ԱՄԵՆ ԻՆՉ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
01.03.2019 17:24

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ օրվա կապակցությամբ ինչպես Արցախի տարբեր բնակավայրերում, այնպես էլ Ասկերանի շրջանում  կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ բաց դասեր, ուսումնավարժություններ: Մեծ կարևորություն ունի դպրոցներում այդպիսի միջոցառումների կազմակերպումը:

Մարտի 1-ին շրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում անցկացվել են օբյեկտային վարժանքներ՝ համապատասխան ՔՊ պետերի ղեկավարությամբ: Օբյեկտային վարժանքի թեման էր <<Դպրոցի ղեկավար կազմի և ուսուցանվողների գործողությունները <<Օդային տագնապ>> ազդանշանի և հրդեհի դեպքում>>:

Ինչպես մեզ տեղեկացրեց Ասկերանի ՇԱԻԲ ԲՏՊ բաժանմունքի պետ Հրանտ Ավանեսյանը, բոլոր դպրոցներում էլ բարձր մակարդակով են անցել օբյեկտային վարժանքները: Նախապես դպրոցների զինղեկները նախապատրաստական աշխատանքներ էին տարել աշակերտների հետ:

Վարժանքի նպատակն էր ավելի կատարելագործել դպրոցի ղեկավար կազմի և անձնակազմի գործողությունները <<Օդային տագնապ>>-ի դեպքում և հարձակման հետևանքների վերացման ժամանակ: Իրականացնել ստեղծված իրավիճակի դիտարկում, ճշգրտել հարձակման հետևանքները տարածքում, վերացնել ստեղծված արտակարգ իրավիճակը: Ուսուցանել աշակերտներին և ուսուցչական կազմին դպրոցի տարածքից անհապաղ տարհանումը:

<<Պետք է շեշտել, որ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում վարժանքներն անցել են ավելի կազմակերպված և համախմբված, որին մասնակցում էին նաև Ասկերանի ՀՓՄ-ից մեկ փրկարարական ջոկ և Ասկերանի ՇԲՄ-ից շտապ օգնության խումբ: ԱՀ ԱԻՊԾ-ից ներակայացած միջնորդ Սարո Սարգսյանը բարձր գնահատեց Ասկերանի միջնակարգ դպրոցի պատրաստվածությունը միջոցառմանը>>,-նշեց Ասկերանի ՇԱԻԲ ԲՏՊ բաժանմունքի պետը:

Հրանտ Ավանեսյանը ավելացրեց նաև, որ փետրվարի 20-ին անցկացվել է մարզում՝ ԱՀ ՔՊ կառավարման կետերի և բնակչության գործողությունները <<Օդային տագնապ>> և <<Օդային տագնապի ավարտ>> ազդանշանների տրման դեպքում թեմայով:

- Հրանտ, ինչպե՞ս է անցել մարզումը շրջանում:

- Ասկերանի շրջանում առկա է ազդարարման 2 էլեկտրաշչակ՝ Ասկերանի և Խրամորթի համայնքներում: Մնացած համայնքներում ազդարարման համակարգի հետ կապված խնդիր ունենք, ինչի համար մեր կողմից հայտեր ենք ներկայացրել հանրապետական ՔՊ շտաբ: Մարզման վերաբերյալ բնակչությունը տեղեկացվել է Արցախի հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով և հաղորդագրությունների միջոցով:Ժամը 11:00-ին՝ օդային տագնապի ազդանշանից հետո բնակչությունը պատսպարվել է համապատասխան նկուղներում: Ասկերանի շրջանում առկա են 27 բնակելի շենքների և կազմակերպությունների նկուղներ, ինչպես նաև 920 սեփական տների նկուղներ ու կիսանկուղներ: Ընդհանուր առմամբ ապաստարաններով ապահովված են բնակչության 85 տոկոսը:

Նշեմ, որ ժամը 11:00-12:00-ին ԱԿ դիսպետչերի կողմից շրջանի ՔՊ ծառայության պետերին ազդարարվել է հավաք: Ասկերան քաղաքի ՔՊ կառավարման կետում ծավալվել է ՔՊ շտաբը, սահմանվել է շրջօրյա հերթապահություն: ՔՊ կազմակերպման և համակողմանի ապահովման համար ծառայությունների կողմից նախապատրաստվել և շրջանի ՔՊ պետին են ներկայացվել համապատասխան հաշվարկներ: ՔՊ պետի կողմից ընդունվել է որոշում առկա խնդիրների ու առաջարկությունների վերաբերյալ և ներկայացվել հանրապետական ՔՊ շտաբ:

-Իսկ ինչպիսի՞ խնդիրներ ունեք՝ կապված շրջանի ՔՊ համակարգի հետ:

-Պետք է շեշտեմ, որ ապաստարանների հետ կապված խնդիրներ ունենք, հայտ է ներկայացվել առաջիկայում սահմանամերձ համայնքներում կառուցել պարզագույն թաքստոցներ: Չունենք բավարար քանակով անհատական պաշտպանության միջոցներ/հակագազեր/:

Ես ցանկանում եմ կոչ անել բնակչությանը նմանատիպ միջոցառումների նկատմամբ անտարբերություն չցուցաբերել և այդ պատճառով կխնդրեի համայնքների ղեկավարներին հնարավորության սահմաններում բացատրական աշխատանքներ տանել բնակիչների հետ, քանի որ իրենք են հանդիսանում տվյալ համայնքների ՔՊ պետերը:

Յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի, որ ապահովագրված չէ ոչնչից: Մենք գտնվում ենք վտանգավոր գոտում, ուր ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել: Այս բոլոր միջոցառումները կազմակերպում ենք բնակչության ապահովության համար, ուստի բոլորիս համար պարտադիր է իրազեկված լինել և կարոզանալ ճիշտ գործել արտակարգ իրավիճակների դեպքում:

-Շնորհակալություն պարոն Ավանեսյան, մեզ տեղեկություններ հաղորդելու համար և կարծում եմ՝ առաջիկայում ևս նմանատիպ միջոցառումները կանցնեն պատշաճ մակարդակով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter