ԿԱՆԱՆՑ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ… |
22.03.2019 11:20 |
Սերը հողմերում մի փարոս է վառ, Որը չի հանգչում միգում, խավարում. Սերն աստղ է, որով ամեն նավավար Հեշտ է օվկիանում իր նավը վարում: Վ. Շեքսպիր Վերջապես տարվա ամենաչքնաղ ու քնքուշ եղանակը մտնում է իր իրավունքների մեջ: Բնությունը զարթոնք է ապրում, փարթամանում, փթթում ու գեղեցկանում է: Գարնանային հրաշագեղ ծաղիկները խենթացնող բուրմունք են տարածում և ամենքին ստիպում զգալ գարունն իր ողջ էությամբ: Իսկ այն այնքա՜ն գլխապտույտ զգացմունքներ է առաջացնում յուրաքանչյուրի մոտ: Մեղմ քամին շոյում է դեմքդ, փշաքաղվում ես գարնան անաղարտ շնչից…Բնության զարթոնքը հասնում է հոգուդ լարերին … Ուզում ես սիրել, անդադար սիրել… Սիրել երեխայիդ, հարազատիդ, ընկերոջդ, Հայրենիքդ… Ցանկանում ես լիուլի ըմբոշխնել այդ աստվածային զգացմունքը, ու հանկարծ մի անբացատրելի կարոտ է պարուրում քեզ: Կարոտ՝ անթարգմանելի, հազարերանգ, սիրտ կեղեքող… Հասկանում ես՝ գարուն է…Ու քեզ դուր են գալիս իրարամերժ զգացմունքներդ, սրտիդ տրոփյունը, նրա անհավասար զարկերը… Սպասում ես ինչ որ անիրականանալի հրաշքի… Քայլում եմ՝ երազելով ու մտածելով կանացի երջանկության մասին: Տեսնես առաջին անգամ ո՞վ է համեմատել գարունը կնոջ հետ, զուգադրել նրանց հմայքը, գեղեցկությունը, թովչանքը: Եվ ինչքա՜ն իրավացի է եղել նա… Նայում եմ շուրջս ու մտածում. հիրավի, կինը գարուն է, որ կա և խոսել կնոջ մասին՝ կնշանակի խոսել անսահման տիեզերքի, առեղծվածային բնության մասին՝ անբացատրելի ու անկանխատեսելի երևույթներով, բյուր գաղտնիքներով ու կախարդանքներով: Հայ կնոջ մասին խոսելիս՝ այս ամենին կարելի է ավելացնել ընտանիքի մոր, օջախի պահապանի, ամուսնուն նեցուկ լինելու առաքելությունները: Հայ կինն իր հազարախոս աչքերով, խորագետ գեղեցկությամբ, նազանքով ու շրջահայացությամբ միշտ էլ արծվասիրտ կին է ու անձնազոհ մայր: Իսկ ի՞նչ է պետք կնոջը երջանկացնելու համար: Եվ հենց այդ պատասխանը լսելու նպատակով՝ ես որոշեցի զրուցել տարբեր տարիքի կանանց հետ, շարժել նրանց սրտի լարերը, զգալ նրանց ներաշխարհի գողտրիկ անկյուններում ծվարած գաղտնիքները: Կանացի երջանկության մասին յուրաքանչյուրն ուներ ուրույն կարծիք: Տարբեր սերունդներ տարբեր ձևով էին արձագանքում իմ հարցին: Մի բան ակնհայտ է. երջանկության արժանի է յուրաքանչյուր կին և դրան նա սպասում է սրտի թրթիռով: Տարեց կանայք իրենց երջանկությունը տեսնում են ընտանիքի բարօրության, համերաշխության մեջ: Նրանք աղոթում են Արցախ աշխարհի խաղաղության համար, մոմեր վառում մեր սահմաններն անխոցելի պահող զինվորի անփորձանք ծառայության համար: Պատերազմի արհավիրքով անցած կանայք ուրիշ ի՞նչ պետք է երազեին իրենց երջանկության համար: Իսկ երբ շոշափում էի սիրո թեման, նրանք շփոթվում, շառագունում և թաքցնում էին իրենց հայացքները: Ե՞րբ են ժամանակ ունեցել սիրելու… Միջին տարիքի կանանց համար երջանկություն է լինել ուշադրության կենտրոնում, սիրել ու սիրված լինել: Մի քնքուշ խոսքը, փոքրիկ հաճոյախոսությունը երջանկացնում է նրանց: Սիրում են գեղեցիկը, ավանդականը, ատում են դավաճանությունը: Նրանց բոլոր փափագները կապված են զավակների երջանկության, նրանց ապագայի ու մեր երկրի հարատև խաղաղության հետ: Առավել երիտասարդ կանայք, ովքեր արդեն զգում են մայրության բերկրանքը, երազկոտ են, կյանքին լիուլի սիրահարված: Նրանք այնքա՜ն երջանիկ են, չէ որ նոր են ընտանիք կազմել, վայելում են նորաստեղծ օջախի ջերմությունը: Նրանք ուրախ են, որ իրենց երեխաներին երջանկացնում են իրար սիրող և իրար հետ հաշտ ապրող ծնողները, այլ ոչ թե թանկարժեք խաղալիքները: Երիտասարդ կանայք չեն թաքցնում, որ սերն է ամենակարևորը նրանց կյանքում, չէ՞ որ այն կարող է հրաշքներ արարել, սակայն նրանք միաժամանակ մեծ տեղ են տալիս նաև փոխադարձ հարգանքին: Ինձ համար հաճելի էր լսել, թե ինչպես են դատում երիտասարդ սերնդի կանայք: Նրանց կարծիքով, եթե չկա փոխադարձ հարգանք, ապա կարող է մարել նաև սերը, որը թվում էր անվերջանալի և հավերժ: Մեր օրերում կարևոր է նաև ֆինանսականը, քանի որ յուրաքանչյուր մայր ցանկանում է իր զավակին պահել ու դաստիարակել արժանավայել և պատրաստել նրան վաղվա օրվան… Գարնանային այս օրերին ամենուր սեր էի տեսնում, ծաղիկներ ու ժպիտներ: Չէ՞ որ կանանց մեծարման միամսյակ է և գեղեցիկի, սիրված լինելու, հրաշքի սպասման և միայն հաճելի խոսքեր լսելու իր խորհրդով այն մի աննկարագրելի բերկրանք է պատճառում բոլորին: Կարծում եմ՝ երջանիկ կանանց կողքին ոչ պակաս երջանիկ են իրենց տղամարդիկ: Եվ այն սերը, որ ճառագում է կանանց աչքերից, տղամարդկանց նոր ուժ է հաղորդում և ստիպում միշտ հոգատարությամբ ու սիրով շրջապատել գեղեցիկ սեռին: Տղամարդիկ այն կարծիքն ունեն, որ կնոջն անհրաժեշտ է առանձնակի վերաբերմունք: Կինն արժանի է մեծարանքի և մեծ սիրո: Նրանք լավ գիտեն, որ վերաբերմունքը վերաբերմունք է ծնում, լավը՝ լավ, վատը՝ վատ… Մեր բոլոր կանանց անսահման սեր եմ մաղթում, թող ամենաքնքուշ այդ զգացմունքի քաղցրությունը վայելեն նրանք և կանացի երջանկությունը երբեք չլքի նրանց… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |