ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՄԱՐԴ ՔԱՆԻ ՏԱՐԻ Է ԱՊՐՈՒՄ, ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ՀԵՏՔ Է ԹՈՂՆՈՒՄ…
22.03.2019 17:56

Մարտի 22-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հերթական մեծարման հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել:  Թեև միջոցառումը տխրության, ցավի և անսահման կարոտի շունչ էր հաղորդում, սակայն մի յուրահատուկ զգացողություն էր պատել բոլորին: Քանզի հավաքվել էին գլուխ խոնարհելու և մեծարելու այս կրթօջախի լավագույն սաներից մեկի՝ անձնվեր հայորդի Հովիկ Յուրիի Արամյանի անմար հիշատակը: Հավերժ 19-ամյա երիտասարդը կդառնար 45 տարեկան…

Խաժակն, գեղեցկադեմ ու բարձրահասակ երիտասարդ էր Հովիկը, երեք քույրերի մինուճար եղբայր էր նա: Այնքա՜ն իղձեր ու նպատակներ ունեին նրա ծնողները, այնքա՜ն

հույսեր էին կապում որդու հետ…Ավա՜ղ…

Մինչ միջոցառումն սկսվելը՝ հերոսի հարազատները, դասընկերներն ու մարտական ընկերներն այցելել էին Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց, որտեղ հանգչում է անվեհեր զինվորը և ծաղիկներով ու ծաղկեպսակներով պատել նրա շիրմաքարը: Բարի ու խոսուն իր աչքերով Հովիկը մեղմորեն ժպտում էր հարազատներին ու ընկերներին, ովքեր երբեք չեն մոռանում իրեն և այս այցելություններից նրա հոգին սավառնում է ավելի վեր, հանգստանում իր երազած Արցախի խաղաղ երկնակամարում…

Հովիկ Յուրիի Արամյանը ծնվել է 1974 թվականի մարտի 22-ին, Ասկերան ավանում: 1981 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Ասկերանի միջնակարգ դպրոցի առաջին դասարան և արծաթե մեդալով 1991 թվականին ավարտել միջնակարգը: Նույն թվականին ընդունվել է ԵրՊՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի գյուղատնտեսական ֆակուլտետի <<Պահածոյացման տեխնոլոգիա>> բաժինը: Ուսման անհագ ծարավ ուներ Հովիկը: Դեռևս դպրոցական տարիներին ուսուցիչները նրա համար փայլուն ապագա էին ակնկալում: Նրանք համոզված էին, որ բազմակողմանի զարգացած, ողջամիտ, կազմակերպչական մեծ ձիրք ունեցող Հովիկն անպայման մեծ բարձունքների է հասնելու և ամենակարևորը՝ հասարակության համար մեծատառով մարդ է դառնալու… Սակայն ճակատագիրը բոլորովին այլ ուղի էր նախանշել երիտասարդի համար: Հովիկը մոռացել էր ուսման մասին և ժամանակավոր հետաձգել էր իր բոլոր նպատակները, քանզի մի նպատակ ուներ այլևս՝ Արցախի վերջնական ազատագրումը դարավոր թշնամուց:

1992 թվականի Հովիկը զինվորագրվել էր ԼՂՀ ԻՊՈՒ-ի ԿՊՇ-ի առաջին գումարտակի երրորդ վաշտին: Թեև երիտասարդ էր, սակայն  հմուտ նռնականետորդի անուն էր արդեն ձեռք բերել: Իր բնատուր խելքի շնորհիվ՝ նա կարողանում էր ճիշտ ու նպատակային օգտագործել իրեն վստահված զենքը: Մասնակցել է Լաչինի, Մարտակերտի շրջանի բռնազավթված մի շարք գյուղերի ազատագրման համար մղվող մարտերին: Ավյունով էր լցված նրա երիտասարդ հոգին, փափագում էր հաղթանակի, օտարի իշխանությունից  իր ժողովրդին ազատ տեսնելու մասին: Խելամիտ և հայրենասեր տղան լավ էր գիտակցում, որ միայն զենքի միջոցով կարող է լուծվել Արցախի հարցը:

Իսկ ինչպե՜ս էր կարոտում նա իր ծնողներին ու քույրերին և ամեն անգամ մարտի մեկնելիս մտածում էր նրանց մասին, հիշում մայրական խրատներն ու խորհուրդները: Մայրը նրա մեջ սերմանել էր բարություն, ընկերասիրություն, ամուր կամք…Նա գիտեր, որ իր վերադարձին սրտատրոփ սպասում են հարազատները, ախր մինուճար էր՝ նրանց հույսն ու ապավենը:

1993 թվականի գարունն էր…Ամենուր թեժ ու անհավասար մարտեր էին մղվում: Օրահասկան օրերը հետևում էին մեկը մյուսին, ամեն օր զոհեր, վիրավորներ, որդեկորույս մայրեր, որբացած երեխաներ ու այրիացած կանայք…Արյունով պատված արցախի հողը հառաչում էր անտանելի ցավից…

Ահեղ մարտեր էին ընթանում Մաղավուզի, Մեծ շենի ազատագրման համար: Հովիկը մարտի դաշտում  էր, հերթական առաջադրանքն էր կատարում: Ավա՜ղ այդ մարտը նրա վերջին մարտն էր, թշնամու գնդակը անողոքաբար ընդհատեց օրեր առաջ 19 տարեկան դարձած երիտասարդի մատաղ կյանքը: Մարտի 28-ին էր դա…

Հուշ-ցերեկույթը, որ Հովիկ Արամյանի համադասարանցի Ավետ Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Աիդա Գայնջումյանը, հայրենասիրական յուրովի մի դաս էր մատաղ սերնդի համար:

Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, հարազատներ, համադասարանցիներ, ազատամարտիկներ, ուսուցիչներ, Ն զորամասի զինվորներ:

Հնչեց ԱՀ պետական օրհներգը:

Աիդա Գյանջումյանը բացման խոսքը լեցուն էր գնահատանքով և հպարտությամբ.

-Նրանք ծնվել են հերոսանալու և երկնքից հայրենի սահմանները հսկելու համար: Այդպիսինների ճանապարհը կանխավ ուղղորդված է: Հայրենիք,

հայրենիքի ազատություն, հայրենի սահմանների անառիկություն, անձնուրաց նվիրվածություն հայրենիքիդ: Այսպիսի վեհ գաղափարներով առաջնորդվողներից մեկն էլ Հովիկ Յուրիի Արամյանն է: Հայրենիքի նվիրյալները մեր կողքին են, ամեն վայրկյան մեր մտքերում և գաղափարներում: Ես չեմ ցանկանում նրանց մասին խոսել անցյալ ժամանակով:

Աիդա Գյանջումյանի առաջարկով ներկաները հոտնկայս ծափերի ներքո շնորհավորեցին Հովիկ Արամյանի ծննդյան տարեդարձը:

Դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանն օրվա խորհուրդն անգնահատելի համարեց՝ նշելով, որ Հովիկ Արամյանի հարազատների հետ մեծ վիշտ է ապրում նաև Ասկերանի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը:

Կազմակերպելով նման միջոցառումներ՝ նպատակ է հետապնդվում հիշել ու մեծարել հերոս տղաների կատարած սխրագործությունները և դաստիարակել նրանց արժանի հերթափոխ:

Հովիկի առաջին ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանը սրտի թրթիռով է հիշում Հովիկին:

-Կարևոր չէ, թե մարդ քանի տարի է ապրել. կարևոր է, թե ինչպես է ապրել և ինչ հետք է թողել: Հովիկի կյանքը մաքուր բոց էր. նա իր մեջ կրում էր ջերմ արև, որով ինքը այրվեց, մեզ տվեց լույս, ջերմություն և ապրելու հնարավորություն:

Իմ հուշերը ինձ տանում են մինչև 1981 թվականի սեպտեմբերը…Մտա դասարան, նստած էին 28 աշակերտներ՝ փայլուն, պսպղուն աչքերով և անքթիթ նայում էին իրենց համար անծանոթ ուսուցչուհուն: Նրանց մեջ անմիջապես աչքի զարնվեց բոլորից բոյով, բարակ, շիկահեր, բաց շագանակագույն աչքերով, ժպտադեմ տղան՝ Հովիկը: Այսօր էլ աչքիս առաջ է նրա ամեն մի քայլը, ժպիտը, խոսքը: Այդ դասարանը յուրահատուկ էր և իմ հիշողության մեջ կմնա ցմահ: 28 աշակերտներից 21-ը սովորում էին ուժերի գերագույն լարումով:

Հովիկը ուրախ, հետաքրքիր տղա էր: Ընկերասեր էր, աշխատասեր սովորում էր գերազանց: Փոքր տարիքում կայացած էր, ուներ հասուն, մտածող էություն: Նրա մեջ խտացված էր հայ մարդու լավագույն հատկանիշները: Ուներ փայլուն ընդունակություններ, ապագան խոստումնալից էր:

Ուսուցչուհի Ալիսա Հայրապետյանի սրտի խոսքը հուզումնառատ էր:

<<Ինձ համար շատ ծանր է անցյալ ժամանակով խոսել Հովիկի մասին: Տարիների հեռվից հիշելով նրան՝ սիրտս ցավով է պատվում: Արամյանների հետ ապրում էինք հարևանությամբ, և Հովիկն իմ աչքի առաջ է մեծացել: Նրան սիրում էին բոլորը, ուներ խաղաղ բնավորություն, արդարամիտ էր, անմիջական: Երբ սկսվեց Արցախյան գոյամարտը, առանց վարանելու մտավ պայքարի մեջ: Ապրեց ընդամենը 19 գարուն, ով գիտե, գուցե ուներ թաքնված սեր, չասված խոսքեր…

Ես խոնարհվում եմ նրա ծնողների՝ Յուրի Արամյանի և Ռոմելա Մոսիյանի առջև, ովքեր կարողացել են ուժ գտնել և իրենց մեջ խեղդել կորստյան ցավը՝ շարունակելով ապրել ու կիսել ուրիշների դարդ ու ցավերը, ուրախությունները >>,-ասաց Ալիսա Հայրապետյանը:

Համադասարանցի Վիգեն Գաբրիելյանի խոսքը լի էր գնահատմամբ.

- Հարգելի ուսուցիչներ, աշակերտներ և հյուրեր, այսօր մենք նշում ենք մեր դպրոցի լավագույն աշակերտներից մեկի, Ղարաբաղյան շարժման 1990 –ականների ռազմական գործողություններին ակտիվորեն մասնակցած և զոհված ազատամարտիկ, քաջարի զինվոր Հովիկ Յուրիի Արամյանի ծննդյան 45-րդ տարելիցը: Դրա համար ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս հուշ-ցերեկույթի կազմակերպիչներին՝ Աիդա Գյանջումյանին, համադասարանցի Ավետ Հարությունյանին, ով միշտ վառ է պահում մեր զոհված ընկերոջ անմար հիաշատակը:

Հովիկը որպես անհատականություն, հայրենիքի երդվյալ զինվոր՝ մեծագույն արժեք էր: Արտակարգ ընդունակություններ ուներ, սկզբունքային էր, լավատես, համարձակ և վճռական: Նա մեր դասարանի ավագն էր, սովորում էր գերազանց գնահատականներով: Օժտված էր կազմակերպելու, ղեկավարելու և առաջնորդելու բանականությամբ: Վայելում էր ընդհանուրի հարգանքը, սերը, պարզ էր, սիրում էր անմիջական հաղորդակցումը մարդկանց հետ: Նրա մեջ վառ էր նկատվում հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը, պայքարելու եռանդը, կամքը…

Մենք բարձր ենք գնահատում Հովիկ Արամյանի ծառայությունները Արցախի պաշտպանության և նվաճված հաղթանակի գործում:

Նրա անունն ու գործը հավերժ կմնան մեր հիշողություններում:

Ավետ Հարությունյանը սրտի կսկիծով է հիշում սիրելի ընկերոջ հետ իր վերջին հանդիպումը.

-Վերջին անգամ Հովիկին տեսել եմ նրա զոհվելուց մի քանի օր առաջ՝ Ստեփանակերտում, երկու օրով եկել էր հարազատներին տեսնելու: Հանդիպեցինք,  ջերմորեն զրուցեցինք, շատ էինք ուրախացել մեր հանդիպման համար: Ես նրան առաջարկեցի տեղափոխվել Ասկերանի վաշտ, քանզի մեր դասարանցիների զգալի մասը ծառայում էր այդտեղ: Հովիկն ինձ պատասխանեց, որ Մեծ շենի ազատագրումից հետո՝ անպայման տեղափոխվելու է: Ավա՜ղ, Մեծ շենի մարտը նրա համար վերջինն էր, նա ընկավ հերոսի մահով և խորն ու անբուժելի ցավ թողեց բոլորիս սրտերում: Մենք՝ Հովիկի համադասարանցիներս հպարտանում ենք նրանով և մեր վարքագծով ու պահվածքով բարձր ենք պահում նրա հիշատակը:

Ննջի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի ընկեր…

Ուշագրավ էին Հովիկի մարտական ընկեր, Ն զորամասի հրամանատար Արտյոմ Առաքելյանի հիշողությունները.

-Չեմ էլ կասկածել, որ այսպիսի խոսքեր եմ լսելու մարտական իմ ընկերոջ մասին: Հովիկը չէր կարող ուրիշը լինել: Ճիշտ է բնորոշել նրա առաջին ուսուցչուհին՝ նա իսկական բոց էր: Վեց ամիս միասին կռվեցինք, նոր էր եկել մեր վաշտը, իսկ այն բաղկացած էր հմուտ և խիզախ մարդկանցից, և շատ դժվար էր վայելել նրանց վստահությունը: Հովիկը կարողացավ հաղթահարել առաջին փորձությունը և արժանացավ հարգանքի: Մարտերի ժամանակ իրեն լավագույն կերպով էր դրսևորում: Ինչպես ասում են, տաղանդավոր մարդը ամենուր է տաղանդավոր: Քաղաքացիական մարդը անմիջապես կարողացավ հմտանալ նռնականետորդի իր մասնագիտության մեջ: Ինքնուրույն տիրապետեց զենքին և մարտերի ժամանակ ոչ միայն դիպուկ կրակում էր, այլ առաջ էր գնում ՝ իր հետևից տանելով ընկերներին: Շնորհակալություն եմ հայտնում ճակատագրին, որ պատիվ եմ ունեցել ծանոթ լինելու և ծառայելու Հովիկ Արամյանի հետ:

Միջոցառումն ուղեկցվում էր <<Ասպետ>> համույթի կատարումներով, զինվորների խրոխտ երգերը վստահություն և ուժ էին ներշնչում, իսկ դպրոցի աշակերտների ելույթները բխում էին սրտի խորքից: Նրանց համար Հովիկը իսկական լեգենդ էր, ով ծնվել էր, որպեսզի անմահանար: Նրանք հիացմունքով էին խոսում քաջորդու համեստության, բնատուր խելքի, խոսքի կուլտուրայի մասին և հայրենասիրության մասին: Հայրենիքի հանդեպ սերը նրան ստիպել է պատանեկության շրջանից ցուցաբերել ոչ սովորական վարքագիծ և առանձնանալ իր յուրահատուկ պահվածքով: Դպրոցականները հպարտությամբ էին շեշտում, որ Արցախի ազատության և անկախության համար մղվող պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար Հովիկ Արամյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>>,  <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> մեդալներով:

ԱԱՀ նախագահ Սամվել Կարապետյանի՝ Հովիկ Արամյանին և նրա հարազատներին ուղղված երախտիքի խոսքը ներկայացրեց ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը և միության անունից հուշանվեր հանձնեց հերոսի հարազատներին:

Հիրավի, միջոցառումը կազմակերպվել էր այնպես, ասես Հովիկը ներկա էր և տեսնում ու գնահատում էր իրեն հիշողներին: Յուրաքանչյուրս պարուրվել էինք հանկարծահաս հիշողություններով և խորապես հուզված ու երախտագիտությամբ էինք լցվել հուշ-ցերեկույթը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Հերոսի հայրը, ով խոստովանեց, որ այսօր իր համար որոշ փակ էջեր բացվեցին իր որդու մասին, իր գերդաստանի անունից շնորհակալություն հայտնեց այսչափ գեղեցիկ միջոցառման և իր որդուն մեծարելու հարա:

<<Փա՜ռք բոլոր նահատակներին և նրանց հիշատակը միշտ վառ պահողներին>>,-ասաց Յուրի Արամյանը:

Հովիկի ավագ քույրը՝ Սուսաննան, հուզմունքն իր մեջ խեղդելով՝ ասաց.

-Իմ սիրելի եղբայր, ինչու՞ մեզ համար դու մնացիր 19-ամյա պատանի, ինչու՞ չդարձար 45 տարեկան: Դու մեր հույսն էիր, հպարտությունը: Դու այնքա՜ն խելոք էիր, ազնիվ, սրտացավ, բարի… Բայց ի՞նչ արած, դու նվիրյալ էիր և հանուն այս սուրբ հողի գնացիր ինքնազոհության:

Մենք հպարտանում ենք քեզանով, ծնունդդ շնորհավոր մեր սիրասուն Հովիկ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter