ՄԱՐՏԻ 15-Ը՝ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
13.03.2019 15:41

Մարտի 12-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, որը նախաձեռնել էր ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Ներկա էին սննդամթերքի անվտանգության որակի և օպերատիվ հսկողության պետ Ռոբերտ Առստամյանը, ԳՆ անասնաբուժության տեսչության պետ Կառլեն Ասրյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներ:

Մինչ դպրոցականների հետ հանդիպելը՝ հյուրերը դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, ստուգեցին ճաշարանի և աշակերտների համար նախատեսված բուֆետի սանիտարական վիճակը, պայմանները, ծանոթացան բուժքրոջ գրանցամատյաններին, որոնք կապված էին նախադպրոցական տարիքի երեխաների սննդի հետ: Համապատասխան աշխատողները ցուցումներ ստացան Ռոբերտ Առստամյանի կողմից և հանձն առան առաջիկայում ուղղել ի հայտ եկած թերությունները:

Ապա դպրոցի դահլիճում  ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատողները հանդիպում ունեցան միջին դասարանների աշակերտների հետ:

Հսկողության պետ Ռոբերտ Առստամյանը ողջունեց ներկաներին  և տեղեկացրեց, որ մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ինչի առթիվ հանդիպումներ են կազմակերպվում Արցախի տարբեր դպրոցների աշակերտների հետ:

<< Սպառողների իրավունքների պաշտպանությունը համակարգ է, որում պետական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացնող գործողությունները միտված են սպառողի և տնտեսվարող սուբյեկտի միջև իրավահարաբերությունների կարգավորմանը: 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը>>,-շեշտեց Ռ.Առստամյանը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ծառայության մասնագետ Անուշ Ջավադյանը:

-Մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի սննդի անվտանգության կարևորությունը և միշտ պահպանի դրա կանոնները:

ԼՂՀ-ում սպառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժ ստացավ 2012 թվականի հունիսի 6-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ԼՂՀ օրենքի ընդունմամբ:

Ասեմ, որ սպառողը բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացի է:

Յուրաքանչյուր սպառող պետք է տեղեկացված լինի իր իրավունքների, ինչպես նաև պարտականությունների մասին: Մտնելով ցանկացած սննդի օբյեկտ՝ նա կարող է պահանջել, որպեսզի ապրանքն անվտանգ լինի իր կյանքի, առողջության համար: Նա իրավունք ունի պահանջել արտադրողի, նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն: Սպառողի իրավունքների խախտման համար վաճառողը կրում է օրենքով և պայմանագրով նախատեսված պատասխանատվություն: Սպառողին պատճառած վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով:

ԳՆ անասնաբուժության տեսչության պետ Կառլեն Ասրյանը դպրոցականներին տեղեկացրեց, թե ինչպես պետք է ընտրել թարմ միս:

-Միսը մարդու օրգանիզմի համար իրական և լիարժեք սպիտակուցներ ստանալու միակ միջոցներից մեկն է: Մեզանից շատերը մինչև օրս չգիտեն, թե ինչպես ճիշտ ընտրել այն: Պետք չէ խաբվել մսավաճառասեղանին գեղեցիկ ձևով շարված մսակտորներով, վաճառողները այդպիսով ցանկանում են խորամանկել և խաբել գնորդին:

Միս գնելու դեպքում պետք է ստուգել վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հավաստող փաստաթղթի առկայությունը: Սառնարանային պայմաններում միսը թույլատրվում է պահել 48 ժամ, որից հետո այն ենթարկվում է կրկնակի փորձաքննության: Պետք է կարողանալ տարբերել թարմ միսը սառեցվածից, ուշադրություն դարձնել գույնին և հոտին: Միսը համարվում է չլվացող մթերք:

Կառլեն Ասրյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեց մսի պահպանման, օգտագործման մասին և  ասաց, թե ինչպես պետք է խուսափել փչացած, նեխած, առողջության համար վնասակար մսի ձեռքբերումից՝ շեշտելով դրանց ճանաչման նշանները:

Միջոցառման ընթացքում տեսահոլովակի միջոցով դպրոցականները տեսան, թե ինչպես պետք է պահպանել սննդի անվտանգության կանոնները:

Դահլիճում տիրում էր հետաքրքիր, ակտիվ և անմիջական մթնոլորտ:  Աշակերտներն ազատ և անկաշկան հարցեր էին տալիս սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատողներին ու ստանում պարզաբանումներ, և ակնհայտ էր, որ միջոցառման թեման շարժել էր նրանց հետաքրքրությունը:

Համոզված եմ, այս հանդիպումն իր կարևորությամբ և իմաստով մեծ նշանակություն ունեցավ աշակերտների համար: Նրանք ճիշտ կարծիք կազմեցին սննդի անվտանգության և սպառողների իրավունքների մասին:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ակտիվ մասնակցության համար նվերներ ստացան Նարեկ Մելքումյանը, Մարիամ Ջհանգիրյանը և Հարութ Ալլահվերդյանը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter