ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԸ |
27.02.2019 21:40 |
Փետրվարի 27-ին Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինն անցկացրեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ - փառատոնի շրջանային փուլը։ Այս անգամ այն նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին։ Մրցույթին մասնակցում էր շրջանի 18 հանրակրթական դպրոցներից 45 աշակերտ։ Այն անցկացվեց տարիքային երկու խմբով՝ 11-14 և 15-17 և յուրաքանչյուր մասնակից ըստ ցանկության ընտրել էր գրողի երկու ստեղծագործություն՝ 2 րոպե տևողությամբ։ Ինչպես տեղեկացանք կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Շամիրյանից, մրցույթ-փառատոնն անցել է բարձր մակարդակով, աշակերտները փայլել են իրենց ազդեցիկ կատարումներով, ներկաներին հաղորդելով մեծն լոռեցու հուզմունքը, ցասումը, անամոք ցավն ու վիշտը։ -Յուրաքանչյուր տարիքային խմբից կընտրվի երեք լավագույն ասմունքող, այսինքն մրցութային հանձնաժողովի կողմից բարձր միավորներ վաստակած աշակերտները՝ ընդհանուր առմամբ 6 հոգի, կմասնակցեն ասմունքի հանրապետական մրցույթին,- ասաց Գ. Շամիրյանը։ Իսկապես, որքան պարզ ու հասարակ, այնքան խորիմաստ են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։ Եվ այդ պարզության մեջ է նրա վեհությունը, մարդամոտությունը, արդիականությունը, մարդկային հոգիներ գերելու գաղտնիքը։ Աշակերտներից յուրաքանչյուրն աշխատում էր գրողի բարբառին համահունչ ներկայացնել իր ընտրած ստեղծագործությունը։ Դահլիճում թումանյանական ոգին էր տիրում, և համոզվում ես, որ թումանյանական անգին գոհարներն աշակերտները ոչ միայն սերտել, այլև ամբողջությամբ ընկալել են նրա խորիմաստ գրվածքների յուրաքանչյուր բառ։ Ամփոփելով մրցույթ-փառատոնի արդյունքները հայտնի դարձավ, որ առաջին տարիքային խմբում մրցանակային տեղf' են գրավել Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Թագուհի Գրիգորյանը, Նարեկ Բաբայանը և Աստղաշենի Ժան Անդրյանի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Լիա Ավանեսյանը։ Երկրորդ տարիքային խմբում մրցույթի շրջանային փուլի հաղթողներն են Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ծովինար Բաբայանը, Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Սահակյանը և Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Օքսաննա Մկրտչյանը։ Շրջանային փուլում հաղթող ճանաչված աշակերտները կմասնակցեն համանուն մրցույթի հանրապետական փուլին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |