ՀԱՄԵՍՏ ՈՒ ԻՆՔՆԱՄՈՌԱՑ ԿՅԱՆՔ՝ ՆՎԻՐԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
26.02.2019 10:21

Աշխատասիրությունը մարդու կարևորագույն արժանիքներից է, որի առկայության պարագայում նա կարողանում է հասնել իր նպատակներին։ Միաժամանակ՝ աշխատասիրությունը միջոց է անհատի ինքնադրսևորման, հայրենանպաստ մտածելակերպի զարգացման, այդպիսով նաև հայրենաշինությանը, Հայրենիքի զարգացմանը նպաստելուն։

Այսօրվա մեր շեն գյուղերից շատերի կանգուն մնալու ու նրանց անկասելի առաջընթացի ապահովման հիմքերը դրվել են դեռևս խորհրդային տարիներին։ Օրինակները շատ են, ու դրանց մեջ իր ուրույն ու արժանի տեղն ունի Ակնաղբյուր գյուղը։

Ակնաղբյուրի §Կամոյի¦ անվան կոլտնտեսության երկարամյա նախագահ Հենրիխ Խաչատրյանը երանությամբ է հիշում գյուղում տիրող եռ ու զեռի ժամանակաշրջանը, որը խաթարվեց մեզ

պարտադրված պատերազմով։ Գյուղի շրջակայքում պարապուրդի մատնված հողահանդակներ չկային, գյուղում պարապ մարդ չկար։ Հիմա սեփականաշնորհված հողերի զգալի մասը չի մշակվում, գյուղացին հետզհետե հեռանում է հողի մշակությունից ու գյուղատնտեսությունից։

Ծնվել է 1933 թվականի մարտի 3-ին՝ Ղարաբուլաղում (այժմ՝ Ակնաղբյուր)։ Ավարտել է տեղի յոթնամյակը, որից հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում։ 1953 թվականին ավարտելով այն, վերադարձել է գյուղ և աշխատանքի անցել կոլտնտեսությունում, որպես գլխավոր անասնաբույծ։ 1954-ին զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը։ Ծառայությունն անցկացրել է Երևանում՝ 89-րդ Թամանյան լեգենդար դիվիզիայում։ 1956-ին զորացրվել և վերադարձել է հայրենի գյուղ և շարունակել իր հմտություններն ի սպաս դնել հարազատ կոլտնտեսությունում։  1958 թվականին ամուսնացել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Ռոզա Հակոբյանի հետ։

Հենրիխ Խաչատրյանը մեծ խանդաղատանքով է հիշում կոլտնտեսությունում աշխատելու տարիները, երբ կոլվարչության նախագահ Բաղդասար Ղարամյանի հետ ուս-ուսի տված մեծ աշխատանքներ էին իրականացնում գյուղում։

-Չնայած դժվարություններին՝ օրեցօր մեր կոլտնեսությունն առաջընթաց էր ապրում և այդ ամենի մեջ իր լավագույն ցուցանիշներն էր ապահովում անասնաբուծությունը, ինչի համար 1961 և 1963 թվականներին մասնակցել եմ ժողովրդական տնտեսության նվաճումների համամիութենական ցուցահանդեսին։ Այն ավելի էր պարտավորեցնում՝  մասնագիտական կարողություններս ամբողջությամբ ներդնելու համար։ Իսկ 1970 թվականին, որը կուսակցական կազմակերպության կողմից ընդունված էր որպես բեկման տարի, այսինքն պահանջ էր դրված կատարել և գերակատարել բոլոր տեսակի պլանները, և կոլտնտեսության պատասխանատուների համակարգված աշխատանքի արդյունքում մեզ հաջողել է բավականին բարձր ցուցանիշներ ապահովել,- հեռավոր, բայց ոչ մոռացված հուշերով մեզ հետ կիսվում է ընկեր Խաչատրյանը, սակայն համեստաբար լռում այդ աշխատանքների կատարման արդյունքում §Պատվո նշան¦ շքանշանով պարգևատրվելու մասին։

1974 թվականին, կարելի է ասել, հարկադրաբար նշանակվում է Կարմիր գյուղի կոլտնտեսության նախագահ՝ վեց ամիս ժամկետով, սակայն նախագահում է երեք տարի, ինչի արդյունքում կոլտնտեսությունը բավականին առաջընթաց է վերապրում՝ դասվելով միջին կոլտնտեսություններին շարքին։

-Այստեղ էլ իմ բախտը բերեց, քանի որ շրջապատված էի համակիրներով և համախոհներով, արդյունքում 1975 տնտեսական տարին եզրափակեցինք գերազանց և ես արժանացա §Աշխատանքային արիություն¦  մեդալի,- ասում է Հ. Խաչատրյանը։

1978 թվականին Հ. Խաչատրյանը վերադառնում է հայրենի գյուղ և նշանակվում կոլտնտեսության նախագահ։ Այն իր համար իսկական փորձություն էր, որը փառքով պսակվեց։ Նրա նախագահության 10 տարիները դարձան կոլտնտեսությունում աննախադեպ վերելքի տարիներ՝ բարձրացան հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների, խաղողի, կաթի, մսի արտադրությունները։

-Չնայած ստացած կուսակցական տույժի, բայց վերադարձի ադրբեջանցիների կողմից տնօրինվող կոլտնտեսության համար քիչ եկամտաբեր ոչխարաբուծական ֆերման,- հիշում է Հ. Խաչատրյանը։-Իսկ գյուղմթերքների արտադրությունից և վաճառքից ստացված միջոցները կուտակելով կարողացանք գյուղում բավականին շինարարական աշխատանքներ իրականացնել, ինչպիսիք են կոլտնտեսության վարչական շենքի, կուլտուրայի պալատի շինարարությունը։ Նախկին դպրոցական շենքը հարմարեցրեցինք մանկապարտեզի համար և պետության հաշվին կառուցեցինք միջնակարգ դպրոց՝ բոլոր հարմարություններով։ Գյուղում նաև կենցաղսպասարկման տուն, գյուղխորհրդի գործկոմի և ենթաշրջանային կապի բաժանմունքի շենք կառուցվեց։ Միջոցներ ենք ձեռնարկել Ակն աղբյուրի ջուրը գյուղի երևի մասը բարձրացնելու համար և գյուղն ապահովել ջրով։ Գրեթե ամբողջությամբ վերանորոգվել են միջգյուղային ճանապարհներն ու կամուրջները, վերակառուցվել գյուղի և Ամարասի հովտի նախկին շինությունները, կառուցվել է տիպային կովանոց, խոզանոց։ Մի խոսքով ստեղծվել են այնպիսի պայմաններ, որպեսզի գյուղացու գործը թեթևանալու հետ մեկտեղ բարձրանա դրա արդյունավետությունը,- մտաբերում է բազմափորձ գյուղատնտեսը։

-Հիմա հասարակարգը փոխվել է և ժամանակն է, որպեսզի յուրաքանչյուր մարդ ինքն իրեն վերակառուցի։ Այսինքն գյուղացին հող ունի, հողի հետ վարվելու գիտելիքներ, ստեղծված են հնարավորություններ ուղեղով աշխատելու և հաջողությունների հասնելու բոլոր պայմանները։ Ուղղակի պետք է տքնաջան աշխատել։ Աշխատասիրություն, սա է հաջողության հասնելու միակ ճիշտ ուղին։ Մի ժամանակ կար, որ կարծես թե գյուղացին հողից էր երես թեքել, հողը՝ գյուղացուց։ Հիմա, փառք Աստծո, գյուղատնտեսությամբ զբաղվողներ շատ կան և մեր Հայրենիքի ապագան նաև նրանցով է պայմանավորված,- հավելում է զրուցակիցս։

Արցախյան Շարժումն արդեն ոտքի էր հանել արցախահայությանը, երբ Հենրիխ Խաչատրյանը նշանակվեց Խաչմաչի կոլտնտեսության նախագահ։ Դա 1988 թվականին էր։

-Տեղափոխվելով Խաչմաչ, այս անգամ արդեն ընտանիքով, լծվեցի կոլտնտեսային արտադրության կազմակերպման կարևոր և մեր ազատագրական պայքարի իմ բաժին գործերին։ Խաչմաչում, ուր ևս շրջապատված էի բանիմաց մասնագետներով, հաջողվեց կարճ ժամանակամիջոցում բարձրացնել կոլտնտեսության արտադրության ծավալները՝ կոլտնտեսությունը դասելով առաջավորների շարքերում։ Սկիզբ առած Շարժումը կարևորագույն խնդիր էր արցախահայության լինելիության համար։ Ու այս ամենը քաջ գիտակցելով  Շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերող երիտասարդների ընտանիքներին սկսեցինք օգնել հնարավոր ամեն ինչով, որպեսզի հերթապահություն իրականացնող տղաները հանգիստ լինեն,- ի մի բերելով հուշերը նշում է Հ. Խաչատրյանը։

Հպարտությամբ է նշում, որ շուրջ 40 տարվա ամուսնական կյանքի ընթացքում կարողացել են 5 զավակներին արժանի դաստիարակություն տալ, սակայն խոր ու անամոք ցավ է ապրում, որ այդ քաղցր պտուղներն այսօր մենակ է վայելում։ Հենրիխ Խաչատրյանը շրջապատված է զավակների, թոռների ջերմությամբ ու հոգատարությամբ, իսկ ծոռների քաղցրությունը մի այլ բան է, խոստովանում է զրուցակիցս։ 11 թոռ և 8 ծոռ ունի վաստակաշատ պապիկը, և ամեն քայլափոխի հորդորում է թոռներին, որ հայկական ընտանիքն առնվազն 3 երեխա պիտի ունենա։ Դրանով է պայմանավորված մեր ազգի հարատևությունը։

Անկասկած, հաջողության հասած յուրաքանչյուր տղամարդու մեջքին շրջահայաց կին է կանգնած։

-Արդեն քսան տարի է, ինչ տիկինս մեզ հետ չէ, սակայն ես երբեք չեմ դրժել երդումս ու մինչ մահ հավատարիմ կմնամ։ Ռոզան մի անկրկնելի, առաքինի, խոնարհ անձնավորություն էր, ով ասես դրախտից իջած լիներ։ Նա լինելով քաղաքում ծնված և մեծացած աղջիկ, մեծ պատվախնդրությամբ ու գերազանցապես հաղթահարեց գյուղական կյանքի դժվարությունները,  հոգսերն ու պարտականությունները։ Ընտանիքի հոգսերը, երեխաների խնամքը, դաստիարակույթունը նրա ուսերին էին։ Միաժամանակ, Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցում պատմություն էր դասավանդում։ Ու նա երբեք չի տրտնջացել, չի դժգոհել, այլև կոլտնտեսության համար դժվարին պահերին իմ թիկունքին էր, ինձ հետ կիսելով իմ դժվարութունները։ Նա իմ կյանքի անփոխարինելի ընկերն էր թե՛ լավ, թե՛ վատ օրերի։

Մոր մասին մի առանձնակի գորովանքով ու սիրով է խոսում նրանց 5 զավակներից կրտսերը՝ Քաջիկը, ումից նա ժառանգել է մեծ սիրտ ու անսահման հոգատարություն՝ իրեն շրջապատողների ու Արցախ աշխարհի նկատմամբ։

Արցախյան ազատամարտի տարիներին Խաչատրյանների տունը փախստականների ճամբար էր հիշեցնում ու այս ամենի մեջ մեծ էր տան տիկնոջ դերն ու առաքելությունը։ Քաջիկի անթաքույց հիշողությունները տիկին Ռոզայի մասին ամենաջերմ զգացմունքներն էին արթնացնում մեր մեջ և հաստատում խոսքերիս իսկությունը՝ մորս սրտի հետ աշխարհն եմ չափել…

Հենրիխ Խաչատրյանն ամբողջ գիտակցական կյանքն ապրել է հարազատ գյուղի հոգսերով, այժմ էլ չի կարողանում անտարբեր մնալ գյուղի խնդիրների հանդեպ։ Այս ամենը քաջ գիտակցելով նրա զավակներն ու թոռներն ամեն կերպ սատարում են իրենց հարազատին՝ գիտակցումով, որ յուրաքանչյուր հայ պարտավորություն ունի իրեն ծնած, սնած բնակավայրի հանդեպ։ Այդ է, թերևս, պատճառը, որ վերջերս Քաջիկ Խաչատրյանն ընկերների հետ որոշել են գյուղում կարատեի խմբակ բացել, որտեղ երեխաները կկարողանան անվճար մարզական հմտություններ ձեռքբերել։ Նա ցավով է նշում, որ գյուղերում այնքան հրաշալի, տաղանդավոր երեխաներ կան, որոնք զրկված են տարբեր խմբակներ այցելելու, իրենց հմտությունները զարգացնելու հնարավորությունից։

Հետադարձ հայացք ձգելով կյանքի անցած ուղուն, Հենրիխ Խաչատրյանն անկեղծ խոստովանում է, որ որտեղ էլ որ աշխատել, ինչ պաշտոն էլ զբաղեցրել է, գնահատել և արժևորել է իր նախորդների կատարածն ու կուտակած աշխատանքային փորձը։ Ինչն էլ եղել է նրա և ընդհանուրի հաջողության գրավականը։ Ուրեմն, մենք էլ՝ քանի դեռ ունենք այս մեծ հնարավորությունը, պետք է արժանվույնս գնահատենք նման անհատների կատարած ազգանվեր գործը՝ նրանց բազմամյա փորձն ու գիտելիքներն ի սպաս դնելով Հայրենիքի շենացմանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter