ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ
26.02.2019 17:32

Կա Մեծարենց, կա Տերյան և բազում ուրիշ պոետներ կան,

Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Եղիշե Չարենց 

Տարին թումանյանական է, և շրջանում միջոցառումներ են կազմակերպվում հայ հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ:

Փետրվարի 26-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան

միջանակարգ դպրոցը լցված էր բանաստեղծի շնչով: Դպրոցի դահլիճը նեղվում էր հանդիսատեսի առատությունից: Հավաքվել էին բարձր դասարանցիները, դպրոցի տնօրինությունը և ուսուցիչներ: Ամենայն Հայոց բանաստեղծին նվիրված միջոցառումը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մագուրա Հարությունյանը՝ 11-րդ դասարանցիների մասնակցությամբ:

Մագուրա Հարությունյանը հանդես գալով բացման խոսքով՝ նշեց.

-Այսօր մենք տոնում ենք բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հոնհաննես Թումանյանի 150-ամյակը: Նա իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ, իր պարզ, ժողովրդական լեզվով նվաճել է հարազատ ժողովրդի սերն ու համակրանքը: Կարողացել է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, սիրային թեմաներ:

Դպրոցականները ներկայացրեցին Մեծ Լոռեցու կյանքն ու գործունեությունը: Բազմաժանր գրողը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ, անկնարկներ, քննադատական և հրապարակախոսական հոդվածներ:

Նրա ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Բանաստեղծի բոլոր ստեղծագործությունները՝ չափածո թե արձակ, ներծծված է մարդասիրության, ժողովրդասիրության ու հայրենասիրության բարձր գաղափարներով, ինչը տպավորիչ ներկայացրեցին 11-րդ դասարանցիները: Հայրենիքի ողբերգական վիճակը բանաստեղծի մշտապես մորմոքի պատճառն էր: Նրա մտքի ու հոգու հայացքի առջև հառնում են ջարդարար ոհմակների անմարդկային արարքները, ոչնչացնում, թալանում են մարդկանց ու այն, ինչ ստեղծվել էր դարեր շարունակ: Սակայն հայ ժողովուրդը, որքան էլ ջարդված ու վիրավոր, հույսը սրտում՝ շարունակում է իր ճամփան դեպի լուսավոր ու պայծառ ապագա:

<<Անուշ>> պոեմից հատվածները, որ արտասանեցին աշակերտները, հուզեց հանդիսատեսին, իսկ Մերի Գաբրիելյանի <<Մախմուր աղջիկ>> պարը` ամենքին պարուրեց յուրահատուկ քնքշությամբ:

Դպրոցականները հանդես եկան նաև փոքրիկ բեմականացումներով. ամեն ինչ համահունչ էր օրվա խորհրդին՝ հետաքրքիր, հուզումնառատ, իմաստալից…

Հրաշալի միջոցառմանն ուրախ տրամադրություն հաղորդեցին  կրտսեր դպրոցի աշակերտների ելույթները, որը կազմակերպել էր ուսուցչուհի Քրիստինե Օհանյանը: Նրանք այնպիսի վարպետությամբ և ոգևորությամբ էին ներկայացնում Թումանյանի հեքիաթները, որ միանգամից խինդ ու ծիծաղ է պոռթկում դահլիճում: Փոքրիկների հագ ու կապը միանգամայն համապատասխանում և մեծ իմաստ էին հաղորդում օրվա միջոցառմանը:

Թումանյանի ստեղծագործությունը հայ ժողովրդի հպարտության աղբյուրն է: Նրա տեղը համաշխարհային մեծ գրողների շարքում է: Դա են հավաստում մեծերը՝ գնահատելով հանճարեղ բանաստեղծի արժանիքները:

Թումանյանի մասին ասված մեր մեծերի խոսքերը հպարտությամբ ներկայացրեցին 11-րդ դասարանցիները:

Մագուրա Հարությունյանն այս գեղեցիկ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար շնորհակալություն հայտնելով 11-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչուհի Քրիստինե Օհանյանին՝ օրվա միջոցառումն ավարտեց Հովհաննես Թումանյանի մեզ ավանդած խոսքերով.-<<Միթե՞ խորթ ու անմատչելի պիտի լինի մեզ սիրո պայծառ զգացումը: Միթե՞ չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու այդպիսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի>>:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter