ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆԴ ԿԻՆ Է
08.03.2019 18:15

Ամեն ինչում տեսնել գեղեցիկը, ուսանելին, բարին ու լավը, ապրել դրանով ու շրջապատին հաղորդակից դարձնել այս ամենին։ 45 տարվա աշխատանքային բուռն տարիներն այդ նպատակներին է ծառայեցրել Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը։ Եվ այսօր բոլորելով ծննդյան 65-ամյակը և հետադարձ հայացք ձգելով հարուստ ու անմոռաց հուշերով լի կյանքի ուղուն՝ միայն հպարտության զգացում է ապրում։

Տիկին Աղաջանյանի հետ զրուցեցինք կանանց, հայ կնոջը բաժին հասած դառը ճակատագրի մասին, և մեր կարծիքները հաճախ խաչվում էին։ Ուսանելին, ընդօրինակելին շատ է, խոսքը գեղեցիկ, պոզիտիվ, ինչը, կարծում եմ զրուցակցիս մարդամոտ բնավորությունից է գալիս։ Մեր զրուցը հաճախ էր ընդհատվում հեռախոսազանգերի պատճառով։ Շնորհավորանքներ, ջերմագին մաղթանքներ ծննդյան, ապա նաև Մարտի 8-ի կապակցությամբ։

-Տիկին Աղաջանյան, միանում ենք այսօրվա հնչած բոլոր բարեմաղթանքներին՝ ցանկանալով բարօրություն, առողջություն։ Եկեք միասին պարզաբանանք, ի վերջո, ո՞վ է կինը։

-Կինը, իմ կարծիքով առեղծվածային էակ է, անչափ ուժեղ, ամենազոր։ Կինը կյանք ու սեր է, և կնոջ հանդեպ մեծ սիրուց են ծնվել աշխարհի բոլոր հրաշալիքները։ Նա ոգեշնչման հավերժ աղբյուր է։  Ընտանիքում կինն առաջին հերթին հանդուրժող, համբերատար, համեստ, շրջահայաց պիտի լինի, քանի որ նրանից շատ բան է կախված։  Յուրաքանչյուր ընտանիքի հաջողություն պայմանավորված է կնոջ կազմակերպված գործունեությամբ։ Ինչպես ասում են՝ կնոջից է գալիս ամեն լավը, նա և՛ կյանք տվողն է, և՛ այդ կյանքն իմաստալից դարձնողը։ Առանձնահատուկ են հայ կանայք։ Ինչպես ասում են՝ կնոջ հայրենասիրությունը որպես աստվածային կրակ, բոց ու ջերմություն՝ կարթնացնի քնած առյուծն իր ժողովրդի մեջ: Եվ օրհասական պարհերին, կինը միշտ հավատարիմ է մնացել իր վեհ կոչմանը, մարտի դաշտում նա անձնվեր զինվոր էր, կարեկից ու բարեգութ քույր, խաղաղ պայմաններում Հայրենիք շենացնող։

-Տիկին Աղաջանյան, կյանքի հարուստ փորձ ունեք, ի՞նչն եք կարևորում կյանքում։

-Ցանկացած իրավիճակում, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից՝ Մարդ մնալու, Մարդ լինելու հանգամանքն ամենակարևորն է կյանքում։ Մարդու մեծությունը հասարակ լինելու մեջ է։ Դա է հաջողության հասնելու միակ գրավականը։ Ասվածիս վառ ապացույցին այսօր մասնակից դարձա։ Առավոտյան վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն անակնկալ մատուցեց՝ անձամբ ներկայանալով և ծննդյանս 65-ամյակն ու կանանց միջազգային տոնը շնորհավորելով։ Իրոք գեղեցիկ անակնկալ էր, ինչը կամբողջացնի ապրածս կյանքի լավագույն հուշերը։ Սա խոսում է նրա մեծահոգության, աշխատողին գնահատելու, նրանց հանդեպ հարգանք տածելու մասին։ Բազմիցս ապացուցված է, որ ղեկավարելը մասնագիտություն է, որին ոչ բոլորն են տիրապետում։ Եվ հաջողություններ են գրանցվում այնտեղ, որտեղ կա թիմային աշխատանք։

-Ինչպե՞ս եք գնահատում ձեր անցած կյանքի ուղին։

-Կյանքի հարուստ ու անգին հուշեր ունեմ, ինչը թույլ չի տալիս հոգու սով ապրեմ։ Ունեցել եմ հանգիստ ու անհոգ մանկություն, կազմակերպված ու իմաստալից երիտասարդություն։ Անմոռանալի ու ջերմ հուշեր ունեմ ուսանողական տարիներից, որոնց ընթացքում էլ դրվել են իմ ընտանիքի ամուր հիմքերը։ Ուսանողական տարիների ընկերությունն իմ ու Սլավիկ Միրզոյանի միջև վերածվեցին ընտանեկան հանգիստ, խաղաղ ու ստեղծագործ կյանքի, որտեղ տեղ ունեին և՛ շրջագայությունները, և ջերմ ու անմիջական շփումները շրջապատի հետ։ Միասին եռանդուն աշխատանքային ճանապարհ ենք հարթել՝ մեր առջև ունենալով գեղեցիկ տեսլականներ, որոնք սակայն խաթարվեցին պարտադրված պատերազմով։ Չնայած այս ամենին, ես դեռևս ինձ օգտակար եմ զգում շրջապատիս համար։

-Ո՞վ է տիկին Էվելինան տանը և աշխատանքում։

-Չնայած ընտանիքում ծանրաբեռնված չեմ, բայց ելնելով իմ բնավորության գծերից, և, որ կարևորում եմ, ծնված լինելով ձիու տարում, ունենալով ազատատենչ ոգի ու թևածող երազներ՝ սիրում եմ իրականացնել այն ամենն, ինչ ինձ համար հաճելի և ընդունելի է։ Երբեք չեմ ընկճվում, չեմ նեղվում, նույնիսկ օրհասական պահերին ինքս եմ թելադրում իմ դեղատոմսը, այդպիսով կարողանալով շրջապատին երևալ ուրախ, կենսախինդ ու գործունյա։ Չնայած կյանքում դառնություններ եմ կրել, բայց և այնպես ցանկացած իրավիճակում կարողացել ու կարողանում եմ ինձ տիրապետել։ Փառք Աստծո, մենակություն չեմ զգում։ Ցանկացած իրավիճակում մարդ ի վիճակի է հաղթահարել  մենությունը։ Սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, իմ առօրյայի բաղկացուցիչ մաս է կազմում միայնակ ծերերին, կարիքավոր ընտանիքներին այցելելը, թեկուզ և հեռախոսով նրանց որպիսությունն իմանալը։ Ունեմ ընկերական ջերմ շրջապատ, ինչով հպարտ եմ։ Ես երախտապարտ եմ  իմ ճակատագրին, որ աշխատանքային գործունեությանս ողջ ընթացքում ունեցել եմ առողջ աշխատանքային կոլեկտիվ, ինչն ավելի է նպաստել աշխատանքային պարտականություններս բարձր մակարդակով կատարելու համար։

-Ըստ ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի կինը։

- Ցանկացած տարիքում, ցանկացած իրավիճակում կինը պետք է պահպանի իր քնքշությունը, կանացիությունը, հմայքը, համեստությունը։ Ու ինչքան կրթված ու գրագետ է կինը, այնքան պիտի խոնարհ ու համեստ լինի։ Ինչպես հայտնի է, մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի: Բայց ինչ էլ որ խոսեն հոգու գեղեցկության մասին, առաջին տպավորություն ստեղծողը հենց արտաքինն է:Շատ կարևոր է կնոջ հագ ու կապը, չէ որ շրջապատը առաջին հերթին կնոջն ընկալում է տեսողությամբ, ուստի նրա արտաքին տեսքը միշտ պետք է համապատասխանի տարիքին ու պահվածքին։ Իսկ երբ համադրվում են բոլոր կարողությունները, ու նաև խոհարարական հմտությունները, կինը դառնում է տղամարդու իսկական իդեալ։

-Տիկին Աղաջանյան իսկ դուք սիրո՞ւմ եք խոհանոցը և ի՞նչ եք սիրում պատրաստել։

-Խոհանոցն իմ տարերքն է, ու այստեղ ինձ ամեն ինչ հաջողվում է։ Ճակատագրի բերումով մենակ եմ և հաճախ ձեռնպահ եմ մնում։ Իսկ այ շաբաթն ու կիրակին թոռներիս բնորոշմամբ՝ տատիկի օրերին ես խոհանոցում եմ, կատարելով իմ սիրելիների ցանկացած քմահաճույք։ Հայկական ավանդականից մինչև ժամանակակից ճաշատեսակներ մեծ սիրով եմ պատրաստում, այլ կերպ ասած դրանց մեջ հոգի եմ դնում։

-Առողջություն և երջանկություն ենք ձեզ մաղթում, քանզի եթե կինը երջանիկ չէ նա չի կարող երջանկացնել։

-Լիովին համաձայն եմ։ Եթե ընտանիքում կինը երջանիկ է, ապա այնտեղ միշտ թագավորում է համերաշխությունը, փոխադարձ հարգանքը։ Ես նույնպես շնորհավորում եմ բոլոր հայուհիներին գարնանաբույր տոնի առթիվ՝  մաղթելով նրանց ամենայն բարիք։ Հայ կինն արժանի է ամենաբարձ գնահատանքին։ Իսկ ներկայիս պայմաններում մեր ցանկությունն ու մաղթանքը խաղաղությունն է։ Լինենք մեր կոչմանը հավատարիմ, ապրենք նպատակասլաց՝ ի նպաստ մեր ժողովրդի։ Յուրաքանչյուրս մեր բնագավառում, անձնվեր ու հայրենանպաստ աշխատանքով մեր ջանքերն ու կարողություններն ուղղենք Արցախ աշխարհի շենացմանը, նրա տարեգրության մեջ մնայուն հետք թողնելուն։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter