ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇԵՔՍՊԻՐՆ ԻՐ ՈՂՋ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ
08.03.2019 17:18

Երջանի՜կ եմ ես, որ սիրում եմ և սիրվում անդադար,

Երբ չեմ մոռանում և չեմ մոռացվում սիրելուս համար:

Ուիլյամ Շեքսպիր

16-րդ դարի վերջը և 17-րդ դարի սկիզբը համարվում է անգլիական գրականության ոսկե դար, որը կոչվում է Վերածննդի ժամանակաշրջան և այս ամենը շնորհիվ անգլիացի մեծ բանաստեղծի, դրամատուրգի, դերասանի, ում անունն է Ուիլյամ Շեքսպիր: Նա ամենալավ թատերագիրն է, որը երբևէ ծնվել է աշխարհում, և առ այսօր չի բացահայտվել Ուիլյամ Շեքսպիր <<ֆենոմենը>>:

Շեքսպիրը սիրո և գեղեցկության մեծ բանաստեղծ է և պատահական չէ, որ մարտի 8-ին՝ կանանց միջազգային տոն օրն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում նվիրված մեծանուն մարդուն:

Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ, Ն զորամասի զինվորներ:

Անգլերենի ուսուցչուհի Շուշան Մինասյանը, ում նախաձեռնությամբ դպրոցի 10-րդ բնագիտական հոսքի աշակերտները նախապատրաստել էին այս հիանալի միջոցառումը, հանդես եկավ ողջույնի խոսքով.

-Շեքսպիրը համարվում է խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը:  Նա հաճախ կոչվում է Անգլիայի ժողովրդական բանաստեղծ: Նրա պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործությունները:

20-րդ և 21-րդ դարերում Շեքսպիրի ստեղծագործությունները մշտապես բեմադրվում են և վերաբացահայտվում գիտական և թատերական նոր շարժումների կողմից։ Նրա պիեսները շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել և ուսումնասիրվում, բեմադրվում և վերամեկնաբանվում են մշակութային ու քաղաքական տարբեր համատեքստերում:

Դպրոցականները սահուն անգլերենով ներկայացրեցին Ուլյամ Շեքսպիրի կյանքն ու գործունեությունը:

Շեքսպիրի ստեղծագործությունների մեծ մասը գրվել են 1589-1613 թվականներին: Նրա վաղ ստեղծագործությունները եղել են հիմնականում կատակերգություններ և պատմական պիեսներ, որոնք դասվում են այդ ժանրերի լավագույն նմուշների շարքում։

Շեքսպիրի գլուխգործոցներն են «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիուս և Կլեոպատրա», «Կորիոլանուս» ողբերգությունները։ Դրանցում պատկերված են բացառիկ անհատականություններ՝ իրենց ընդգրկուն, ընդհանրացնող մտածողությամբ, խորունկ, զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների տատանումներով․ նրանք ունակ են սեփական ցավերի ու ճակատագրի հորձանուտում անգամ տեսնելու հասարակական, համամարդկային երևույթներ: Նրանց հակադրությունն ու գոտեմարտը հասարակական ուժերի հետ ավարտվում են ողբերգությամբ թե՝ իրենց, թե՝ շրջապատի համար։ Ողբերգությունների գլխավոր հերոսները գտնվում են անհատական, ընտանեկան, հասարակական, քաղաքական, ազգային-ռասայական հակամարտությունների այնպիսի հանգուցակետերում, երբ նրանց անհատական հատկանիշները, հարաբերություններն իրենց միջավայրի մյուս անձանց հետ, տիրապետող ըմբռնումների և օրենքների հետ պայմանավորում են նրանց ճակատագրի ելևէջները:

Յուրաքանչյուր ողբերգության մեջ Շեքսպիրը բացահայտում է անհատի ներաշխարհին և մարդկային հասարակությանը վերաբերող անվիճելի ճշմարտություններ, անարդար հասարակարգն ուղղելու համար անբավարար են հանճարեղ և ազնիվ անհատի՝ Համլետի և նրա հավատարիմ կուսակցի մտքի լարումն ու գործուն վարքը։ Հաշվենկատ, խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել։ Որպեսզի Լիրը արդարամիտ արքա դառնա, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան, անոթի մարդկանց կյանքով։ Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող հասարակարգի օրենքները Մակբեթին մղում են խլելու իրեն չպատկանող գահը, և նա իր ունեցած լավագույնի հետ կորցնում է նաև կյանքը։ Անտոնիուսը և Կլեոպատրան, որ աշխարհի կեսի տիրակալներն են, չեն կարող անմնացորդ հանձնվել իրենց զգացմունքներին, պարտավոր են ենթարկվել այն աշխարհի օրենքներին, որի վրա, կարծես թե, իշխում են։ Կորիոլանուսի ուղղագիծ շիտակությունը մերժվում է հռոմեական պլեբսի կողմից, մինչդեռ նրանց միջև հակամարտություն չէր լինի, եթե նա ընտրեր կեղծավորության ուղին, ողբերգական ընթացք է ստանում թե՝ հերոսի, թե՝ ժողովրդի ճակատագիրը։ Հակասականության անքակտելի հանգույցներ են ներկայացնում այս ողբերգությունների նաև երկրորդական ու երրորդական հերոսների բնավորություններն ու ճակատագրերը:

Բազում սոնետների հեղինակ է Շեքսպիրը, որոնք բոլորն ուղղված էին մի առեղծվածային կնոջ՝ սև մազերով և կապույտ աչքերով, ում անունն այդպես էլ չի բացահայտել նա:

10-րդ դասարանցիները մեծ հպարտությամբ էին ներկայացնում մեծ հանճարին հայ իրականության և հայկական բեմի վրա: Մեծանուն հայ դերասան Վահրամ Փափազյանը Օթելլոի դերում աննկրկնելի էր:

Աշակերտները փոքրիկ բեմականացմամբ ներկայացրեցին <<Ռոմեո և Ջուլիետ>> պիեսից մի փոքրիկ դրվագ, որը հուզմունք, սրտաշարժ զգացմուներ հաղորդեց հանդիսատեսին: Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ցուցադրվում էին տեսանյութեր՝ կապված Շեքսպիրի ծննդավայրի, նրա հիմնած թատրոնի,  ստեղծագործությունների հետ:

5-րդ դասարանի աղջիկները այնքա՜ն քնքշորեն, այնքա՜ն նազանքով էին ներկայացնում հրեշտակների պարը, որ յուրաքանչյուրին պարուրել էր հոգեզմայլ հույզեր, իսկ պարը յուրօրինակ մի սեր էր մոր հանդեպ և ազդարարում էր մանկան ծնունդ:

Տոնական և գեղեցիկ այս օրն ուներ նաև մեկ այլ խորհուրդ, 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Առուշանյանի ծննդյան տարեդարձն էր: Ծափերի և ուրախ բացականչությունների ներքո բոլորը շնորհավորեցին նրան՝ մաղթելով մնալ միշտ այդպես համեստ, խելոք և գեղեցիկ:

Ապա աշակերտները ծաղիկներ նվիրեցին ուսուցիչներին:

Հիասքանչ միջոցառումը եզրափակեցին զինվորների կատարումները և բարձր ու տոնական տրամադրությամբ ներկաները հեռացան դահլիճից՝ իրենց հետ տանելով ամենաքնքուշ զգացմունքներ:

Ինչ խոսք, միջոցառումը, որի կազմակերպման համար ջանք ու եռանդ չէին խնայել ո՛չ աշակերտները, և ո՛չ էլ ուսուցիչները, մեզ հնարավորություն տվեց փոքր ինչ ծանոթանալու Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններին: Համոզված եմ՝ որ մեզանից շատերն այդ օրը որոշեցին անպայման կարդալ հանճարի գործերից որևէ մեկը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter