ՀԱՂԹԵՑ ԻՎԱՆՅԱՆԻ ԹԻՄԸ |
12.03.2019 15:16 |
Մարտի 12-ին Ասկերանում մեկնարկեց <<Արծվիկ>> ռազմամարզական խաղերի շրջանային փուլը, որին մասնակցում էին Ասկերանի, Ավետարանոցի, Պատարայի, Իվանյանի, Խնածախի, Այգեստանի միջնակարգ դպրոցների թիմերը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանը, դպրոցների զինղեկներ: Կառլեն Մայիլյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց այս խաղերի նպատակն ու նշանակությունը: -Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ մենք ունենք դարավոր թշնամի, ով երբեք չի քնում: Հայրենիքի սահմանների պաշտպանությունը բոլորիս սրբազան պարտքն է, և հենց դրան են միտված այսօրինակ մրցույթների կազմակերպումը: Մեր պատանիները պարտավոր են հնարավորինս լավ նախապատրաստվել բանակին՝ լինելով ուժեղ, մարզված ու ողջամիտ: Այսօր հավաքվել են մեր լավագույն ռազմական և ֆիզիկական պատրաստություն ունեցող դպորցականները, ովքեր ամիսներ ի վեր նախապատրաստվել են, որպեսզի մեզ ցույց տան իրենց հմտություններն ու կարողությունները: Ողջունելի է շարքերում տեսնել նաև տղաներին ոչնչով չզիջող այս խիզախ աղջիկներին: Ձեզ մաղթում եմ ուժեղ և արդար պայքար, թող հաղթի ուժեղագույնը: Պետք է շեշտել որ բոլոր թիմերն էլ լավ էին նախապատրաստված և խաղերի ընթացքում դրսևորում էին բարձր պատրաստվածություն: Թեժ պայքարի ընթացքում նրանց հետ հուզվում էին նաև մարզիչները: Ակնհայտ էր, որ յուրաքանչյուր թիմ ցանկանում էր հաղթող ճանաչվել: Մրցանակային հանձնաժողովի գնահատականներով առաջին տեղն զբաղեցրեց Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջանակարգ դպրոցի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան և Այգեստանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը: Հաղթող թիմերն արժանացան Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պատվոգրերի, իսկ Իվանյանի դպրոցի թիմն ստացավ նաև դրամական պարգև: Դե ինչ, Իվանյանի թիմին մաղթենք հաջողություններ հանրապետական փուլում, որը կկայանա մարտի 18-ից 21-ը: Հուսանք, որ կկարողանան պատվով ներկայացնել Ասկերանի շրջանը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|