ԹՈՂ ՁԵՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԻՆԵՆ ՈՂՋԱՄԻՏ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ |
22.03.2019 14:24 |
Եվ այս խոսակցությունները, որ պտտվում են ամենուր, նպաստում են ժողովրդի վստահության կորստին՝ արդարության, ղեկավարության և ընդհանրապես ապագայի հանդեպ: Այս մտահոգող հարցերի պատասխանները լսելու և որոշակի տեղեկություններ իմանալու համար, որոշեցինք հանդիպել շինանյութերի տրամադրման շրջանային հանձնաժողովի նախագահ Սուրեն Թովմասյանի հետ: Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է Ասկերանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է հինգ անդամ՝ շրջանի տարբեր բնակավայրերից: Ինչ խոսք, նրանցից ակնկալվում են անաչառ, ազնիվ ու անկողմնակալ որոշումներ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահը՝ շինանյութերը տրամադրվելու են հիմնականում սոցիալապես անապահով խավերին, հաշվի են առնվելու շնչերի քանակը և, իհարկե, տների վիճակի իրական պատկերը: Տրամադրվելու են թիթեղ, փայտանյութ և ցեմենտ: Հանձնաժողովականներն այցելում են համայնքներ, դիմումների համաձայն՝ տեղերում կատարում ուսումնասիրություններ և որոշումներ ընդունում ըստ առաջնահերթությունների: Քննարկումներ կատարելուց հետո կազմված ցուցակները ներկայացվում են շրջվարչակազմի համապատասխան բաժին: Անշուշտ, հանձնաժողովը տանելու է հետևողական աշխատանք, երեք ամսից հետո շրջելու է հասցեներով՝ ստուգելու կատարված աշխատանքները և համոզվելու, որ տրված շինանյութերն օգտագործվել են ըստ նպատակի: <<Նշեմ, որ շատ ծանր և դժվարին աշխատանք ենք հանձն առել: Երբեմն հայտնվում ենք ծանր կացության առաջ, քանի որ բնակչությունը հաճախ ճիշտ չի ընկալում մեր մոտեցումները, չի ցանկանում հասկանալ և ընդունել հանձնաժողովի կայացրած որոշումները: Մարտի 22-ի դրությամբ այցելել ենք Ծաղկաշատի, Ռևի, Նորագյուղի, Հովսեփավանի, Արմենակավանի, Փառուխի, Խրամորթի, Ուղտասարի, Նախիջևանիկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի Ասկերանի և Իվանյանի համայնքները: Ցավալի է տեսնել, որ օգնություն են պահանջում աշխատանքով, բնակարաններով և տնային գույքով ապահովված մարդիկ: Տեսնելով նման մարդկանց ապրուստի միջոցները, նիստ ու կացը՝ զարմանում և հիասթափություն ես ապրում: Կարծում եմ, որ համայնքների ղեկավարները պետք է բացատրական աշխատանքներ տանեն բնակչության հետ, իրազեկեն այդ ծրագրերի մասին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի մինչև դիմում ներկայացնելը հստակ իմանա. իրեն հասնում է օգնություն, թե ոչ>>,-շեշտեց Սուրեն Թովմասյանը: Իհարկե, հանձնաժողովի անդամները կատարում են դժվարին աշխատանք, սակայն նրանք դա անում են ի սրտե, սկզբունքորեն՝ պահպանելով ազնիվ և արդարամիտ մոտեցումներ: Առանձնապես ուշագրավ էր հանձնաժողովի ամենաերիտասարդ անդամ Մարինե Գաբրիելյանի վերաբերմունքը հայրենանվեր այս գործի հանդեպ: Ուրախալի է տեսնել, թե ինչպես է երիտասարդ սերնդի ներկայացուցիչը մտահոգվում սակավակարող ընտանիքների համար և իր կարծիքը հայտնում անկեղծորեն, շիտակ ու անկողմնակալ: Դե ինչ, նորաստեղծ հանձնաժողովին մաղթենք բարեհաջող և անխոչընդոտ աշխատանք, համոզված ենք, որ կկայացվեն ողջամիտ և արդարացի որոշումներ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |