառ տեսնելու հույսերով:

Տոնակատարությանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, Ասկերանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Սամվել Աղաջանյանի գլխավորությամբ, Արցախյան Շարժման նախաձեռնող խմբի անդամներ, ուժային կառույցների, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, ասկերանցիներ: Ներկաները ծաղիկներ դրեցին Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:

Ապա տոնական միջոցառումը շարունակվեց Ասկերանի քաղաքային պուրակում:

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպորցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանը ողջունելով և շնորհավորելով միջոցառման մասնակիցներին Ասկերան քաղաքի Վերածննդի օրվա առթիվ՝ շեշտեց.

-Այսօր մենք անդրադառնում ենք ասկերանցիներիս համար յուրահատուկ նշանակություն ունեցող իրադարձության՝ Ասկերան քաղաքի օրվան: 31 տարի առաջ՝ փետրվարյան ցրտաշունչ օրերին, հայկական պատմական Արցախում սկիզբ առավ մեր նորանկախ պատմության ամենակարևոր և բախտորոշ շարժումներից մեկը, որը պետք է հիմք դներ Արցախի Հանրապետության ձևավորմանը:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը.

-Հիրավի, այսօր պատմական օր է բոլորիս համար, քանզի մենք կարողացանք արժանի հակահարված տալ թշնամու խաժամուժին, որը և դարձավ մեր առաջին հակահարվածն ու հաղթանակը: Մենք չենք մոռանում, որ 31 տարի առաջ այս օրը թշնամու խառնամբոխի կողմից տուժել են մեր հայրենակիցներ Սամվել Մելքումյանը, Սերգեյ Գաբրիելյանը և Գեորգի Ապրեսյանը: Ցավոք, նրանցից այսօր մեզ հետ է միայն Գեորգի Ապրեսյանը:

Մեր ժողովուրդն անկախություն կերտեց գիտակցաբար մաքառելով՝ համատեղելով մտքի ու բազկի ուժը: Այդ ճանապարհը հեշտ չէր, մենք հաղթահարեցինք բազում փորձություններ, ունեցանք տուժածներ և անդառնալի կորուստներ: Բոլորիս պարտքն է բարձր պահել նրանց հիշատակը: Փետրվարի 22-ին մենք կրկին համոզվեցինք, որ հաղթանակն այնտեղ է, որտեղ կա միասնական ուժ և համախմբվածություն:

Քաղաքապետը հուշանվեր հանձնեց 31 տարի առաջ, փետրվարի 22-ին տուժած Գեորգի Ապրեսյանին:

Ասկերանի պատմական դերն ու նշանակությունն այդ դժվար օրերին ներկայացրեց Արցախյան Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը:

-Փետրվարի 22-ը աննախադեպ էր մեր ժողովրդի համար: Ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչներն արտաքին սպառնալիքի տակ հավաքվեցին հակահարված տալու թշնամուն և քաղբյուրոյի որոշմանը: Պատմության մեջ առաջին անգամ մեր ժողովուրդը  չենթարկվեց քաղբյուրոյի որոշմանը, քանի որ այդ որոշումը տանում էր մեզ դեպի կործանում: Այդ օրն Ասկերանում կանխվեց ցեղասպանությունը, և սկիզբ դրվեց մեր ինքնապաշտպանությանն ու անկախ պետականությանը: 1988-ը մեր կյանքում շատ բան փոխեց: Արցախցին այլևս չէր կարող հանդուրժել անարդարությունը, օտարը:

Անհերքելի է, որ ասկերանցիները Ղարաբաղյան Շարժմանը և ազգային-ազատագրական պայքարին անմնացորդ են նվիրվել: Երբեք չպետք է մոռանանք, որ 88-ի ամենակարևոր խորհուրդը մեր միասնականության մեջ էր: Ժողովուրդը մի բռունցք դարձած դուրս եկավ՝ իր արդար պահանջը ներկայացնելու և ոչ ոք ի զորու չէր դիմակայելու նրան:

Այս հիշարժան տոնի առթիվ բոլորիս մաղթում եմ միասնական ուժ, ամուր կամք ու եռանդ,-ասաց Սլավիկ Առուշանյանը:

Ասկերանցիներին շնորհավորանքի խոսք հղեց նաև ԱՀ ԱԺ պատգամավոր, Շարժման առաջամարտիկ Ալյոշա Գաբրիելյանը.

-Այսօր տոնական օր է բոլորիս համար, ցնծում է յուրաքանչյուրիս հոգին: Մենք ունենք այսպիսի հրաշալի, գեղեցիկ քաղաք և այս քաղաքի համար ճակատագրական էր 1988 թվականի փետրվարի 22-ը: Միշտ էլ տարբեր ազգեր ցանկացել են տիրանալ այս հողին: Պատահական չէ, որ թուրքը ցանկանում էր գրավել հենց Ասկերանը, որպեսզի տիրապետեր Հայոց բերդաքաղաք Շուշիին: Անցած դարի սկզբներին ձեռնարկածը ցանկանում էին կրկնել 1988-ին:  Սակայն նրանք երևի լավ չէին իմանում հայի ոգու տոկունության, քաջության և համերաշխության մասին:

Մենք առաջին հակահարվածը տվեցինք այդ օրը, և, կարծում եմ, հենց այդ օրը որոշվեց Արցախի ճակատագիրը:

Այդ պատմական իրադարձություններից տարիներ են անցել և մեր միասնական ոգին մեզ հասցրել է այսօրվան: Մենք ունենք հրաշալի սերունդ, ով ունի ընդգծված հայրենասիրություն, անվախ կեցվածք ու ողջամտություն: Համոզված եմ, մեր ապագան լինելու է ավելի լուսավոր և մենք պատվով ենք անցնելու բոլոր մեզ սպասվող փորձությունները…

Հիրավի, Ասկերանը ցանկանում են գեղեցիկ և ժամանակակից տեսնել բոլոր ասկերանցիները, հատկապես՝ նոր սերունդը: Այսուհետ Ասկերանի պուրակը կունենա իր խորհրդանիշը՝ լոգոն, իսկ դրա մտահղացումը պատկանում է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին:

12-րդ դասարանի աշակերտուհի Իլոնա Բաղդասարյանը և 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Շահրամանյանը պատմեցին ներկաներին, թե ինչպես է իրականություն դարձել մտահղացումը: Գաղափարը ծնվել էր <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ նրանք <<Գրաֆիկ Դիզայն>> դասընթացի ժամանակ հանձնարարություն էին ստացել լոգո ստեղծելու: Աշակերտները որոշեցին, որ իրենց հարազատ քաղաքի պուրակը պետք է ունենա ժամանակի պահանջներն համաշունչ իր լոգոն: Ձևավորման պատասխանատուն Իլոնան էր, իսկ մնացած տեխնիկական և ծրագրային հարցերինը՝ Ալեքսանդրը: Սակայն առանց միջնորդության և հովանավորության այն չէր կարող իրականություն դառնալ: Իսկ բոլորովին վերջերս դպրոցի բարձր դասարանցիները հաճելի ու հետաքրքիր հանդիպում ունեցան Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի հետ, որին ներկա էր նաև Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը: Ի ուրախություն դպրոցականների, նրանց նախագիծը հավանության արժանացավ շրջվարչակազմի ղեկավարի և քաղաքապետի կողմից և <<Ազատ Հայրենիք>> կուսակցության և Ասկերանի պատվավոր քաղաքացի Կարեն Շահրամանյանի հովանավորությամբ այն իրականություն դարձավ:

Խանդավառված աշակերտները շնորհակալություն հայտնեցին ղեկավարությանը և հովանավորներին՝  իրենց առաջին փորձությունը պատվով կատարելու և հետագա ծրագրերից չխուսափելու համար:

Ոգևորված աշակերտները տոնական այդ օրը խոստացան նորանոր գաղափարներով պիտանի լինել մեր պետությանն ու քաղաքին:

Հիրավի, օրը լի էր հետաքրքրությամբ և բարձր տրամադրությամբ: Թեև փետրվար էր, իսկ այն միշտ ցրտաշունչ է ու խոժոռ, արեգակը մի յուրահատուկ քնքշությամբ էր պարուրել ներկաներին՝ ասես ցանկանում էր մոռացնել տալ այն դաժան և մռայլ օրերը, որ տեսել է արցախցին…Ասկերանցիները ջերմորեն զրուցում էին իրար հետ, կիսվում հիշողություններով, մտորում անցածի մասին և լցվում՝ ապագան միայն լուսավոր տեսնելու հույսով: Յուրաքանչյուրի դեմքը ողողված էր բարյացակամությամբ, մեծահոգի ժպիտով. ահա մենք, մեր միասնականությունը, որը օգնեց մեզ պայքարել թշնամու դեմ ու ապրել այս հաղթական հողի վրա: Մենք կշարունակենք կերտել ու արարել…

Հպարտությամբ էր լցված Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի խոսքը.

-Թող ծլի, ծաղկի ու շենանա Ասկերանը՝ Արցախ աշխարհի այս հպարտ ու անառիկ քաղաքը: Փառք ու պատիվ Ասկերանի քաղաքացիներին, երիցս փառք նրանց ցայտուն հայրենասիրությանը:

Միջոցառմանը մեծ շուք հաղորդեց Ասկերանի <<Բերդ>> համույթն իր հրաշալի կատարումներով, իսկ <<Ասկերան>> երգը լավագույն հիշողություններ արթնացրեց մեր մեջ: Ասկերանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանին հիշեց մեզանից յուրաքանչյուրը:

Սյուզաննա Մելքումյանի հայրենասիրությամբ առլեցուն ասմունքը նոր սերնդի գալիքն էր ազդարարում՝ եռապատկված պապերի ու հայրերի ոգով ու քաջությամբ:

Արդարև, պետք է ուրախությամբ նշել, որ տոնական միջոցառումը կազմակերպվել էր պատշաճ մակարդակով: Վառ տպավորությամբ լցված ասկերանցիները գոհունակությամբ էին լցվել այս պատմական օրը նշելու և երիտասարդ սերնդին հայրենասիրության յուրահատուկ դասեր տալու համար: Կարծում եմ՝ մեր ժողովրդի 88-ի ընդգծված համախմբվածությունն ու ողջախոհությունը, որ փոխանցվել է սերնդեսերունդ, ավելի կամրապնդվի ու կտանի մեզ դեպի նորանոր հաղթանակներ՝ ի շահ մեր երկրի հզորացման ու բարգավաճման:

Փառք ու պատիվ Շարժման առաջամարտիկներին, փառք ու պատիվ այս հրաշալի երկիրը խիզախորեն կերտողներին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter