Հայոց պատմության դժվարին, ճակատագրական և վճռական պահերին հայ կինն անմասն չի մնացել հայոց գոյապայքարից և իսկական հերոսուհուն վայել իր կեցվածքով քաջության ու պատվախնդրության բազում օրինակներ է ցուցաբերել: Ազատամարտիկ Թամարա Նազարյանին ճանաչում են Արցախի հանրապետության շատ ու շատ բնակավայրերում: Անձնվեր մի կին, ով օժտված է հոգու արիությամբ, կամքի ուժով: Կին, ով ամենասոսկալի ու դաժան իրադրություններում անգամ կարողացել է ապավինել բանականությանը: Թամարա Նազարյանը ծնվել է 1939 թվականի մարտի 15-ին Ասկերանի շրջանի
Արանզամին գյուղում: Արմենակ և Աստղիկ Նազարյանների ընտանքում, որտեղ մեծանում էին յոթ զավակներ, մեծ տեղ էր տրվում հայրենասիրությանը, հայեցի դաստիարակությանը: Թամարա Նազարյանն ավարտելով Նախիջևանիկի միջնակարգ դպրոցը՝ ընդունվում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը և ստանում մաթեմատիկայի ուսուցչի մասնագիտություն: Իր մասնագիտությամբ աշխատում է Աբովյանի շրջանի Գետաշեն գյուղի դպրոցում, ապա Սևանի դպրոցներից մեկում: 1974 թվականին վերադառնում է հարազատ բնօրրան և աշխատանքի անցնում Նախիջևանիկի, հետագայում Խրամորթի միջնակարգ դպրոցներում: Երբ սկսվեց Ղարաբաղյան Շարժումը, Թամարա Նազարյանը վայր դրեց ուսուցչամատյանը և զենք վերցրեց: Նրա որոշումն անխախտ էր. մինչև հաղթանակի օրը Հայրենիքի պաշտպանը լինել: Պարտիզանական ջոկատների կազմում՝ հերթապահություն էր իրականացնում համագյուղացիների հետ, քանի որ թուրքը փորձում էր թափանցել հայկական բնակավայրեր: Ապա արծվասիրտ հայուհին Ասկերանի նորաստեղծ գումարտակում էր: Նա մասնակցել է մի շարք գյուղերի ազատագրման մարտերի, կարողացել է տիրապետել ռազմական տեխնիկային: Որպես տեղանքի լավ գիտակ՝ ուղեկցում էր հետախույզներին և տանում ճիշտ ուղղությամբ: Միշտ թաքցնում էր իր տարիքը և շարունակում թշնամու դեմ պայքարը երիտասարդների հետ միասին: Անվեհեր կինը մարտերում բազմաթիվ վիրավորների է օգնել և դուրս բերել մարտի դաշտից: Անվախ, համարձակ և հայրենասեր հայ կնոջ օրինակելի կերպար էր Թամարա Նազարյանը: Մարտերի ընթացքում նա մայրական հոգատարությամբ էր շրջապատում զինվորներին, հուսադրում նրանց և իր պահվածքով բարձրացնում նրանց կամքի ուժը: Փառավոր մարտական ուղին, որով նա այսօր հպարտանում է, երկար էր ու դժվարին: Արանզամինի, Նախիջևանիկի, Փրջամալի, Սառնաղբյուրի, Ավդալ-Գյուլափլուի, Աղդամի ազատագրման բոլոր մարտերի մասնակիցն էր քաջ հայուհին: Վիրավորվելուց հետո անգամ նա չէր խուսափել մնալ մարտի դաշտում: Ինչպես մարտական ընկերներն են հիշում՝ Թամարա Նազարյանը խիզախ կին էր տղամարդկանց հետ հավասար կռվում էր: Ոչնչից չէր վախենում, ավելին՝ ինքն էր ուժ հաղորդում ընկերներին: Իսկ որ տղամարդը չէր ոգևորվի այդպիսի համարձակ կնոջ կողքին: Արիասիրտ կինը մեծ հարգանք և հեղինակություն էր վայելում զինակիցների շրջապատում: Պատերազմի ավարտից հետո Թամարա Նազարյանը կրկին անցավ մանկավարժական իր աշխատանքին: Նա սկսեց կրթել ու դաստիարակել նոր սերունդների՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրության վեհ գաղափարներ: Մարտի 15-ին ազատամարտիկ Թամարա Նազարյանի ծննդյան 80-ամյակն էր, ինչի առիթով Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը, ԱԱՄ Ասկերանի քաղաքային խորհրդի նախագահ Արամ Աղաջանյանը, Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանն այցելեցին հոբելյարի տուն՝ շնորհավորելու ծննդյան տարելիցի կապակցությամբ: Պետք էր տեսնել, թե ինչպիսի անսքող ուրախությամբ էր Թամարա Նազարյանը դիմավորում հյուրերին: Հաճելիորեն զարմացած էր տարեց կինը, հավանաբար նման պատվի չէր սպասում: Ծերունական աչքերում ծվարած թախիծը հիշեցնել էր տալիս նրա ապրած ոչ այնքան լավ օրերի, տեսած դառնությունների մասին: Իր մարտական ընկերներին տեսնելով՝ ասես միանգամից երիտասարդացավ 80-ամյա նախկին ազատամարտիկը: Ամբողջովին վերափոխվեց և սկսեց հուշերի պատառիկներ պատմել պատերազմական տարիներից: Նա անթաքույց շնորհակալությամբ էր լցված իր անսպասելի հյուրերի այցելության համար: Նշանակում է գնահատվել է նրա արածը, ախր մի ողջ կյանք է նվիրաբերել Հայրենիքի պաշտպանությանը… <<Մեր ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, մեզանից յուրաքանչյուրն իր սուրբ պարտքն է կատարել մայր հողի հանդեպ: Արցախը պետք է միշտ անկախ և ազատ լինի, ինչի համար այնքա՜ն արյուն է թափվել, այնքա՜ն երիտասարդներ են զոհվել: Ես ցանկանում եմ մեր երկիրը միշտ խաղաղ տեսնել, հզոր ու անառիկ: Առանց մեկ վայրկյան անգամ երկմտելու եմ մտել պարտիզանական ջոկատ, ապա՝ տեղափոխվել Ասկերանի գումարտակը: Հայրենի հողս տնքում էր վերքերից ու ցավից, ամենուր տագնապ ու ահագնացող իրավիճակ էր: Յուրաքանչյուր իմ քայլը գիտակցաբար է եղել, ես պատրաստ էի զոհաբերել անգամ կյանքս՝ հանուն երեխայի, հողի ու երկրի: Քանի՜, քանի՜ անգամ եմ նայել մահվան սահմռկեցուցիչ հայացքին և, ի հեճուկս նրա, ողջ մնացել… Ձեր վերաբերմունքից անչափ շոյված եմ և բառեր չեմ գտնում իմ շնորհակալությունն ասելու համար: Այն, որ հիշում և գնահատում եք իմ կատարածը, ինձ թույլ է տալիս հավատով լցվել դեպի ապագան>>: Հուզմունքից դողացող ձայնով նախկին ազատամարտիկը երկնայինից խաղաղություն էր խնդրում: Չէ այդ բառի քաղցրությունն առավել սաստկությամբ զգում ենք մենք՝ հայերս: Աշխարհում ամենից շատ մենք ենք կարոտ խաղաղ կյանքի, ամենից շատ մենք ենք տուժել հրետակոծությունից, հրեդհվող քաղաքների և գյուղերի ամենակուլ կրակներից: Ուսուցիչ ազատամարտիկը հորդորում էր նաև մեծ տեղ տալ մատաղ սերնդի կրթման գործընթացին: 80-ամյա տարիքին հասած կինը մի մորմոք ունի միայն սրտում, որը խոսուն մի հառաչանքի է վերածվել: 1992 թվականին թշնամու կողմից գերեվարված 73-ամյա մայրն այդպես էլ մնաց օտար հողում՝ անհայտ մի ճակատագրով… Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը լսելով ծեր ազատամարտիկի սրտի հառաչանքը, անվերջանալի հուշերը՝ մաղթեց նրան առողջություն, խաղաղ կյանք: Նա համոզմունք հայտնեց, որ Արցախը միշտ հզոր և ծաղկուն կլինի, և երբեք չեն մոռացվի այն մարդիկ, ովքեր իրնեց կյանքն են նվիրել մեր երկրի համար: Շրջվարչակազմի ղեկավարի և ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի կողմից հոբելյարը ստացավ հուշանվերներ և գարնանային ծաղիկներ… Շրջվարչակազմի ղեկավարը Արցախյան ազատամարտում ակտիվ մասնակցության և ծննդյան 80-ամյա տարելիցի կապակցությամբ Թամարա Նազարյանին պարգևատրեց պատվոգրով: Հիրավի, այնքա՜ն ուրախալի էր ականատեսը լինել այսպիսի սրտառուչ մի հանդիպման ու տեսնել, թե ինչպես էր մանկան պես խանդավառվել 80 տարիքը բոլորած կինը: Չէ որ շրջանի ղեկավարության և ազատամարտիկ ընկերների վերաբերմունքին էր արժանացել, և հոգ չէ, որ միայնակ կինն ապրում է ոչ լավ պայմաններում. միայն թե երկրում խաղաղություն լինի…
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|