ՀԱԳԵՑԱԾ ՕՐԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՄՊՍԿ-ՈՒՄ
11.03.2019 15:30

Կանանց միջազգային տոն օրվա առթիվ Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Սաները սրտի թրթիռով էին սպասում բոլորի համար սպասված այդ տոնին: Մարտի 8-ին կենտրոնի սրահը զարդարված էր սաների ձեռքի փայլուն աշխատանքներով: Յուրաքանչյուր գործ մի յուրահատուկ իմաստ էր արտահայտում, փառավորում նայողի սիրտը, մեր առջև բացում անաղարտ ու հմայիչ մի աշխարհ:

Գարնանային ծաղիկները, որ ավետում էին գարնանամուտը, անուշ բույր էին տարածում իրենց շուրջը: Տոնական ու հանդիսավոր այդ օրը բոլորն ուրախ ու երջանիկ էին:

Կենտրոնի տնօրինության կողմից

պատի թերթի ձևավորման մրցույթ էր կազմակերպվել, որին մասնակցում էին Ասկերանի, Իվանյանի, Պատարայի, Բերքաձորի, Խնածախի, Հովսեփավանի, Այգեստանի, Նորագյուղի, Ավետարանոցի մասնաճյուղերի սաները: Հրաշագեղ այդ աշխատանքներում սեր, բարություն և մաքրություն էր իշխում: Բնությունը զարթոնք էր ապրում, զգացվում էր գարնան շունչը, իսկ ամենապատվավոր տեղում մայրն էր՝ իր ողջ քնքշանքով, վեհությամբ: Սաներն իրենց նկարներում մեծ տեղ էին տվել մոր հանդեպ ունեցած իրենց զգացմունքներին:

Լավագույն աշխատանքներ ճանաչվեցին Ասկերանի, Խնածախի, Բերքաձորի ու Ավետարանոցի մասնաճյուղերի ներկայացված պատի թերթերը և կենտրոնի տնօրինության կողմից արժանացան պատվոգրերի: Ակտիվության համար պարգևատրվեցին նաև մյուս թիմերը:

Մարտի 9-ին կենտրոնում շարունակվում էր տոնական տրամադրությունը:  Կազմակերպվել էր <<Դե՛, ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր>> խորագրով մրցույթ, որին մասնակցում էին <<Ծիածան>>, <<Արև<< և <<Ծաղկեփունջ>> թիմերը: Երեխաները մեծ պատասխանատվությամբ էին նախապատրաստվել մրցույթին, յուրաքանչյուր թիմ ցանկանում էր հաղթող ճանաչվել: Շնորհաշատ սաները վարպետությամբ էին ցույց տալիս իրենց հմտությունները: Ակներև էր խմբակավարների նվիրական աշխատանքը, որը երևում էր երեխաների մոդելավորման, վարսահարդարման, ձեռքի աշխատանքների ոլորտներում: Մրցույթի ընթացքում երեխաները հանդես էին գալիս երգ ու պարով՝ դրանով իսկ ավելի մեծ խանդավառություն պարգևելով ներկաներին: Միջոցառումն անցնում էր հաճելի և տրամադրող մթնոլորտում:

Բոլոր թիմերն էլ ակտիվ էին, սակայն հաղթեց լավագույն <<Ծիածան>> թիմը:

Հիրավի, մրցույթ-միջոցառումը լավ էր կազմակերպվել: Ճիշտ է, <<Արև>> և <<Ծաղկեփունջ>> թիմերը փոքր ինչ տխրել էին, սակայն հետո հասկացան, որ հաջորդ անգամ էլ իրենք կհաղթեն և սրտանց ուրախացան հաղթող թիմի համար:

Մրցույթի բոլոր աղջիկները կենտրոնի կողմից արժանացան պատվոգրերի և ուրախությունն ու համերաշխությունը թևածեց դահլիճում:

Դե ինչ, թող մեր երեխաների աչքերը միշտ շողան անսպառ ուրախությունից, թող նրանց կյանքում միայն հաղթանակներն ու բերկրալից օրերը հաջորդեն:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter