ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԷՐ |
26.02.2019 17:31 |
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին վարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԱՀ կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանի հանդիպումը շրջանի հանրակրթական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների հետ։ Ողջունելով ներկաներին վարչակազմի ղեկավարը նշեց, որ նման ձևաչափով հանդիպման նպատակը շրջանի հանրակրթական դպրոցներում առկա հիմնախնդիրներն ու թերությունները վեր հանելն ու դրանց լուծման համար համատեղ ուղիներ փնտրելն է։ Խոսելով տնտեսական, ռազմավարական, զարգացած պետության տեսլականից Հ. Ղահրամանյանը կարևորեց այս գործում հանրակրթական դպրոցների դերն ու նշանակությունը. -Գաղտնիք չէ, որ զարգացած երկիր կառուցելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ գիտելիքահենք տնտեսություն, ինչը հնարավոր կլինի միայն առաջադեմ գիտելիքային դպրոցի առկայության պարագայում։ Պետության տնտեսական շարժիչ ներուժը լինելուց բացի դպրոցը նաև մատաղ սերնդի դաստիարակության հիմքն է և կարևոր նշանակություն ունի բոլորիս համար։ Ուստի այստեղ քննարկվող խնդիրները խնդրում եմ դիտարկել յուրաքանչյուրդ ձեր տեսանկյունից, քանի որ դրանց լուծումները ձեզ համար ավելի տեսանելի են, ինչը հնարավորություն կտա կարճ ժամկետներում դրանք լուծելու համար ուղիներ փնտրել,- ասաց Հակոբ Ղահրամանյանը, փաստելով, որ պետությունը բավականին միջոցներ է հատկացնում ուսուցչիների դերի, առաքելության և մասնագիտական կարողությունների բարձրացման ոնպատակով, կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, ու թե ինչքանով են դրանք ծառայում իրենց նպատկին՝ ցույց կտա ժամանակը։ Ինչպես նշեց վարչակազմի ղեկավարը շրջանի հանրակրթական համակարգում ունենք հաջողության հասած դպրոցներ, որոնց փորձը կարող է օրինակ հանդիսանալ մյուսների համար։ Վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը ներկայացրեց շրջանի հանրակրթական դպրոցների մասին ամփոփ տեղեկություններ, համեմատականներ անցկացրեց նախորդ և ընթացիկ տարվա առարկայական օլիմպիադաների միջև, կարևորելով այն հանգամանքը, որ այս տարի բավականին մեծացել են բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրասիրությունները։ -Մեր հիմնական գործունեությունը եղել և մնում է ոչ միայն աշակերտին գիտելիքներով զինելը, այլև նրան կյանքին նախապատրաստելը։ Եվ անկախ նրանից, թե ինչ առարկա է ուսուցանում ուսուցիչը յուրաքանչյուր դաս պետք է օգտագործվի որպես դաստիարակության միջոց։ Իսկ արդյունավետ է այն աշխատանքը, որտեղ առկա է սերտ՝ ուսուցիչ-աշակերտ-ծնող եռակողմ կապը,- ասաց Կ. Մայլիյանը՝ նշելով, որ հանրակրթական հաստատությունների հետ սերտ համագործակցությունն առկա է, ինչի արդյունքում բավականին հարցեր տեղերում լուծում են ստանում և այսուհետ ևս այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ կտարվեն։ ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն հայտնեց վարչակազմի ղեկավարին՝ կազմակերպված հանդիպման համար, միաժամանակ շնորհավորելով նրան այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Անդրադառնալով կրթական համակարգին, Ն. Աղաբալյանը նշեց պետության կայացման գործում կրթության դերի մասին, ուստի պետք է ներդրվեն բոլոր ջանքերն ու համագործակցության արդյունքում հասնել ցանկալիին։ Ներկայացնելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի ուղղությամբ տարվող ռազմավարությունը՝ ներկայացրեց սպասվելիք միջոցառումները՝ ակնկալելով դպրոցների ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին։ Ինչպես նշեց նախարարը մարտ ամսում նախատեսվում է անցկացնել արցախյան կրթական 1-ին ֆորումը, որին կհրավիրվեն ինչպես ուսուցիչներ, այնպես էլ կրթության փորձագետներ և ոլորտում մեծ հաջողությունների հասած մասնագետներ, որպեսզի համատեղ քննարկումների արդյունքում ներկայացվեն նորարություններ, կրթական ծրագրերի նոր մեթոդներ։ -Իրականում, դպրոցական բարեփոխումների առանցքում դպրոցների համապատասխանեցումն է նոր սերնդի կրթությանը։ Նոր սերնդի կրթության չափանշները նոր սերնդի ուսուցիչներն են։ Պետք է ապահովել լավագույն մասնագետների մուտքը դպրոց, ինչն իրականություն դարձնելու համար նախարարությունում մի շարք միջոցառումներ ենք նախատեսում իրականացնել,- ասաց Ն. Աղաբալյանը, հորդորելով դպրոցներում դասաբաշխումները կատարելու ժամանակ նկատի ունենալ որակյալ ուսումը այլ ոչ թե ուսուցչի ծանրաբեռնվածությունը։ Նարինե Աղաբալյանը խոսելով գյուղական բնակավայրերում առկա արտահոսքի մասին, նշեց, որ խնդիրը բավականին լուրջ մոտեցում է պահանջում, ինչը մեծապես կախված է դպրոցներում տարվող աշխատանքներից։ Այս հարցում կարևոր է դպրոց-համայնք փոխհամագործակցությունը։ -Ըստ իս, երեխայի համար որևէ բանաձև իմանալուց պակաս կարևոր չէ շրջակա միջավայրի մասին հստակ տեղեկություններ իմանալը։ Պետք է սովորեցնել երեխաներին մեծ նպատակներ դնել և երազել,- նշեց նախարարը, հայտնելով, որ առաջիկայում նախարարությունը ձեռնարկել է միջոցառում՝ Աշխարհի ամենալավ անկյունը անվանմամբ, որին կմասնակցեն բոլոր հանրակրթական դպրոցները՝ ներկայացնելով տեսաֆիլմ, որտեղ նկարագրված կլինի տվյալ բնակավայրի գրավչությունը։ Ն. Աղաբալյանը դպրոցներում առաջընթաց ապահովելու գործում կարևոր հանգամանք է համարում նաև դպրոցների միջև փոխհամագործացկությունը, Արցախում, Հայաստանում, Սփյուռքում քույր դպրոցներ ունենալու անհրաժշտությունը։ -Փորձը ցույց է տվել, որ դա ոչ միայն նպաստում, այլև բավականին խոշոր նշանակության խնդիր է լուծում։ Օրինակ՝ Ստեփանակերտի 7-րդ դպրոցի և Ամերիկյան մի դպրոցի փոխհամագործակցության շնորհիվ 7-րդ դպրոցն հաստոցներ է ձեռք բերել, ինչը մեծ արդյունավետություն է հաղորդում տեխնոլոգիա առարկայի դասավանդման ժամանակ։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Արմաթ ինժեներարական լաբորատորիաների մասին, բնագիտական առարկաների ժամաքանակի, մասնագետների, մասնավորապես ֆիզիկայի ուսուցչի բացակայության, աշխարհագրություն, պատմություն առարկաներում Արցախի մասին տեղեկություններ ավելացնելուն։ Ն. Աղաբալյանը նշեց, որ տարեց-տարի հանրապետությունում շատանում է Արմաթ լաբորատորիաների քանակը, ինչը հնարավորություն է տալիս երեխաներին ծանոթանալու նորարական տեխնոլոգիաներին, վեր հանել նրանց հմտությունները։ Իսկ բնագիտական առարկաների հանդեպ սեր առաջացնելու համար այս տարվանից օլիմպիադաներում լավագույն ցուցանիշներ արձանագրած աշակերտների համար կրթաթոշակ կսահմանվի։ Ինչ վերաբերում է Արցախի մասին տեղեկություններ, դասաժամեր հատկացնելուն, ապա տվյալ առարկայի ուսուցման ժամանակ նախատեսված այցելությունները պատմական և տեսարժան վայրեր հենց այդ խնդիրների լուծմանն են միտված։ -Իսկ ընդհանրապես, բոլոր տեսակի ծրագրերի առանցքում պետք է լինի աշակերտը, նրա հետաքրքրություններն ու հմտությունները՝ չանտեսելով կարևորագույնը՝ նրա առողջությունը։ Եվ ուսուցիչը կոչված է աշակերտի հմտությունները վեր հանելու, նրա կարողությունները բացահայտելու համար, ինչը և հանդիսանում է նրա հիմնական առաքելությունը,- շեշետեց կրթության նախարարը։ Նարինե Աղաբալյանը հայտնեց նաև, որ այս տարվա կապիտալ ներդրումային ծրագրերում նախատեսված են Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները, ինչը պետք է համակարգված իրականացվի, որպեսզի չխաթարվի ուսումնական պրոցեսը։ Ինչպես նաև կոչ արեց դպրոցներում առկա հիմնախնդիրների մասին բարձրաձայնել մինչև նոր ուսումնական տարվա սկզբը, որպեսզի կարողանան օպտիմալ լուծումներ տալ դրանց։ Ներկաներին հուզող հարցերին պարզաբանումներ տվեցին նաև վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԿԳ փոխնախարար Միքայել Համբարձումյանը։ Ինչպես նշեց Հակոբ Ղահրամանյանը, նման հանդիպումներն այսուհետ շարունակական բնույթ են կրելու։ ԿԳ նախարարը պատրաստակամույթուն հայտնեց մասնակցել այդ հանդիպումներին։ Ակամայից մի փոքրիկ պատմություն հիշեց. Երկու ընկեր խաղում էին և հանկարծ նրանից մեկը ջուրն ընկավ։ Ընկերը ծառից մի ճյուղ պոկեց և փրկեց ընկերոջ կյանքը։ Հավաքված մարդիկ նայելով ծառից պոկված հաստ ճյուղին զարմացան, թե ինչպես կարող էր նման վտիտ տղան պոկել այս հաստ ճյուղը։ Նրանցից մեկն ասաց. նրա մոտ չկար մեկը, ով կասեր՝ ԴՈՒ ԴԱ ՉԵՍ ԿԱՐՈՂԱՆԱ… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|