ՉՀԱՆՁՆՎԵԼ, ՊԱՅՔԱՐԵԼ, ԱՊՐԵԼ…
27.02.2019 09:55

Գաղտնիք չէ, որ Սումգայիթի ջարդերը կազմակերպել էր Ադրբեջանի ղեկավարությունը` ամեն ինչ նախապես ծրագրելով։ Դրանք ոչ այլ ինչ էին, քան Ասկերանում տապալված Աղդամի կողմից խաղաղ ցուցարարների անվան տակ կազմակերպված երթի պատասխանը։

Երեք օր տևած եղեռնագործողությունները  տեղի հայության նկատմամբ, ոչնչով չէին տարբերվում դարասկզբին թուրքերի կողմից իրագործված եղեռնից։ Հազարավոր հայեր խոշտանգվեցին և սպանվեցին ամենաանմարդկային ձևերով, հաշմանդամ դարձան, և կորցնելով ամեն ինչ՝ ցրվեցին աշխարհով մեկ։ Դա էր, թերևս ադրբեջանի ղեկավարության նպատակը՝ ամեն գնով հայաթափել հայերի ձեռքերով կառուցված Բաքուն, Սումգայիթը, Լեռնային Ղարաբաղը, ինչպես

որ կատարվեց դաշտային Ղարաբաղի և Նախիջևանի պարագայում։ Բաքուն, փաստորեն,  Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի իրացման համար խաղաղ պահանջատիրությանը հակադրեց կոպտություն ու ցեղին բնորոշ վայրագություն։ Սակայն ըմբոստացած արցախահայությունն այդժամ քան երբևէ պատրաստ էր դիմելու զենքի ուժին, քանզի պահը վճռական էր, ճակատագրական՝ ապրել ստրակացած կամ մեռնել հանուն ազատության։

Իրինա Պետրոսյանը, ով ճակատագրի բերումով բնակվում է Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում, մեկն է այն հազարավոր հայերից, ովքեր թողնելով տարիների վաստակը՝ մի կերպ կարողացան փրկվել գազազած թշնամու ճիրաններից։ Այդ հիշողություններով էլ ապրում է առայսօր՝ մեկ օր անգամ չկարողանալով չհիշել այն անտանելի, սարսափազդու տեսարանները, որին ականատես եղան Սումգայիթում։

Տարիներ շարունակ Պետրոսյանների ընտանիքն ապրում էր Սումգայիթում, ծնողներն աշխատում էին, ինքն էլ՝ սովորում դպրոցում։ Երկու եղբայրները՝ Ալիկն ու Միքայելն այդպես էլ չսիրեցին Սումգայիթը, և խորհրդային բանակից զորացրվելուց հետո այլևս չվերադարձան այնտեղ։ Ի՞նչ գիտես, գուցե նրանք արդեն կանխազգում էին, որ հայն այդտեղ ապագա չունի։

-Դպրոցում էի, երբ մեր ուսուցիչներից մեկը մոտեցավ ինձ և ասաց, որ տուն շտապեմ, և այս հրահանգը բոլոր հայ աշակերտներին էր վերաբերում։ Նրանք մեզ զգուշացրեցին զգոն լինել և այլևս դպրոց չգնալ։ Ամեն ինչ մշուշոտ էր, անհասկանալի, սակայն տուն հասնելուն պես, երբ տեսա տագնապահար ծնողներիս, սթափվեցի։ Հայրս կարգադրել էր ոչ մեկին բնակարանի դուռը չբացել, - խորը հառաչանքով հիշում է Իրինան։

Երջանիկ պատահականությամբ այդ օրը Իրինայենց հեռուստացույցը փչացել էր և նրանք մտերիմ հարևանի (ադրբեջանցիներ էին) տուն հեռուստացույց դիտելու էին գնացել, այդպիսով ցանկանալով դաժան ու անհավատալի մտածմունքներն իրենցից վանել։ Սակայն, այն ինչին նրանք ականատես եղան, արդեն իրականություն էր։

Մարդկային կերպարը կորցրած խառնամբոխը նախօրոք տեղեկացված էր և ուներ այն տների և բնակարանների հստակ համարներն ու ցուցակները, որտեղ հայեր էին ապրում:Քարերով, երկաթյա ձողերով զինված խառնամբոխը շարժվում էր դեպի իրենց շենք։

-Մեր բախտը մեծապես բերել էր, քանի որ բարեգութ հարևան ունեինք, ում շնորհիվ կարողացանք ողջ մնալ։ Նա ոչ միայն մեզ ապաստան տվեց, այլև մեր շքամուտքում ապրող երկու հայ ընտանիքների ևս։ Ընդհանուր առմամբ 9 հոգի մենք էինք, և 5 հոգի մեր փրկիչները, և իրենց 2 սենյականոց բնակարանում մեզ ապահով պահեց այնքան, մինչև իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց։

Չնայած նրան, որ ադրբեջանցի հարևաններից ոմանք հանդիմանում էին մեր փրկչին և սպառնում, որ եթե պարզվեն, որ հայերին ապաստան է տվել վերջը տալուն են,  սակայն  հավատարիմ հարևանը չմատնեց մեզ։ Ընդհակառակը, նա պատրաստ էր հանուն մեզ իր կյանքը վտանգել ու մեր մտահոգություններին այսպես էր պատասխանել՝ եթե ձեզ սպանեն, թող ինձ էլ սպանեն,- պատմում է զրուցակիցս։

-Ռուսական բանակի մուտքը քաղաք մեր փրկությունն էր։ Մենք ոչինչ չկարողացանք մեզ հետ վերցնել, այդ պահին միայն մտածում էինք վայրկյան առաջ լքել այդ արյունով շնչող քաղաքը։ Ամենուրեք գազազած ամբոխ էր, արյան հեղեղ, մարդկային ճիչն ու աղաղակը սիրտ էր կեղեքում, - պատմում է Իրինան մի կերպ զսպելով հուզմունքը։ Ապա հիշում է իր դասընկերուհուն՝ Կարինեին, ով հարևան շենքում էր ապրում և դաժան բախտի արժանացավ։ Նրանք չհասցրեցին պատսպարվել, երբ գազազած խումբը ներխուժեց նրանց բնակարան և մորը դաժան ծեծի ենթարկելուց հետո նրա աչքերի առաջ խայտառակեցին աղջկան։  Խառնամբոխի մեջ մայրը ճանաչեց իր աշակերտին, ում տարիներ շարունակ դասավանդել էր…

Անցանկալի հիշողություններն ու հուզմունքը փոխարինում էին մեկը մյուսին և Իրինան այս անգամ արդեն ոգևորված պատմում է, որ մի քանի տարի առաջ հանդիպել է ընկերուհուն՝ Կարինեին, և 26 տարվա կարոտն ու հույզերը խառնվել էին իրար, հանդիպել են արտասվաթոր աչքերով, բայց սրտաբաց ու գրկաբաց՝ սրտամաշ անցյալը մեկընդմիշտ հաղթահարած։

-Ռուսական բանակի զրահամեքենայով մեզ տեղափոխեցին փախստականների ժամանակավոր ապաստարան, որտեղից էլ ինձ ուղևորեցին Մոսկվա , իսկ ծնողներս մեկնեցին Հայաստան։ Շուտով ես ևս միացա նրանց և ավարտեցի կիսատ թողած ուսումս։ Ուզում եմ առաձնացնել այն հոգատարությունն ու կարեկցանքը, որը տածում էին դպրոցում իմ հանդեպ։ Այն մեծապես օգնում, ուժ էր տալիս ինձ հաղթահարելու կյանք այդ ծանր փորձությունը,- հիշում է տողերիս հերոսուհին։

Ժամանակավորապես ապաստանել էին Աղվերանում և շուտով բնակարան ստացան, տեղափոխվեցին Արարատ, որտեղ նա աշխատանքի անցավ։ Սակայն կարճ ժամանակ անց ամուսնացավ և տեղափոխվեց Փոքր Վեդի։ Ամուսնու ընտանիքը զբաղվում էր այգեգործությամբ և հաճախ էին Արցախ գալիս՝ իրենց արտադրանքը տեղում իրացնելու համար։ Եվ այցերից մեկի ժամանակ էլ ամուսինը՝ Վալերի Աղաջանյանը, ով արմատներով Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղից է, ցանկություն հայտնեց մեկընդմիշտ տեղափոխվել Արցախ, ինչին կինը սիրով արձագանքեց։ Շուտով  տեղափոխվեցին և հաստատվեցին վերաբնակեցվող Հովսեփավանում։  Ամուսինը ծառայության անցավ ԼՂՀ պաշտպանության բանակում, ինքն էլ աշխատանքի անցավ նորաստեղծ համայնքում՝ որպես հաշվապահ։ Ճիշտ է պետությունն ապահովեց բնակարանով, պայմաններ էին ստեղծված անասնապահությամբ զբաղվելու համար, սակայն ամեն ինչ պետք էր նորից սկսել։ Եվ Իրինան ուներ այդ հաստատակամությունը, երբեք չերկնչել, չհանձնվել, չծնկել դժվարությունների առաջ։ Դա ճակատագրական այն դասն էր, որը սերտել էր Սումգայիթում, որին սովորեցրել էին ծնողները… Ու նա սովորեց ապրել, ուղղակի ապրել…

 Իրինայի ծնողները ժամանակից շուտ հրաժեշտ տվեցին երկրային կյանքին, ապա կորցրեց եղբորը, ում ջարդերից հետո կարողացավ մի կերպ գտնել և դեռ նրան չհանդիպած՝ դաժան բոթը եղբոր մահվան մասին ցնցեց նրան։ Մյուս եղբայրն առայժմ անհայտ կորած է, և Իրինայի բոլոր ջանքերը նրան գտնելու համար դեռևս ապարդյուն են։

 Այժմ ամուսինը պահեստազորի սպա է, և ամուսիններով զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ՝ դրանով ապահովելու  իրենց հիմնական եկամուտը։ Իրինան հպարտությամբ է նշում այն փաստը, որ տղան՝ Սամվելը պատվով է ծառայում ԱՀ պաշտպանության բանակում։

-Կյանքում ոչ մեկին չեմ ցանկանա տեսնել, ապրել, զգալ այն, ինչի միջով անցանք սումգայիթցիներս։ Դա իսկական դժոխք էր, որից փրկվելն իսկական հրաշք էր,- ասում է Իրինան, ում միակ երազանքը այժմ և ընդմիշտ խաղաղությունն է, հաստատուն, կայուն խաղաղությունը բոլոր հայերի համար։

 Դժվարին ու համառ պայքար է կյանքի ցանկացած փուլ։ Եվ այդ պայքարում կարևոր է երբեք չկորցնել մարդկային դիմագիծը, չաղավաղել ի վերուստ տրված մեր կոչումը այս հողի վրա։ Եվ Իրինան մեկն է այն մարդկանցից, ով իր մի հատիկ ծաղկով, մի հատիկ կանաչով կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու  նպատակին է ծառայեցնում իր կարողությունները…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter