ԽՈՋԱԼՈՒԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ - 27. ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԽԱՄՐԵԼ ԵՆ
26.02.2019 19:05

1992 թ. փետրվարի 25-26-ը նշանավորվել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի փայլուն ռազմագործողությամբ, որի շնորհիվ ազատագրվել է Ստեփանակերտի օդանավակայանը եւ վերջապես վնասազերծվել են Խոջալուի թշնամական կրակակետերը: Մեծ էր Խոջալուի ազատագրման ռազմաքաղաքական նշանակությունը: Նախ, վերականգնվեց հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք առգրավվեց, հոգեբանական հուսալի նեցուկ եղավ համապարփակ

շրջափակման մեջ գտնվող Արցախի հայ ազգաբնակչության համար, թեկուզեւ ժամանակավոր` վերականգնվեց օդային կապն արտաքին աշխարհի հետ, կանխվեց Ասկերանի վրայով Ստեփանակերտ ներխուժելու` հակառակորդի վաղեմի ծրագիրը, ծանր հարված հասցվեց Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի սրվեցին Բաքվի իշխանությունների եւ ընդդիմության ներհակությունները: 

Այդ հանրահայտ իրադարձություններն ադրբեջանական քարոզչամեքենան առայսօր ճարպկորեն շահարկում է եւ Աղդամի մոտակայքում հարյուրավոր քաղաքացիական անձանց սպանությունը ներկայացնում որպես «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն»: Արդեն քանիցս մեր կողմից նշվել է, որ դա արվել է Թուրքիայի բեմագրով սումգայիթյան ցեղասպանության եւ ընդհանրապես, Հայոց Մեծ եղեռնի թեմայից համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու, ինչպես նաեւ հայատյացության, էթնիկական անհանդուրժողականության եւ փոխվրեժի տրամադրություններն Ադրբեջանում խորացնելու ակնհայտ նպատակով: Խոջալուի իրադարձություններին իր հատուկ ծառայությունների մասնակցության համար Թուրքիան, ըստ երեւույթին, լուրջ դրդապատճառներ ուներ: Ա. Մութալիբովն իր ռուսամետության պատճառով ձեռնտու չէր Անկարային: 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության թեմային հակակշիռ ստեղծելու համար թուրքերը հորինեցին «թուրքերի ցեղասպանության» առասպելը, իսկ Խոջալուի բեմագրով նաեւ հայի՝ տրամագծորեն հակառակ կերպարի քարոզչություն սկսեցին: Խոջալուի դեպքերով նաեւ հարված էր ստանում Իրանի միջնորդական առաքելությունը, որի աշխուժությունը տարածաշրջանում դուր չէր գալիս Թուրքիային (եւ ոչ միայն): Թուրքական հատուկ ծառայությունների գոր¬ծունեության հետքեր կային 1992թ. մայիսի 15-ին Ա. Մութալիբովի կրկնակի պաշտոնանկության մեջ:

Ադրբեջանական կեղծիքը բացահայտվում է հենց իսկ ադրբեջանական եւ միանգամայն չեզոք աղբյուրների տեղեկություններով, որոնք ի մի են բերված պատմաբան Հայկ Դեմոյանի եւ երջանկահիշատակ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Խոջալուի գործը. հատուկ թղթապանակ» ռուսերեն եւ անգլերեն գրքույկներում:
Ադրբեջանական քարոզչությունն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ Խոջալուն բացառապես խաղաղ բնակավայր էր: Սակայն, իրականում ճիշտ հակառակն է: Իրենց վտանգավոր կրակակետերը լքած ադրբեջանցիները Խոջալուում թողել էին 3 հրթիռային կայանք, 100 մմ թնդանոթ, 3 միավոր զրահատեխնիկա, 100 միավոր մարտական զենք եւ զինամթերքի վիթխարի պաշարներ: Այնտեղ հարձակողական տիպի զենքեր՝ ռեակտիվ կայանքներ, հրետանու միավոր եւ զրահամեքենաներ են արձանագրել նաև Մոսկվայի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի դիտորդները (տե՛ս «Независимая газета», 18. 06. 1992г.): Հայտնի է, որ այն շրջափակել էր Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհը, Ստեփանակերտի օդանավակայանը, որը պաշարված Արցախի՝ դրսի հետ կապի միակ հույսն էր: Խոջալուն նաեւ ագրեսիայի օջախ էր, այնտեղից պարբերաբար հրթիռահրետանային ու անմիջական հարձակումների էին ենթարկվում Ատեփանակերտը, Ասկերանը եւ շրջակա մյուս հայկական բնակավայրերը: Ադրբեջանական աղբյուրները չեն թաքցնում, որ Աղդամից ու Խոջալուից միաժամանակյա հասցվելիք հարվածներով պլանավորված էր Ասկերանի գրավումը: 
Ռազմագիտության տեսության «հանկարծակիության» գործոնին հակառակ, հայկական կողմը նախօրոք զգուշացրել էր հարձակման մասին եւ առաջարկել դուրս բերել խաղաղ բնակչության մնացորդներին, դեռ ավելին, այդ նպատակով թողել էր նաեւ միջանցք: Սակայն, Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն միջոցներ չձեռնարկեցին խաղաղ բնակչությանը դուրս բե¬րելու ուղղությամբ, այլեւ, ընդհակառակը, ըստ ամենայնի խոչընդոտում էին հեռանալ ցանկացողներին, մեղադրելով նրանց դավաճանության մեջ: 
Ադրբեջանի ժողովրդական ճակատի՝ Աղդամի բաժանմունքի վարչության անդամ Ռ. Գաջիեւը վկայել է. «Մենք կարող էինք օգնել խոջալուեցիներին, կային եւ՛ ուժեր, եւ՛ հնարավորություններ: Սակայն, հանրապետության ղեկավարները ցանկանում էին ցույց տալ ժողովրդին, որ իրենք ուժ չունեն, եւ նորից օգնության կանչել ԱՊՀ բանակին, որի օգնությամբ ճնշել նաեւ ընդդիմությանը» (տե՛ս «Нзвестия», anpeль, 1992r.):
Ինչպես գիտենք, Խոջալուում մնացած բոլոր խաղաղ բնակիչները տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ այնտեղից, առանց որեւէ նախապայմնի, փոխադրվել Ադրբեջան:
Հայկական կողմը հնարավոր ամեն միջոց ձեռնարկել էր քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը կանխելու ուղղությամբ, ուստի թողել էր միջանցք, որի մասին գիտեր նաեւ Խոջալուի «քաղաքապետը». «Մենք գիտեինք, որ այդ միջանցքը նախատեսված է խաղաղ բնակչության դուրսբերման համար...» («Русская мысль», 3 март. 1992г. ):
Դիակների մեծամասնությունը Աղդամի մատույցներում էր, որտեղ էլ նկարահանվել էր փետրվարի 29-ին եւ մարտի 2-ին. հենց այդ դրվագներն էլ ցուցադրվել են Ադրբեջանի Գերագույն խորհրդում եւ աշխարհի բազմաթիվ հեռուստաալիքներով: Միայն այն փաստը, որ ֆիլմի երկու մասերն էլ օպերատորը նկարել է քաղաքացիական ու զինվորական համազգեստներով բազմաթիվ ադրբեջանցիների ներկայությամբ (նրանք մշ¬տապես կադրում են), աներկբա վկայում է, որ տարածքը վերահսկվում էր ադրբեջանական զինված կազմավորումների կողմից: Ի դեպ, երկրորդ նկարահանման ժամանակ արդեն դիակները պղծված էին (թուրքի՜ ձեռագիր), որպեսզի աշխարհով մեկ հայերին ներկայացնեն այն կերպարով, ինչը բնորոշ է միմիայն թուրք-ադրբեջանցուն...
Այն մասին, որ դիակների դիրքը եւ վնասվածությունը չի համապատասխանում փետրվարի 29-ի նկարահանմանը, հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաեւը տեղեկացրեց Ա. Մութալիբովին, որն արդեն այդ ժամանակ կռահում էր ողբերգության իսկական պատճառները: Ադրբեջանի նախագահը պատասխանեց մարգարեական խոսքերով. «Չինգիզ, ոչ մեկին խոսք անգամ չասես այդ մասին, այլապես քեզ կսպանեն» (К. Столяров, Распад: От Нагорного Карабаха до Беловежской пущи. М, 2001, стр. 255):
Կասկածելով զանգվածային ջարդի «հայկական հետքի» վրա, Չ. Մուստաֆաեւը ձեռնարկեց ինք¬նուրույն լրագրողական հետաքննու¬թյուն: Խիզախ լրագրողը հասցրեց ընդամենը երկու տեսանյութ ուղարկել մոսկովյան «DR PRESS» տեղեկատվական գործակալությանը, որոնցում հաղորդվում էր, որ հիմքեր ունի պնդելու հանցագործություններին իրենց` ադրբեջանցիների մասնակցությունը: Նա նաեւ ենթադրել է, որ Աղդամի զինված կազմավորումները նահանջող խոջալուեցիներին կարող էին ընդունել հարձակվող հայերի փո¬խարեն եւ նրանց վրա բացել տեղատարափ կրակ, իսկ հետո տեսնելով, որ յուրայինների են սպանել, պղծել ու այլանդակել են դիակները` մեղքը հայերի վրա բարդելու նպատակով:
Չ. Մուստաֆաեւը սպանվեց նույն տեղում, որտեղ նա նկարահանել է ադրբեջանական գլխավոր «փաստարկը»: Սպանվել է ռազմաճակատից բավական հեռավորությւսն վրա: 
Այսպիսով, բոլոր փաստերը գալիս են հաստատելու, որ խոջալուեցիների զանգվածային սպանությունը ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում արդյունք էր Ադրբեջանի ներքաղաքական պայքարի եւ արտաքին ուժերի կոպիտ միջամտության:


                         ԿԱՃԱՌ գիտական կենտրոն, Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Խոջալուի նորակառույց թաղամասը՝ գրոհի նախօրյակին։ Տեսքը՝ Հացոտ սարից



Խոջալուի ազատագրման մի խումբ մասնակիցներ Նորագյուղում - 25.02.1992



Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ


Հրապարակվում են առաջին անգամ




 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter