ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ… |
25.02.2019 17:31 |
Փետրվարի 25-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց անգլերենի այբուբենի տոն: Հետաքրքիր և գեղեցիկ միջոցառումը նախաձեռնել էին դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Ինգա Զաքարյանը և Նելլի Բախշիյանը: Երրորդ <<Ա>> և <<Բ>> դասարանների աշակերտներն արդեն սովորել էին անգլերենի տառերը և իրենց իմացությունն էին ցանկանում ցույց տալ աշակերտներին, ուսուցիչներին ու տնօրինությանը: Դպրոցի դահլիճը զարդարված էր միջոցառմանը համահունչ և տոնական տրամադրություն էր սփռում: Երեխաների անաղարտ դեմքերը շողում էին ուրախությունից , իսկ հետաքրքրությամբ լցված հանդիսատեսը համոզված էր, որ նորանոր և հաճելի պահեր կվայելի: Անգլերենի ուսուցչուհիները ողջունեցին ներկաներին, սիրով խոսեցին անգլերեն լեզվի կարևորության, աշակերտների ընդունակությունների ու նրանց պատասխանատվության մասին: Ինչպես նշեցին նրանք, երրորդ դասարանցիներն այս միջոցառմանը նախապատրաստվել էին մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ: Երեխաները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, ներկայացրեցին անգլերենի ամեն մի տառը: Անգլերեն այբուբենը հիմնված է լատիներեն այբուբենի վրա և կազմված է 26 տառից: 6 տառ նշանակում են ձայնավոր հնչյուններ, իսկ 20 տառը՝ բաղաձայն: Աշակերտների երգը, պարը ոգևորության ալիքներ էին բարձրացնում դահլիճում, իսկ փոքրիկ բեմականացումները, որոնք լի էին զավեշտական տեսարաններով, առանձահատուկ հմայք հաղորդեցին միջոցառմանը: Երեխաները, որ քաջալերվում էին իրենց սիրելի ուսուցչուհիների խրախուսող հայացքներով, ավելի եռանդով էին հանդես գալիս: Մեր առջև մենք տեսնում էինք մեծ երևակայություն և շնորք ունեցող երեխաների: Ինչ խոսք, ակնհայտ էր Ինգա Զաքարյանի և Նելլի Բախշիյանի քրտնաջան և նվիրական աշխատանքը: Արդյունքը տեսանելի էր ու գնահատանքի արժանի: Վերջում աշակերտները կտրեցին խորհրդանշանական տորթը և երդվեցին նույն ոգևորությամբ ու պատասխանատվությամբ շարունակել անգլերենի ուսուցումը, որպեսզի հետագայում կարողանան հասնել հաջողությունների՝ բարձր պահելով ուսուցչուհիների անունները: Սիրելի՛ աշակերտներ, շնորհավոր ձեր տոնը, համոզված ենք կկարողանաք տիրապետել անգլերեն լեզվի բոլոր նրբություններին և այդ միջազգային լեզվով կխոսեք ազատ և անկաշկանդ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |