ՄԵԹՈԴՓՆՋԻ ՆԻՍՏ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
06.03.2019 09:54

Մարտի 5-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մեթոդփնջի նիստ՝ Խրամորթի, Խնապատի, Նախիջևանիկի և Ուղտասարի միջնակարգ դպրոցների մեթոդմիավորումների ուսուցիչների և տնօրենների մասնակցությամբ։ Ներկա էր նաև վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։ Դպրոցում կազմակերպվել էին բաց դասեր՝ 3-րդ Ա, 6-րդ և 8-րդ դասարաններում։

Դասվար Քրիստինե Օհանյանի դասարանում անցկացված

դասը՝ կերպարվեստ առարկայից կրում էր տարվա եղանակին համահունչ անվանում՝ Գարուն։ Դասասենյակում իրոք գարուն էր, իր ողջ հմայքով, ներկապնակի վառ գույներով, ուսուցչուհու՝ աշակերտների հետ ջերմ ու անմիջական շփումով։ Առարկայի նպատակն է ընդլայնել աշակերտների գեղարվեստական կրթությունը, գեղեցիկն ու ընդօրինակելին գնահատելու հմտություն ներարկելու, բարոյական դաստիարակություն հաղորդելու։

Դասապրոցեսի ընթացքում արհեստավարժ ուսուցչուհու շնորհիվ աշակերտները  կերպարվեստի մասին ոչ միայն գիտելիքներ են ձեռքբերել, այլև  նրանց մոտ ձևավորվել է արվեստի այս ճյուղի նկատմամբ մեծ հետաքրքրասիրություն՝ ձգտելով ավելիի։

Պարզություն, ճշմարտություն, բանականություն՝ այս սկզբունքներով է բնորոշում Ք. Օհանյանն արվեստը, և յուրաքանչյուրս մեր առօրյա կյանքում շփվելով արվեստի հետ՝ այն մեծ ազդեցություն է ունենում մեր հուզական և հոգեկան աշխարհի վրա։ Եվ ուսուցչուհու նպատակն է ուսուցանել աշակերտներին շրջապատում տեսնել, ընկալել միայն գեղեցիկը գնահատել այն և ապրել, արարել գեղեցիկ։ Չէ որ ինչպես ասում են՝ գեղեցիկը կփրկի աշխարհը։

Դասապրոցսի ընթացքում ուսուցչուհին կիրառելով տարբեր ուսուցողական մեթոդներ և հնարքներ, դիտման, պատկերացման, հիշողության, ձևավորման միջոցով միաժամանակ ազատություն և հնարավորություն է տալիս աշակերտներին իրենց պատկերացումները, գիտելիքները թղթին հանձնելու հնարավորություն։ Ուշագրավ էր, որ աշակերպտները նկարում էին ոչ միայն թղթի, այլև քարի, ապակու վրա։ Դասարանը կարծես  արվեստանոց  լիներ, որտեղ պիտի ծնվեն արվեստի լուրջ ստեղծագործություններ։ Թերևս, դատելով ուսուցչուհու գործադրած ջանքերից, կարող ենք համոզմունք հայտնել, որ դասարանում ուսանում են Արցախի ապագա արվեստագետներ։

Հերթական բաց դասն անցկացվեց 6-րդ՝ դպրոցի ամենաբազմամարդ դասարանում։ Մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Հայրապետյանը նախ անցածը կրկնելու միջոցով հնարավորություն է տալիս աշակերտներին բացահայտել օրվա թեման՝ այն է հավասարում մեկ անհայտով։ Դասապրոցեսի ընթացքում նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ դասը դարձնում է ավելի հետաքրքիր, կարողանում է դասապրոցեսին մասնակից անել բոլոր աշակերտներին։ Ռ. Հայրապետյանի հավաստմամբ, մաթեմատիկական յուրաքանչյուր դասապրոցես ևս մեկ հնարավորություն է զարգացնել աշակերտների ընդհանուր աշխարհայացքը, մտածողությունը, հիշողությունն ու ուշադրությունը՝ այս ամենին համադրելով սեփական արժեքները գնահատելու ունակություն և որ ամենակարևորն է՝ հայրենասիրություն։


8-րդ դասարանում կազմակերպված բաց դասն անգլերենից՝ Լոնդոնի տեսարժան վայրերը թեմայով էր։ Ուշագրավ էր ուսուցչուհի Ինգա Զաքարյանի՝ աշակերտների հետ ողջ դասապրոցեսի ընթացքում անգլերեն լեզվով հաղորդակցվելը։ Դասի նպատակն է զարգացնել և ընդլայնել աշակերտների ընդհանուր և միջմշակութային հեռանկարները։ Դասապրոցեսի ընթացքում ուսուցչուհին կիրառեց բացատրական, ցուցադրական, վերարտադրողական մեթոդներ, զուգահեռներ անցկացնելով անգլիական և հայկական մշակույթների միջև, հորդորելով աշակերտներին լինել շրջահայաց, իմանալ, գնահատել այլ ազգերի մշակույթը՝ երբեք չմոռանալով հայկականը։ Ասել է թե՝ գնացեք շրջեցեք երկրե-երկիր, բայց վերադարձեք Հայրենիք։


Մեթոդմիավորումների փնջի դասերն ավարտելուց հետո տեղի ունեցան բուռն քննարկումներն։ Ակնհայտ առավելությունների մոտ տեղի գտած փոքր թերություններն ու բացթողումներ ևս կային։ Հենց դրան էլ միտված են փնջային դասերը, փորձի փոխանակում, ընդօրինակում, առկա թերությունների վեր հանում, դրանց վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում։

Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյանը խոսելով կերպարվեստ առարկայի դասավանդման նման մեթոդի մասին, ասեց, որ նման առարկաները կարծես թե երկրորդական պլան են մղված, սակայն այդ առարկաների դասավանդումը մեծ ազդեցություն են ներգործում մատաղ սերնդի մոտ մարդկային որակներ ներարկելու առումով։ Հրաշալի դաս էր կազմակերպել Քրիստինե Օհանյանը, որից ոչ միայն աշակերտները, այլև բոլոր ներկաներն ինչ-որ բան տարան իրենց հետ։ Շրջապատի հանդեպ հոգատար վերաբերմունք, գեղեցիկի ընկալում, գնահատում՝ սա էր դասի նպատակը և ուսուցչուհին տարաբնույթ մեթոդներ կիրառելով,  միջառարկայական կապեր հաստատելով հասել է իր նպատակին։ Ահռելի աշխատանք էր կատարել ուսուցչուհին, և հնարավոր չէ կարճ ժամանակամիջոցում նման արդյունքի հասնել։ Երեխաների՝ առարկայական բառապաշարին տիրապետելը հենց ասվածիս վառ ապացույցն են։ Դասի մասին իրենց կարծիքներն արտահայտեցին տարրական դասարանների դասվարները՝ գնահատելով այն բավականին հագեցած, ուսանելի և ընդօրինակելի։

Խնապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյուդմիրա Մոսիյանն առաջին անգամ չէ, որ ներկա է գտնվում Ռուզաննա Հայրապետյանի դասերին, որոնք միշտ առանձնակի հետաքրքրությամբ են անցել։ Չնայած դասարանը բազմամարդ է ուսուցչուհին կարողացավ բոլոր աշակերտներին ընդգրկել դասապրոցեսում։ Կիրառվել են տարաբնույթ մեթոդներ, դասն ավելի հետաքրքիր և դյուընթեռնելի դարձնելու համար։ Դասի մուտքը ևս կատարվեց հետաքրքիր ձևով։ Դասը յուրօրինակ էր նոր թեմայի, չնայած այն բավականին բարդ և տարողունակ է, մատչելի մատուցմամբ՝ փոխկապակցելով այն տարբեր առարկաների, հայրենասիրության հետ։

Դասարանի բազմամարդ լինելու փաստը ուրախալի էր դպրոցների տնօրենների համար։ Չէ որ դպրոցներ կան, որոնց աշակերտների քանակը հաճախ 26-ը չի գերազանցում։ Այս առումով Ուղտասարի հիմնական դպրոցի տնօրեն Վլադիմիր Հակոբջանյանը երանությամբ է խոսում, համոզմունք հայտնելով, որ տարիներ հետո Ուղտասարի դպրոցը ևս նման դասարաններ կունենան։ Ինչ վերաբերում էր առարկայի դասավանդմանն ու ընդհանրապես դասալսումներին, փաստեց, որ աշակերտների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքներն ակնհայտ էին։

Խոսելով օրվա դասալսումներից Խրամորթի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը դրանք որակեց որպես ընդօրինակման արժանի դասեր։ Հատկապես ուշագրավ էր կերպարվեստի դասը, որը ինչպես և նախատեսել էր ուսուցչուհին գարնան ողջ բույրն ու հմայքը հաղորդել էր ներկաներին։ Իսկ ֆիզկուլտդադարի ընթացքում երեխաների կողմից Սուտլիկ որսկանի բեմականացում երեխաների բազմակողմանի զարգացվածության մասին էր խոսում։

Անգլերենի դասի մասին իրենց տեսակետներն արտահայտեցին Խնապատի և Նախիջևանիկ միջնակարգ դպրոցների անգլերենի ուսուցչուհիները, ովքեր հիացած էին Ինգա Զաքարյանի ուսումնական նյութի համակողմանի մատուցմամբ։ Հատկապես հետաքրքիր էր Լոնդոնի տեսարժան վայրերի համադրումը Հայաստանի տեսարժան վայրերի հետ, ինչպիսիք են Ստոունհենջն ու Քարահունջը։ Իհարկե դժվար է չտարվել, չհիանալ Լոնդոնով, սակայն ուսուցչուհին հորդորում է աշակերտներին ճանաչել, գնահատել տարբեր ազգերի մշակույթը, սակայն գործել, պահպանել, տարածել սեփական մշակույթը։ Սա է իրական հայրենասիրություն, որն ամեն դասապրոցեսի ընթացքում մատուցվում է աշակերտներին։

Ի դեպի տեղին եմ համարում նշել, որ բոլոր դասաժամերին կարմիր գծի նման անցնում էր հայրենասիրության, հայրենապահպանության, հայրենիքին պիտանելի լինելու ուղղությամբ ուսուցիչների հորդորները։

Ինչպես տեղեկացրեց Մարելլա Ավանեսյանը, ընթացիկ ուսումնական տարում մեթոդմիավորման դասեր են անցկացվել նաև Նախիջևանիկում և Խրամորթում։ Ի տարբերություն մնացած տարիների, այս ուսումնական տարվա բաց դասերի անցկացման ժամանակ հիմնական շեշտը դրված էր բնագիտական առարկաների վրա։ Բոլոր դպրոցներում էլ կազմակերպվել են բաց դասեր մաթեմատիկա առարկայից, որոնք անցել են բավականին բարձր մակադակով, փոխըմբռնման և բուռն քննարկումների մթնոլորտում։ Գնահատելի է մեթոդփնջի շրջանակներում փոխադարձ համագործակցությունը, հարգանքը, պատրաստակամությունը միմյանց օգնելու և համագործակցելու առումով։ Այդ քննարկումների արդյունքում են վեր հանվում լավն ու ընդօրինակելին։ Եվ մեթոդմիավորումների արդյունավետ աշխատանքը դրանով է պայմանավորված՝ ուսումնական որակի բարձրացմանն ուղղված նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ  նոր մեթոդներ կիրառելով պարբերաբար բարձրացնել ուսման որակը։ Տնօրենը համոզմունք հայտնեց, որ միշտ էլ գտնվում են նվիրյալներ, ովքեր անմնացորդ նվիրվում են իրենց գործին, և Արցախ աշխարհին հենց այդպիսի անհատներ են պետք, ովքեր միշտ բան կունենան տալու, ուսուցանելու։

Կառլեն Մայիլյանն ամփոփելով դասալսումների մասին ուսուցիչների և տնօրենների արտահայտած կարծիքները, նշեց, որ դասալսումներ անցկացրած դասարանների ուսուցիչները բացի նեղ մասնագիտական գիտելիքներից ունեն նաև ուսուցչին անհրաժեշտ զարգացվածության մակարդակ։ Բոլորովին գաղտնիք չէ, որ աշակերտը նախ սիրում է ուսուցչին, հետո նրա դասավանդած առարկան։ Իսկ ուսուցիչն իր շրջահայացությամբ ու  անձնական օրինակնով պիտի դաստիարակի իր աշակերտներին, ինչը եղել ու մնում է առաջնային ու արդիական։ Դասերն ընդօրինակելի էին թե մատուցման ձևերով, թե միջառարկայական կապերն ապահովելու, տարբեր հնարքների կիրառմամբ առարկաներն ավելի հետաքրքիր դարձնելու առումներով։ Կ. Մայիլյանը նաև դասերի ժամանակ տեղ գտած փոքր բացթողումների մասին խոսեց, որոնք ավելի շատ պայմանավորված էին մատուցվող նյութերի առատությամբ։ Նաև արձանագրելով, որ առողջ քննադատությունն  ապահովում է վեր հանել լավն ու ուսուցողականը։

Վերջում մեթոդփնջի անդամները մասնակցեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառմանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter