Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ և մտահղացմամբ այսուհետ ենթաշրջանններում տեղի կունենան արտագնա նիստեր։ Առաջին արտագնա նիստը կայացավ մարտի 12-ին՝ Շոշի ենթաշրջանում՝ 15 համայնքների ղեկավարների և ակտիվի մասնակցությամբ։ Նիստի աշխատանքներին մասնակցելու էին հրավիրված նաև մեր շրջանից ընտրված պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Ռոբերտ Ղահրամանյանն ու Վիլեն Սաֆարյանը։ Ողջունելով ներկաներին վարչակազմի ղեկավարը
նշեց, որ նման ձևաչափով նիստերը պարբերաբար են կազմակերպվելու, որոնք միտված են տեղերում, տվյալ ենթաշրջանին բնորոշ հիմնախնդիրները վեր հանելուն, ինչպես նաև լսելու բնակիչների բողոքներն ու առաջարկությունները։ Հակոբ Ղահրամանյանը պատրաստակամություն հայտնեց բնակիչների հետ քննարկել 2019թ. նախանշված աշխատանքները և իրավասությունների շրջանակներում որոշումներ ընդունել։ Վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը ներկայացրեց ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների մասին համառոտ տեղեկություններ, իսկ կառավարության կողմից գյուղատնտեսությամբ զբաղվողների համար ընդունված որոշումներն ու կարգերը ներկայացրեց ամենայն մանրամասնությամբ։ 2019 գյուղատնտեսական տարին Արցախում միտված է այգեգործությունը խթանելուն, մասնավորապես՝ նռան այգիներ հիմնադրելուն։ Այս ուղղությամբ պետության կողմից 1 հեկտարի հաշվով անհատույց 625 պատրաստի արմատակալներ կտրամադրվեն այգեգործներին։ Սակայն դա չի նշանակում, որ մնացած ոլորտները դուրս են մնացել պետական աջակցության ծրագրերից։ Ինչպես և նախորդ տարիներին գյուղատնտեսությամբ զբաղվողներին սերմացուները, պարարտանյութերը և դիզվառելիքը ևս կտրամադրվեն անհատույց՝ սահմանված կարգերով։ Անասնապահության բնագավառի պետական աջակցության ծրագրերին ավելացել են նորերը։ Ֆերմաների էլեկտրաֆիկացումը և ջրով ապահովումը կկատարվի պետության կողմից։ Ինչպես նշեց Ա. Ղուլյանը 10 և ավելի պայմանական անասնագլխաքանակ ունեցող ֆերմերներին աջակցություն ցուցաբերելու նպատակով պետական ծրագիրը ևս շուտով ուժի մեջ կմտնի։ Կախված անասնագլխաքանակից՝ օրինակ 200-300 պայմանական անասնագլխաքանակ ունեցողներին կտրամադրվի մինչև 20 միլիոն դրամ՝ շենքային պայմանները բարելավելու նպատակով։ -Եթե ենթաշրջանի հողամասերը հիմնականում անջրդի են, դա չի նշանակում, որ բնակիչները չեն կարողանա օգտվել բանջարա-բոստանային կուլտուրաների մշակման համար նախատեսված աջակցության ծրագրերից։ Պետության կողմից տրամադրվող բոլոր նշանակության սերմացուներն անհատույց տրամադրելուց բացի 1 հեկտարի հաշվով 30լիտր դիզվառելիք է տրամադրվում նաև, իսկ եթե հողամասն առաջին անգամ է մշակվում աջակցությունը 1 հեկտարի հաշվով 50 լիտր է կազմում,- ասաց Ա. Ղուլյանը, մանրամասն բացատրելով կարգերը, կոչ անելով ներկաներին նշված ուղղություններով ներկայացնել համապատասխան ակտեր, որոնց հիման վրա գյուղբաժինը կկարողանա հայտ ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն։ Պետական աջակցության ծրագրերը բազմաթիվ ու բազմազան են, որոնք միտված են նաև տնամերձերում ևս բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվելու համար, ներկաներին իրազեկում է վարչակազմի ղեկավար Հ. Ղահրամանյանը ։ Այն, որ ենթաշրջանում ջրի պակաս կա, հայտնի է բոլորին, ուստի ԱԺ պատգամավոր Վիլեն Սաֆարյանը կոչ արեց բնակիչներին ակտիվ պայքար տանել անտառահատումների դեմ, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում ջրերի առատության վրա։ Քանի որ այս ենթաշրջանն իր աշխարհագրական դիրքով նպաստավոր չէ նռան այգիներ հիմնադրելու համար, ուստի առաջարկ եղավ կոնկրետացնել պտղաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերը։ Խոսելով պետության կողմից անհատույց տրամադրվող տնկիների մասին՝ Ակնաղբյուրի համայնքի ղեկավար Սևակ Ղարամյանը մեջբերեց նախորդ տարիներին անհատույց տրամադրված թթենու տնկիների անորակության փաստը՝ մտահոգություն հայտնելով տրամադրվող տնկիների որակի մասին։ Ինչին ի պատասխան, Ա. Ղուլյանը հավաստիացրեց, որ տրամադրվող տնկիները ստուգված են գյուղատնտեսների կողմից և որակն ապահովված է։ Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի մտահոգությունը վարձակալած, սակայն պարապուրդի մտնված հողերն են։ Պատգամավորը փաստեց, որ կան նաև ոռոգովի հողամասեր, որոնք չեն մշակվում։ Նա առաջարկեց օրենքի շրջանակներում այդ հողակտորները տրամադրել այլ անձնաց, ովքեր պատրաստակամություն կհայտնեն նպատակային օգտագործել դրանք։ Ջրաղացների համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը ներուժ ունեցող համայնքներին առանձնակի ուշադրության արժանացնելու փաստն է արձանագրում։ Համայնքում կան եռանդուն երիտասարդներ, ովքեր միավորվելով կարող են կազմակերպել կոոպերատիվ տնտեսություն և զբաղվել կարտոֆիլի մշակմամբ։ Այստեղ արդեն սպառման խնդիր է առաջանալու։ Պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը մտահոգություն հայտնեց որոշ համայնքներում գյուղաբնակների՝ հողից ձեռք քաշելու խնդրի շուրջ։ Խոսքը մեծապես վերաբերում էր Ավետարանոցին, որը խորհրդային տարիներին առաջատար դիրք էր գրավում կարտոֆիլի արտադրությամբ, և այժմ գյուղի բնակիչները Հայաստանից ներկրված կարտոֆիլն են գնում։ Նա առաջարկեց գյուղոլորտի պատասխանատուներին համապատասխան ծրագրեր մշակել՝ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությունը խթանելու համար։ Ենթաշրջանի առողջապահական վիճակի և հետագա անելիքների մասին տեղեկություններ ներկայացրեց Ասկերանի ՇԲՄ գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանը, նշելով, որ այս ենթաշրջանի շտապ օգնության ծառայությունը՝ աշխարհագրական դիրքից ելնելով, մատուցվում է Ստեփանակերտի համապատասխան ծառայության կողմից։ Այս ուղղությամբ մտահոգություններ ներկայացրեց Ներքին Սզնեքի համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանը, առաջարկելով ենթաշրջանը կցել Ստեփանակերտի առողջապահական համակարգին, քանի որ շատ դեպքերում բնակիչները չեն կարողանում օգտվել պետական արտոնություններից։ Գ. Հակոբջանյանը հնչած հարցերին սպառիչ պարզաբանումներ տվեց։ Վարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը ներկայացրեց 2019 թվականին ենթաշրջանում նախատեսված քաղաքաշինական ծրագրերը, ինչպես նաև կատարված աշխատանքների մասին տեղեկություններ հաղորդեց։ - Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն ըստ ճյուղերի ընդգրկված են եռամյա ծրագրում, որոնք լուծվում են ըստ կարևորության և առաջնահերթության։ Այս տարի ևս բնակարանաշինության ծրագրերում առաջին պլան են մղված զոհված ազատամարտիկների և 1-ին կարգի հաշմանդամների ընտանիքները։ Իսկ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տրամադրվող շինանյութերը նպատակային օգտագործելու համար շրջանում կազմավորվել է հանձնաժողով, որը շրջելով համայնքներով, տալիս է իր վերջնական եզրակացությունը,- ասաց Ա. Ավանեսյանը նշելով, որ հասարակական օբյեկտների շինարարությունն ու բարեկարգումը, ջրամատակարարման համակարգի վերանորոգումը ևս գտնվում է պետության հոգածության ներքո։ Համայնքներում առկա որոշ խնդիրներ հնարավոր է լուծել համայնքների բյուջեների ազատ մնացորդների հաշվին։ Շոշի համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը նշեց, որ Շոշում դա դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել, քանի որ ֆինանսների նախարարությունը մերժել է համայնքի ղեկավարի՝ ազատ մնացորդի հաշվին գյուղում խնդիր լուծելու առաջարկը։ Շոշի համայնքի զարգացման ֆոնդի հողերը բնակելի կառուցապատման տեսանկյունից ոչ նպաստավոր վայրում են գտնվում։ Նիստի ժամանակ առաջարկ եղավ հողատեսքերը բնակելի կառուցապատմանը համապատասխանեցնելու վերաբերյալ։ Գյուղում 30-ից ավելի երիտասարդ կա, ովքեր պատրաստակամ են տուն կառուցելու՝ մանավանդ ներկայիս պայմաններում, երբ պետության կողմից բազմապիսի ծրագրեր են առաջարկվում բնակարանաշինությունը գյուղական բնակավայրերում խթանելու նպատակով։ Այս ուղղությամբ Ներքին Սզնեքի բնակիչ Շահեն Մարգարյանն իր արդարացի մտահոգությունը հայտնեց, որ ներկայիս պայմաններում, եթե երիտասարդը ցանկություն է հայտնում գյուղում տուն կառուցել, տնամերձը պետք է տրամադրվի անհատույց։ Վարչակազմի ղեկավարի արձագանքն այս ուղղղությամբ դրական էր, առաջարկը՝ պատգամավորներին խնդրո հարցի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելն էր։ Եղան նաև անհատական բնույթի հարցեր, որոնց ուղղությամբ Հակոբ Ղահրամանյանը խոստացավ հետաքրքրվել և կոնկրետ լուծումներ առաջարկել։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին շրջանի տաբեր ոլորտների պատասխանատուներ։ Վարչակազմի ղեկավարը հանձնարարեց վերջիններիս բոլոր խնդիրներն ու առաջարկությունները գրանցել, դրանք ծրագրեր դարձնելու և լիազորության սահմաններում լուծմներ տալու համար։ Հակոբ Ղահրամանյանը նշեց նաև, որ և՛ շրջվարչակազմը, և՛ կառավարությունը հետամուտ են լինելու տրամադրվող աջակցությունները նպատակին ծառայեցնելու հարցերում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|