ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱՆ |
26.02.2019 17:57 |
Մեզանից յուրաքանչյուրին քաջածանոթ է հայ երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկոտոր, պրոֆեսոր, բարեգործ Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի անունը: Մեծանուն հայը ծնվել է 1934 թվականի մարտի 2-ին Բաքու քաղաքում: 1956 թվականին ավարտել է Բաքվի գազի և նավթի ինստիտուտը:1965-1989 թթ. եղել է Համամիութենական 70 նավթային երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչի, «Սոյուզգեոֆիզիկա» և «Նեֆտեգեոֆիզիկա» միավորումների գլխավոր տնօրենի տեղակալի, 1987-1989 թթ.` ԽՍՀՄ համամիութենական նավթային երկրաբանահետախուզական ինստիտուտի տնօրեն, 1989-1991 թթ.՝ ԽՍՀՄ երկրաբանության նախարար, 1992 թվականից գլխավորում է «Գեոսերվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատվական ընկերությունը։ 2010 թվականից ԱՀ Նախագահի խորհրդական է: Նրա աշխատանքները վերաբերում են նավթի և գազի հանքավայրերի երկրաբանական տեսակներին և գործնական հարցերին։ Գրիգորի Գաբրիելյանցի առաջին երկրաբանական հետազոտությունները, նվիրված նավթի և գազի կուտակումների որոնման, հետախուզման և հայտնաբերման հարցերին, իրականացվել են սկսած 1950-ական թվականների կեսերից թուրքմենական ԽՍՀ Երկրաբանական վարչության արշավախմբի, այնուհետև՝ վարչության գլխավոր երկրաբանի պաշտոններում։ Գաբրիելյանցը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ Մոսկվայի տարբեր առաջատար ԲՈՒՀ-երում, ապա լայնածավալ գիտական հետազոտություններով և գիտակազմակերպչական աշխատանքով: Հատուկ հարգանքի ու մեծարման է արժանի Գ.Գաբրիելյանցի, որպես բարեգործի, ազգանվեր գործունեությունը՝ նպատակաուղղված հայ մշակութային արժեքների պահպանման և հանրության իրազեկման հարցերին: Գաբրիելյանցի սեփական միջոցների հաշվին Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում տեղակայված է հուշահամալիր՝ նվիրված Բաքվի հայկական լքված գերեզմաններին: Նրա անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ Մոսկվայում հրատարակվել է §Առագաստ¦ հայանպաստ ժողովածուն, Պյատիգորսկում կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին և այլն: Գ.Գաբրիելյանցի երկարամյա և բազմակողմանի գիտական ու պրակտիկ գործունեությունը լայն ճանաչում են բերել նրան ԽորհրդայինՄմիությունում և նրա սահմաններից դուրս: Նրա բազմամյա և բեղուն գործունեությունը նշանավորվել է բազմաթիվ կառավարական պարգևներով, մրցանակներով և շնորհակալագրերով, այդ թվում` §Պատվո նշան¦ շքանշանով, ԽՍՀՄ պետական մրցանակով և §Բիրմինհեմի ջահ¦ միջազգային մրցանակով, ՀՀ §Անանիա Շիրակացի¦ մեդալով և այլն: Գաբրիելյանցի գործունեության զգալի մի հատված նվիրված է լայնածավալ խորհրդատվական գործունեությանը, որն ուղղված էñ ïարբեր երկրներում իրականացվող նավթի և գազի որոնողական և հետախուզական աշխատանքների կազմակերպման խնդիրներին: Նա համարվում է Կարակումի և Աստրախանի գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերող: Հեղինակ է շուրջ 160 գիտական հոդվածների, 8 մենագրությունների ու 2 դասագրքերիª նվիրված նավթի և գազի երկրաբանության գիտական հիմունքների մշակման, պաշարների որոնման և հետախուզման հարցերին: Գաբրիելյանցի ջանքերով Արցախում ստեղծվել է մեծ արժեք ներկայացնող պատկերասրահ, որտեղ ցուցադրված են հայ, ռուս և եվրոպացի մեծանուն վարպետների նշանավոր գործեր: Բացվել է նաև մեծ ճանաչողական հետաքրքրություն ներկայացնող երկրաբանական թանգարան, որի հիմքում դրված է տարբեր միներալների և ապարների նրա անձնական հարուստ հավաքածուն: Այս ամենը նպատակամղված է արվեստի հանրաճանաչ գործերն Արցախի ժողովրդին հասանելի դարձնելուն և միաժամանակ` Արցախի մշակութային արժեքները միջազգային հանրությանը ներկայացնելուն: Պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ 2010-2013թթ. Շուշիում ստեղծվել է կերպարվեստի պետական թանգարան, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը: 2010 թվականից նա Արցախի քաղաքացի է և մշտական բնակություն է հաստատել հայրենիքում: Փետրվարի 26-ին պատիվ ունեցա անձամբ ծանոթանալու պատվարժան մարդու՝ Գրիգորի Գաբրիելյանցի հետ: Մեր փոքրիկ, սակայն բովանդակալից զրույցն անկեղծ և մտերմիկ ստացվեց: Երբ նրան հարցրեցի իր արմատների մասին՝ պատասխանեց մեղմ ժպտալով.-§Արցախն է իմ հայրենիքը¦: Եվ ջերմությամբ հիշեց իր պապի խոսքերը, ով ապրել է 108 տարի և ունեցել է կյանքի մեծ փորձ.- §Բալի՛կ ջան, ուր էլ լինես, ուր էլ գնաս, միշտ հիշի՛ր, որ դու ղարաբաղցի ես¦: Գրիգորի Գաբրիելյանցը երբեք չմոռացավ պապի խոսքերը և իր կյանքում մեծ նպատակ դրեց օգտակար ու աջակից լինել Արցախին: Շուրջ 30 տարի է, ինչ նվիրյալ մարդն ապրում է Արցախով և մտածում նրա զարգացման մասին: -Պարոն Գաբրիելյանց, Ձեզանով մեր երկրում մեծ տեսադաշտեր բացվեցին, և Ձեր շուրջը սկսեցին հավաքվել շատ ու շատ մարդիկ, բոլորիդ նպատակը մեկն է՝ հարազատ երկիրը տեսնել ավելի հզոր ու բարգավաճ: Ձեր բազում բարեգործությունները հենց դրան են նպատակաուղղված: Նախատեսո՞ւմ եք որևէ բարեգործություն իրականացնել նաև Ասկերանի շրջանում: -Նախ նշեմ, որ իմ նախաձեռնությամբ ստեղծվել է §Ապագայի սերունդ¦ հիմնադրամը, որի միտքը հասարակ ու պարզ է՝ §Այսօր՝ երեխաները, վաղը՝ ժողովուրդը¦: Այդպես եղել է դարեդար ու կլինի հավերժ: Հին սերունդներին կփոխարինեն նորերը: Ինչպիսին կլինի նոր սերունդը՝ գրագետ, քաղաքավարի, ֆիզիկապես ուժեղ՝ կախված է մեզանից: 2019 թվականին նախատեսում եմ որոշակի աշխատանքներ իրականացնել Ասկերանի շրջանում: Մտածում եմ մեծ համակարգչային դասարան բացել շրջանի որևէ դպրոցում, որը կունենա ամենաժամանակակից համակարգչային սարքավորումներ, Wi-Fi ինտերնետ կապ, էլեկտրոնային գրատախտակ: Ավելացնեմ, որ հանրապետության 7 դպրոցներում արդեն կան նման դասարաններ, որոնք արդարացնում են իրենց: Ինձ համար ուրախալի է, որ մշտական շփման մեջ եմ դպրոցականների և ուսուցիչների հետ: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրանա Արցախի երիտասարդության մակարդակը, նա ոչնչով չպիտի զիջի եվրոպական քաղաքակրթության չափանիշներին: Մեր երիտասարդությունը պետք է լինի ոչ միայն խելոք, գրագետ, այլ նաև՝ ուժեղ: Դրան է միտված իմ մյուս նախաձեռնությունը, որը կիրականացնեմ Ասկերանում: Ես ցանկանում եմ առողջ երիտասարդություն տեսնել և մտածում եմ բացել սպորտային հրապարակ, որը կունենա սպորտային տարբեր սարքավորումներ, ֆուտբոլի դաշտ: Այդպիսով երիտասարդությունը կկարողանա հավուր պատշաճի անցկացնել իր ազատ ժամանցը, կզբաղվի սպորտով և ֆիզիկապես ավելի կուժեղանա՝ դառնալով մեր երկրի համար իսկական պաշտպան: Ասկերանի շրջանում սկսվում են նաև երկրագործական 3 տեղանքի բացահայտման աշխատանքներ: Բնակիչների համար կբացվեն աշխատատեղեր, իսկ ապագա սերունդը կունենա եկամուտներ: Շեշտեմ, որ մանկապարտեզից պետք է սկսվի անհատի դաստիարակությունը, նրա մտահորիզոնի զարգացումը: Նախատեսում եմ Ասկերանի շրջանում մանկապարտեզներին տրամադրել ճանաչողական, զարգացնող խաղալիքներ, որոնք կօգնեն զարգացնել երեխաների միտքը, տրամաբանությունը: Մեր երեխաները պետք է դաստիարակվեն արդի ժամանակներին համահունչ պայմաններում: Ասկերանի կենտրոնական գրադարանի համար ևս նախատեսում եմ աշխատանքներ իրականացնել՝ գրադարանի գրքային ֆոնդի և պահարանների ավելացման գործում: -Անչափ ուրախ ենք մեր շրջանում այդպիսի անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար, որոնք ուղղված են երիտասարդության զբաղվածությանն ու զարգացմանը… -Ես ևս մեծ հաճույք եմ զգում օգտակար լինելուց իմ ժողովրդին, առանձնապես՝ նոր սերնդին: Ուզում եմ նաև շեշտել, որ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանին ճանաչում եմ անձամբ և լավ գիտեմ, որ նա նախաձեռնող, գործնական և նպատակասլաց անձնավորություն է: Համոզված եմ, որ մեր համագործակցության արդյունքում իրականություն կդառնան բոլոր մեր ծրագրերը: Քաջ գիտակցենք, որ մեր երկիրն ագրարային երկիր է, և գյուղատնտեսությամբ զբաղվելու դեպքում կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Արցախի ժողովրդին մաղթում եմ խաղաղ և ձեռքբերումներով լի կյանք,-ասաց Գ. Գաբրիելյանցը։ Հիրավի, այդ հանդիպումն ինձ վառ տպավորություններ հաղորդեց, ես լցվեցի ապագայի հանդեպ պայծառ հույսերով: Մեծ հպարտությամբ հեռացա՝ ինձ հետ տանելով հաճելի տպավորություններ և մեծ համոզմունք, որ Գրիգորի Գաբիրելյանցի ողջ գործունեությունը գնահատվում և գնահատանքի կարժանանան սերունդների կողմից: Թող Ձեր եռանդը, ուժն ու իմացությունը փոխանցվեն սերունդերին և հաջողությունը լինի Ձեր ուղեկիցը… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|