ԱՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
22.03.2019 11:55

Մարտի 20-ին տեղի ունեցավ ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի արտագնա նիստը` Ասկերանի շրջանում։ Արհմիությունների նախագահ Արա Ղահրամանյանի ղեկավարած պատվիրակությունն Ասկերանի արհմիությունների գրասենյակում էր՝ լսելու արհմիությունների ֆեդերացիայի սոցիալական և առևտրի ու տրանսպորտի հանձնաժողովների նախագահների, Ասկերանի շրջանի արհմիության նախագահի  2018 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները,  ինչպես նաև քննարկել հետագա

անելիքներն ու օրինակելի փորձի փոխանակում կատարել։

Նիստի աշխատանքներին մասնակցում էին Շուշիի, Մարտունիի, Հադրութի, Քաշաթաղի շրջանային արհմիությունների, ԱՀ ԱՖ-ին կից սոցիալական և առևտրի ու տրանսպորտի հանձնաժողովների, Ասկերանի շրջանի սկզբնական արհեստակցական կազմակերպությունների նախագահներ։

Ողջունելով ներկաներին Արա Ղահրամայանը նշեց,  որ արտագնա նիստերում համատեղ քննարկումների ժամանակ վեր են հանվում դրականը, ուսանելին և օրինակելին։

-Մենք պետք է հստակ իմանանք մեր պարտականությունները, աշխատանքային օրենսգիրքն ու արհմիությունների մասին օրենքը, որպեսզի կարողանանք բարձր մակարդակով ապահովենք, պաշտպանենք մեր անդամների շահերը, ինչին էլ ուղղված է մեր հիմնական գործառույթը՝ լինել արհմիության անդամների թիկունքին, գործել թափանցիկ, ցանկացած հարցերի շուրջ տալ հստակ պարզաբանումներ,- ասաց Ա. Ղահրամանյանը։

Ասկերանի արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանը ներկայացրեց 2018 թվականին միության կատարած աշխատանքների մասին հաշվետվություն, ինչպես նաև միության սկզբնական արհկազմակերպությունների վարած գործավարության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդեց։

Նա մանրամասն ներկայացրեց շրջանի արհկազմակերպությունների նախագահների հետ տարվող հետևողական աշխատանքների մասին հաշվետվություն։ Որպեսզի սկզբնական կազմակերպությունների համար անհասկանալի հարցեր կամ խնդիրներ չծագեն, շրջանային արհմիությունը պարբերաբար կազմակերպում է սեմինար-խորհրդակցություններ՝ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։

-Այդ սեմինարները կազմակերպվել են փոքր խմբերով՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական հետաքրքրությունները, քանի որ նման խմբերի հետ ավելի անմիջական ու ջերմ մթնոլորտ է ստեղծվում, որի ընթացքում ցուցաբերվում է գործնական օգնություն՝ համապատասխան աշխատանքներ կատարելու համար և հնարավորություն ընձեռնում սկզբնական կազմակերպությունների նախագահներին իրենց հուզող հարցերի պատասխանները տեղում ստանալու, ավելի լավ պատկերացնելու իրենց կազմակերպության առաքելությունն ու նշանակությունը,- ասաց Գ. Գաբրիելյանը։

Քանի որ նիստը փորձի փոխանակմանն էր մեծապես ուղղված, ուստի Գ. Գաբրիելյանը ներկայացրեց բոլոր այն նորամուծությունները, որոնք գործածվում են շրջանի արհմիությունում։ Դրանք հիմնականում վերաբերում են գործավարությանն ու հաշվապահական փաստաթղթերի վարմանը, իրավական ակտերին։ Արհմիության նախագահը նշեց, որ բոլոր կազմակերպություններն ունեն իրենց առանձին գործերը, որտեղ էլ պահպանվում են նրանց վերաբերող բոլոր փաստաթղթերը։

Գ. Գաբրիելյանի հանդիպումները սկզբնական արհկազմակերպությունների նախագահների հետ հաճախակի են լինում, որոնց ընթացքում խորհուրդ է տրվում գործունեության ընթացքում պահպանել անաչառություն՝ տհաճ ու անախորժ վիճաբանություններից խուսափելու համար և ֆինանսական միջոցները ծախսել նպատակային ու հաստատել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով։ Բոլորն էլ տեղեկացված են, որ ապրիլ-մայիս ամիսներին պետք է քննարկվի արհմիության անդամներին  տրամադրվող առողջարանային ուղեգրերի, դեկտեմբերին թերթի բաժանորդագրման հարցերը և համապատասխան արձանագրությունները կարճ ժամկետներում ներկայացնել շրջարհմիություն։

Սկզբնական արհեստակցական կազմակերպությունների աշխատանքն արդյունավետ դարձնելու նպատակով շրջանային արհմիության նախագահի կողմից պարբերաբար նոր ուղեցույցներ և փաստաթղթերի օրինակելի ձևեր են տրամադրվում։

Շրջանի արհմիության կատարած աշխատանքներն ավելի տեսանելի դարձնելու համար շրջանի որոշ սկզբնական արհկազմակերպությունների նախագահներ ներկայացրեցին իրենց կողմից տարվող աշխատանքների մասին մանրամասն հաշվետվություններ։ Ուշագրավ էր Հովսեփավանի համայնքի սկզբնական արհկազմակերպության նախագահ Լիլիա Պետրոսյանի, Իվանյանի միջնակարգ դպրոցի սկզբնական արհկազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանի, Սարուշենի և Խնձրիստանի միջնակարգ դպրոցների սկզբնական արհկազմակերպությունների նախագահներ Մելանյա Իսրայելյանի և Սուսաննա Առստամյանի ներկայացրած մանրամասն հաշվետվությունները՝ 2015-17թթ. կատարած աշխատանքների մասին։ Սկզբնական արհեստակցական այս կազմակերպություններում բարձր հիմքերի վրա են պահպանված բոլոր փաստաթղթա-իրավական գործերը, ակնառու էր միությունների նախագահների անշահախնդիր նվիրվածությունը։ Ինչը վերջիններիս հավաստմամբ գալիս է շրջանային արհմիության նախագահի վերաբերմունքից։

Ասկերանի շրջանի արհմիության կատարած աշխատանքների մասին իրենց տեսակետները հայտնեցին ԱՖ նախագահ Ա. Ղահրամանյանը, շրջանային արհմիությունների նախագահները, ովքեր բարձր գնահատեցին Գ. Գաբրիելյանի և շրջանի սկզբնական արհկազմակերպությունների կատարած աշխատանքները, ինչպես նաև բավականին ընդօրինակելի և բարձր հիմքերի վրա դրված փոխհարաբերությունները արհկազմակերպությունների հետ։

Ինչպես նշեց Ա. Ղահրամանյանը, Գայանե Գաբրիելյանի մարդկային բարձր արժանիքներով օժտված լինելու հանգամանքը մեծապես ազդում է նրա կատարած աշխատանքի արդյունավետության վրա։

ԱՖ նախագահը մանրամասն ներկայացրեց ֆեդերացիայի կողմից միության անդամների շահերը պաշտպանելու ուղղությամբ հանրապետական մակարդակով բարձրացված հարցերի և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։

Նիստի մասնակիցները լսեցին նաև ԼՂՀ ԱՖ կից ստեղծված սոցիալական և առևտրի ու տրանսպորտի հանձնաժողովների 2018թ. կատարած աշխատանքների մասին  նախագահներ Յուրի Ավանեսյանի և Էռնիկ Ծատրյանի մանրամասն և մանրակրկիտ  հաշվետվությունները։

Հաշվետվություները ներկայացնելուց հետո տեղի ունեցան բուռն քննարկումներ։ Ակնհայտ էին արհկազմակերպությունների կատարած աշխատաքները, որոնք մեծապես ուղղված են բնագավառներում առկա թերությունների վերհանմանն ու տեղերում դրանց լուծման համար միջոցների ձեռնարկմանը։ Որոշ խնդիրներ առանձին քննարկման առարկա են դառնում, որոնք արծարծվում են խորհրդի նիստերում։ Զեկուցողները նշեցին, որ իրենց ամենօրյա գործունեությամբ ցանկանում են էլ ավելի բարձրացնել արհմիությունների դերն ու նշանակությունը աշխատավորների շահերի պաշտպանության գործում, որին էլ ուղղված են միության հիմնական ջանքերը։

Նիստն անցավ ազատ մտքերի արտահայտման, նորարարությունների քննարկման անկաշկանդ մթնոլորտում։ Յու. Ավանեսյանի և Է. Ծատրյանի հաշվետվությունները գնահատվեցին բավարար։

Վերջում Գ. Գաբրիելյանը նիստի աշխատանքներին մասնակից կանանց գարնանային տոները խորհրդանշող նվերներ հանձնեց։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter