ՍԱՄՎԵԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ - 100 |
23.02.2012 15:46 |
Ես այն երջանիկներից եմ, ում բախտ է վիճակվել աշխատելու մի պայծառ ու լուսե անձնավորության՝ դպրոցին ու գործին նվիրված, պրպտող ու ստեղծագործող անզուգական մի մարդու՝ 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ Սամվել Մկրտիչի Ղուկասյանի հետ։ Այսօր ես իմ առջև խնդիր եմ դրել մեր ընթերցողին ամբողջապես ներկայացնելու Սամվել Ղուկասյան Մարդ-երևույթին՝ իր բոլոր գույներով։ Ուղղակի վերջերս կարդացի §Լուսարար¦ թերթում տպագրված մեր ուսուցչապետերից մեկի՝ վաստակաշատ մանկավարժ Անուշավան Պողոսյանի §Բազմավաստակ մանկավարժը¦ բովանդակալից հոդվածը եւ իմ մեջ ցանկություն առաջացավ մի քանի պատառիկներ ներկայացնել մեծ մանկավարժ Սամվել Ղուկասյանի ցնցումներով լի կյանքից։ Սամվել Ղուկասյանը ուսուցիչ էր՝ բառիս բուն իմաստով, ուսուցիչ՝ կոչումով, մանկավարժական տակտով ու կուլտուրայով, երեխաների նկատմամբ ունեցած իր անսահման սիրով ու հարգանքով, նրբազգացությամբ, սրտացավությամբ, մանկավարժական պահանջկոտությամբ, ում հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել բավական տարիներ Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում։ Նա խոսքի մեծ վարպետ էր, նրա խոսքը հմայիչ էր ու դյուրին, քաղցր ու մեղրաշաղախ։ Սամվել Ղուկասյանը լսելու մեծ կարողություն ունեցող ցանկալի զրուցակից էր, ճիշտ եզրահանգում անող, խորը դատող ու նաեւ լավ խորհրդատու։ Սիրում էր գիրքը, շատ էր կարդում, ապրում էր գրքերի աշխարհում։ Նա գրքի իսկական քարոզիչ էր։ Գյուղացու հետ գյուղացուն հասկանալի լեզվով էր խոսում, գիտնականի հետ՝ նրան համահավասար լեզվով։ Նա շատ սրամիտ էր, որի խոսքը ժամանակին կրակող էր։ Հիշում եմ, թե ինչպես Կարմիր գյուղի միջնակարգում տեսչական ստուգումներ էին կատարվում։ Տեսուչներից մեկը՝ Արկադի Գրիգորյանը, ստուգում էր պատմության և աշխարհագրության դասավանդման դրվածքը դպրոցում։ Հերթական դասալսումից հետո պատմության եւ աշխարհագրության ուսուցչուհին (պատմության լավ ու ճանաչված մասնագետ էր, թույլ տվեք անունը չհիշատակել) և տեսուչը վիճելով ուսուցչանոց են մտնում։ Արկադի Գրիգորյանը նախատում էր ուսուցչուհուն աշխարհագրության դասը թույլ վարելու համար՝ ասելով, որ պատմությանը լավ է տիրապետում, իսկ աշխարհագրությանը… Ուսուցչուհին հաստատում է տեսուչի միքտը՝ ասելով. -Այո, ես պատմության մեջ լողում եմ… Կիսատ միտքը շարունակում է ընկեր Ղուկասյանը. -Իսկ աշխարհագրության մեջ՝ սողում։ Ամբողջ կոլեկտիվը Ս. Ղուկասյանի խոսքից տպավորված էր։ Լիաթոք ծիծաղում էին բոլորը։ Ս. Ղուկասյանը կյանքի մարդ էր, կյանքին սիրահարված, ընկերասեր եւ ընկերոջ §գերի¦։ Մի առիթով պատմում է, որ տեսուչ աշխատած ժամանակ մի անբաժան տեսուչ ընկեր ուներ՝ ընկեր Ղահրամանյանը, ով մաթեմատիկայի լավ ուսուցիչ էր ու հումորով անձնավորություն, ում հետ ձիով այցելում էին դպրոցները (երկու հոգուն մեկ ձի էր հատկացված)։ Ճանապարհին ընկերն այնպես է անում, որ ճանապարհի լավ մասերը ձիով անցնելը նրան էր բաժին ընկնում՝ իսկ իրեն՝ ցեխոտ ու դժվար անցանելի մասերը։ Եվ երբ բողոքում էր ընկեր Ղահրամանյանին, թե ինչպես է, որ այդպես է ստացվում, նա լուրջ դեմք ընդունելով, պատասխանում էր, որ ամեն մարդու բախտ իր հետ է։ Ս. Ղուկասյանը շարունակում է, թե ինչպես աշխատելու ժամանակ առավոտ վաղ արթնանում էին եւ ձիով ճանապարհ ընկնում դեպի գյուղական դպրոցներ։ Ահա օրերից մի օր՝ աքլորականչին հասնում են Հարավ, ուր աքլորականչն ուղղակի խլացուցիչ էր։ Եվ Ղուկասյանը կես-կատակ, կես-լուրջ ասում է. - Գյուղում այս տարի տեսչական ստուգում չի եղել։ - Որտեղի՞ց իմացար,- հարցնում է ընկերը։ - Ա՛յ տղա՛, ի՞նչ տեսչական ստուգում, եթե գյուղում աքլոր է դեռ մնացել։ Սամվել Ղուկասյանը լավ ու հմուտ կազմակերպիչ էր, անփոխարինելի սեղանապետ։ Երբ 1987 թվականին լրացավ Դռնավազ-Կարմիր գյուղի դպրոցի հիմնադրման 120-ամյակը եւ միջնակարգի 50-ամյակը։ Ես՝ տողերիս հեղինակը, այդ ժամանակ դպրոցի 13-րդ երիտասարդ տնօրենն էի։ Հենց այդ ժամանակ ինձ է մոտենում մեծ ուսուցչապետ ընկեր Ղուկասյանը՝ ծիծաղը դեմքին, ծերունազարդ, հմայիչ տեսքով և ասում. -Շահե՛ն ջան, բա չփո՞րձենք դպրոցի հոբելյաններն արժանավայել նշել։ Ախր, այս կրթօջախը հայտնի է ամբողջ Արցախում իր մեծ համբավով, լավ շրջանավարտներով, ովքեր այսօր գիտության, մշակույթի, ռազմական գործի գիտակներ են եւ հողի լավ մշակներ։ Իրոք, որ դպրոցը Արցախի այն եզակի դպրոցներից է, որն ապահովում էր կրթությունը Շոշի ենթաշրջանի, Մարտունու և Հադրութի շրջանի որոշ գյուղերի հասարակության համար։ Այստեղ սովորելու էին գալիս նույնիսկ Ստեփանակերտ քաղաքից, չէ՞ որ դպրոցն այն ժամանակվա Արցախ աշխարհի միակ գիշերօթիկն էր։ Ես չէ կարող չհամաձայնվել, միայն խնդրեցի նրա անմիջական օգնությունը։ Ընկեր Ղուկասյանը միայն իրեն հատուկ նվիրումով գործի անցավ։ Ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով, եւ ամենայն մանրամասնությամբ պատրաստվեցինք այդ տոնին, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ եւ շրջանային մշակույթի տան երգողներ ու պարողներ։ Ստանալով նյութական աջակցություն կոլտնտեսությունից (վարչության նախագահ Արարատ Պետրոսյան) ավելի քան 300 մասնակիցներով 1987 թվականի հունիսի 28-ին մեծ շուքով նշենցինք այդ անմոռաց հոբելյանները։ Նա շատ էր սիրում գյուղը, ծառ ու ծաղիկը, քոլն ու քարը, օդն ու ջուրը։ Նա այս արևի տակ իր տեղն ու դերն ուներ, բնության սիրահար էր ու գիտակ։ Նրա հետ կապված մի դեպք եմ հիշում. Մի օր առաջարկեց ամբողջ ուսուցչական կոլեկտիվով, աշակերտների եւ գյուղացիներից ցանկացողների հետ գնալ Բովր-Խանի աղբյուրը՝ այդ հոյակապ ու հիասքանչ դրախտավայրը։ Սկզբում այն կարծիքին էին, թե այդ դժվարին ճանապարհը այդքան երեխաներով դժվար կլինի անցնելը, բայց Սամվել Ղուկասյանն ինձ հանգստացրեց՝ ասելով, որ ինքը գիտի ամեն մի կածան ու արահետ։ Լավ նախապատրաստվեցինք ու մի առավոտ կանուխ ճանապարհ ընկանք։ Անցանք բիբլիական ու անկրկնելի ծաղկածածկույթով այդ լեռը, հասանք աղբյուրին ու եկեղեցուն՝ ճանապարհին լսելով եկեղեցու հետ կապված հետաքրքիր պատմություններ այս հետաքրքիր էքսկուրսիայի կազմակերպչից՝ ընկեր Ղուկասյանից։ Այնքան էր ոգևորված, որ մոռացել էր նույնիսկ իր տարիքը։ Այդ օրը անմոռաց ժամանակ անցկացրեցինք։ Նա ուներ նաև խոր փիլիսոփայկան մտքեր ու թևավոր խոսքեր. -Մենք՝ հայերս մեծերին մեծարել չգիտենք, միայն շուքով թաղել գիտենք,- սիրում էր կրկնել նա։ Այո՛, տարիների հեռվից հասկացա, որ, իրոք, մեզ մոտ պակասում է մեծարելու մշակույթը՝ կողքիդ կանգնած հանճարին չտեսնելը։ Ընկեր Ղուկասյանը Կարմիր գյուղացու փեսա էր և գյուղում ուներ բարեկամներ ու ընկերներ։ Այդ ընկերներից մեկը՝ ռուսաց լեզվի ուսուցիչ երջանկահիշատակ ընկեր Զաքարյանն էր, որին էլ հիմնականում ուղղված էին լինում Ա. Ղուկասյանը հումորները։ Մի օր նրան դիմեց. -Մեծացել ես հասակ առել, Շատդ՝ գնացել , քիչդ է մնացել Մեղրդ՝ քամվել Չիչդ է մնացել։ Նա ուներ խրատական լավ պատմություններ՝ իր ուսանելի հետևանքներով։ Իր մասին ասում էր. -Ես ծննդով Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղից եմ։ Տեղափոխվելով Բաքու որոշեցի օգտվել ընձեռված հնարավորությունից և բարեկամիս՝ անվանի մեծ գիտնական-մանկավարժ պարոն Սիմոնյանի աջակցությամբ ընդունվել Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Ընդունելության քննությունների ժամանակ բարեկամս ինձ երկու նշանակեց՝ դիմելով. - Դժբախտ է այն ազգը, որին դու պիտի լեզու սովորեցնես։ Հենց այս արտահայտությունը դարձավ լեզվական բարձունքներին հասնելու իմ առաջին խթանը, որն առաջնորդեց ինձ իմ ամբողջ կյանքում։ Ապա շարունակելով միտքը՝ ավելացրեց. -Ահա թե ինչպես են խրատում մեծերը։ Ես շնորհակալ եմ իմ բարեկամիս նման ճիշտ դիտողության համար։ Անցել են տարիներ։ Դարերից այն կողմ ու դարերից այս կողմ միայն լավ ու նաև վատ արաքն է հիշվում։ Մեր համատեղ աշխատանքից չկարողացա հիշել մի վատ արարք Սամվել Ղուկասյանից, որ գրի առնեմ։ Արդարների ճանապարհը նման է լույսի։ Նա ինքն էր արդարության լույս սփռողը արժանիների ճանապարհին։ Այսօր մեր բարեփոխվող կրթական համակարգին անհրաժեշտ են Ս. Ղուկասյանի նման նվիրյալ մանկավարժներ։ Կանցնեն տարիներ, կփոխվեն մարդիկ ու աշխարհը, ամեն մի սերունդ իր չափանիշներով կփորձի գնահատել ու արժևորել նրա կերպարը, գործերն ու ծառայությունները, բայց նա միշտ կմնա մեր ինքնության կշռաքարերից մեկն ու ժամանակների կապը պահող Մարդը։ Շահեն Մարգարյան
գ. Ներքին Սզնեք |