ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
02.04.2019 15:55

Հայրենիքի պաշտպանությունը բոլոր տեսակի գործերի մեջ ամենասրբազանն է, որը դրված է եղել բոլոր սերունդների վրա։ Ու եթե Արցախյան ազատամարտը հայի ազատատենչ ոգու, անկախ ու ազատ երկրում ապրելու հաստատակամությունը վճռեց, ապա ապրիլյան պատերազմով մեկ անգամ ևս վերահաստատվեց այն։

2016-ի ապրիլին Հայոց երկնակամարում նոր հերոսներ ծնվեցին՝ նվիրյալ ու քաջ։ Այդ հերոսներից մեկն էր Օնիկ Կարոյի Գրիգորյանը։

Արդեն երեք տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չեն ապրիլյան պատերազմի հերոսները, ովքեր արժանապատվորեն դիմակայեցին թշնամու չարանենգ դավադրությանն ու մեկ անգամ ևս հայ զինվորի անձնվիրաբար ու անձնուրաց տեսակի մասին ի լուր աշխարհի հայտարարեցին։ Այո, քանզի կան այսպիսի քաջ տղաներ, ու նրանց օրինակով դաստիարակվող

սերունդներ՝ հայի ոգին անսասան ու անպարտելի է։ Օնիկ Գրիգորյան խիզախ ու քաջ հայորդու սխրագործությունների մասին բազմիցս ենք գրել։ Արցախյան Շարժման հորձանուտում հասակ առած Հայրենիքի նվիրյալի զինվորական դառնալու ու զինվորական գործին նվիրվելու հանգամանքը խորն արմատներ ունեն։ Նա ականատեսն էր զինվորական հոր՝ Հայրենիքին անմնացորդ նվիրվածությանը, ինքն էլ պատվիրան է թողել իր որդուն՝ լինել Հայրենիքի նվիրյալ զինվոր։

Ապրիլի 2-ը համայն հայության համար որքան ափսոսանքի, ցավ ու կսկիծի, նույնքան հպարտության, ակնածանքի ու խոնարհումի օր է՝ բոլոր այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր Ազգն ու Հայրենիքը գերադասեցին սեփական կյանքից։

Ապրիլի 2-ին Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը մարդաշատ էր։ Հերոսի հարազատների, մտերիմների համատեղ ուժերով դպրոցի բակում կիսանդրի էր կանգնեցվել, և կազմակերպվել բացման հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ 2016-ի ապրիլյան զոհերի։ Հավաքվել էին ԱՀ պետական պաշտոնյաներ, բարձրաստիճան սպաներ, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներ, Օնիկ Գրիգորյանի հարազատներն ու ընկերները՝ մեկ անգամ ևս իրենց խոնարհումը բերելու ՀՀ ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանաշանակիր, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի և հանուն Հայրենիքի մարտիրոսված անմահ քաջերի հիշատակը։

Ողջունելով ներկաներին դպրոցի կազմակերպիչ Անի Մայիլյանը նշեց, որ ԱՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի  23-ի համար 850 որոշմամբ  Իվանյանի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Օնիկ Գրիգորյանի անվամբ:

-Արցախում սրբավայրերի թիվն ավելացավ ևս մեկով:Այսօր ծաղիկներ են խոնարհվելու նորակառույց այս հուշարձանին, որը խորհրդանշում է զոհված քաջորդու սխրանքը, այն կառուցվել է նրա հարազատների մտահղացմամբ և հովանավորությամբ,- նշեց միջոցմառման կազմակերպիչը։

Օ. Գրիգորյանի հիշատակին կառուցված կիսանդրու բացման վեհ առաքելությունը տրվեց նրա զավակներին ՝ Տաթև և Հովհաննես Գրիգորյաններին, ովքեր սրտի թրթիռով ու համակ խոհեմությամբ էին լցված։ Իջնում է սպիտակ սավանն ու համատարած լռությունն իշխում է բոլորիս, սակայն այդ լռությունն ավելի խոսուն էր. ՙԱհա ես եկել եմ, եկել եմ հաղթանակած, բայց ոչ հուշ դարձած, քանզի ապրում եմ ձեզանից յուրաքանչյուրի մեջ՚։

Այս խոսքերն էր վերահաստատում Ասկերանի շրջանը սպասարկող հովիվ, Արցախի թեմի քարոզչական կենտրոնի պատասխանատու  Տեր-Մեսրոպ  Խունոյանը, որոնք հավաստիքն էին այն բանի, որ մարդ մահանում է այն ժամանակ, երբ նրան մասին մոռանում են։

-Օնիկ Գրիգորյանին և բոլոր նրանց, ովքեր ընկել են հանուն հայրենիքի և մահ իմացել՝ անմահություն է գաղափարախոսությամբ եկեղեցու կողմից տրվում է բարձրագույն կոչում՝ նահատակներ։ Նրանք գիտակցված գնացին նահատակության, որպեսզի ժառանգություն թողնեն անկախ երկրում ազատ ապրելու իրավունքը,- ասաց Տեր-Մեսրոպ Խունոյանը, մաղթելով, որպեսզի հայ ազգը հետայսու նահատակության կարիք երբեք չունենա, նաև կարևորելով դպրոցի բակում հայրենասիրության նման խոսուն հուշարձան տեղադրելու հանգամանքը։

Օնիկ Գրիգորյանի  մարտական ընկեր Կարեն Տոնյանի սրտի խոսքը հուզառատ էր, որտեղ այնքան չասված, չարտասանված բառեր կային համարձակ, ազնիվ, ընկերասեր ընկերոջ մասին։ Նա իր ելույթն սկսեց երախտիքի խոսքերով՝ ուղղված հերոսի ծնողներին, հարազատներին՝ հայրենասիրական վեհ առաքելույթուններով օժտված զավակ դաստիարակելու համար։

-Օնիկն իր անձնական օրինակով ապացուցեց, որ Ղարաբաղցին վախկոտ չէ, և մի թիզ հող անգամ չի տա թշնամուն։ Ապացուցեց, որ արյան գնով պաշտպանած Հայրենիքը և ոչ մի թշնամի չի կարող մեզանից խլել, և մեր հայրերից ու եղբայրներից ժառանգած ազատ և անկախ Հայրենիքը ժառանգելու ենք սերունդներին,- ասաց Կ. Տոնյանը, ապա դառնելով խրամորթցիներին, որոնց ծոցից են ելել Օնիկն ու բազում նվիրյալ նահատակներ՝ շեշտեց, որ նախնիների անձնական օրինակը՝ պայքարել հանուն Հայրենիքի, օրինակելի և ուսանելի դաս է դարձել Օնիկ Գրիգորյանի համար։

Խոսել անցյալ ժամանակով Օնիկ Գրիգորյանի մասին, ով դպրոցի ընդօրինակելի աշակերտներից էր, չափազանց դժվար էր նրա դասղեկ Արգեն Մկրտչյանի համար։ Նվիրվածություն, պատրաստվածություն, կազմակերպվածություն, ձգտում ավելիի, մարդամոտություն ու սրտացավություն, սրանք որակներ են, որոնք բնութագրում են Օնիկ Գրիգորյանին։ Հայոց արծիվը, որ մեծացել է հերոս համագյուղացիների սխրագործություններով և ազատատենչ ոգով, այսօր ինքն է օրինակ ծառայում, նրա քաջագործություններով են այսօր սերունդներ դաստիարակվում։

-Օնիկը հակում ուներ դեպի ռազմագիտություն առարկան և ամեն անգամ դասղեկի ժամերին նա ակնածանքով էր խոսում արցախյան ազատամարտում զոհված տղաների մասին։ Եվ պատահական չէ, որ սիրելով զինվորականի գործը նա դարձավ զինվորական, պարտքի վեր զգացումով և մեծ պատասխանատվությամբ կատարելով հրամանատարության բոլոր առաջադրանքները։ Այդպես եղավ և 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ վտանգվեց Հայրենիքի սահմանը։ Նա ընկերների հետ կյանքի գնով պաշտպանեցին հայրենի եզերքի անառիկությունը, մեկ անգամ ևս ապացուցելով թշնամուն, որ հայ զինվորը մշտարթուն է, նրան հաղթելը՝ անհնարին,- ասաց Ա. Մկրտչյանը, նշելով, որ  Օնիկի և նրա բախտակից ընկերների հիշատակը միշտ վառ կպահեն ամենուր։

Դպրոցի սաները հանդես եկան հերոսին ձոնված անչափ հուզիչ բանաստեղծություններով։ Սրտակեղեք էին Օնիկի զավակների արտասանությունները՝ իրենց սիրասուն հորը նվիրված։ Պատանիները գիտակցում են հանուն ինչպիսի վեհ գաղափարների է զոհվել իրենց հայրը և լիովին նրան արդարացնում էին։ Ավելին, Հովհաննեսը, ում ականջներում դեռևս հնչում է հոր վերջին պատգամը՝ լինել ընտանիքի և Հայրենիքի պաշտպանն ու պատասխանատուն՝ գիտակցում է այն ծանր բեռը, որ ուսել է այսուհետ, սակայն լիահույս է ու իր խոսքերի մեջ հաստատակամ՝ ինքն է լինելու Արցախի վաղվա պաշտպանն ու նրա անձնվեր զավակը։

Արցախի  ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը ընթերցեց միության նախագահ Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը՝ ուղղված Օնիկ Գրիգորյանի հարազատներին, որում մասնավորապես ասված է.

-Այսօրվա հայրենյաց պաշտպանները պատերազմի բովով անցած ազատամարտիկների սրբազան գործի շարունակողներն են։ Երկրի անվտանգությունն ապահովող դիրքապահ  զինվորները։ Այն նվիրյալները, որոնց համար հայրենի հողը սրբություն է՝ ազգային անսակարկելի արժեք։ Այդ նվիրյալներից է Օնիկ Գրիգորյանը, ով հայրենի հողի պաշտպանության համար չխնայեց ամենաթանկը՝ երիտասարդ կյանքը։ Հայրենապաշտպանությունն ու հայրենի հողի համար մրտնչելու տենչը նա ժառանգել է պապերից ու ծնողներից։ Ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Օնիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված կիսանդրու բացումը Իվանյանի համայնքում, իր իսկ անունը կրող դպրոցում հաստատում է այն ճշմարտությունը, որ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր թիզ հող՝ ներծծված լինելով նվիրյալների արյամբ, դառնում է սրբատեղի, սերունդների համար արիության դաս, պայքարի և անմնացորդ նվիրումի վկայություն։Այն նաև մեր ոգու ու կամքի հաղթանակի վկայությունն է։ Նրա կերպարն աշակերտների մեջ սերմանում է հայրենասիրություն, նվիրվածություն, ազգասիրություն՝ կյանքում համարձակ և վստահ գործելու համար։ Երախտագիտություն և շնորհակալություն եմ հայտնում Օնիկ Գրիգորյանի ծնողներին և ուսուցիչներին՝ այդպիսի հայրենասեր զավակ դաստիարակելու համար։ Փառք  մեր Հայրենիքի անձնվեր և քաջակորով ազատամարտիկներին, փառք երկրի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մարտիրոսներին։

ԱԱՄ կողմից Է. Խաչատրյանը հուշանվեր հանձնեց Հովհաննես Գրիգորյանին։

Զորակոչվելով բանակ ցանկացած զինվոր ձեռք է բերում նոր հմտություններ, ձևավորում է այլ աշխարհահայցք, և այս գործում մեծ ու անփոխարինելի է ընտանիքում ստացած դաստիարակությունը։ Բանակում ազգային ոգով գաղափարադաստիարակչական աշխատանքը զգալիորեն արդյունավետ է լինում, եթե զորակոչված պատանին ազգային դաստիարակության անհրաժեշտ չափաբաժինը ստացած է լինում ընտանիքում: Օնիկ Գրիգորյանը դեռ մանկուց է ստացել հայրենասիրական դասեր զինվորական հորից, ով  պատգամում էր որդուն լինել համարձակ, տոկուն և անձնազոհ։ Սակայն, ինչպես ասում են, ամեն մի սերունդ գերազանցում է իր նախորդներին։

Կարո Գրիգորյանն իր որդուն և նրա ընկերներին մեծարելու, նման պատվի արժանացնելու համար երախտագիտություն հայտնեց Օնիկ Գրիգորյանի հորական և մորական կողմի բարեկամներին և հարազատներին՝ դպրոցի բաակում Օնիկի կիսանդրին կանգնեցնելու, նրա հիշատակը հավերժացնելու և հանդիսավոր միջոցառում կազմակերպելու համար։ Անվիճելի է, որ յուրաքանչյուր ծնող փափագում է զավակի խնամքի և հոգատարության շունչը զգալ, իսկ որքան դաժան է բախտը այն ծնողը, ով խեղդելով իր մեջ հոգու անասելի ու անամոք ցավը՝ ստիպված է որդու մասին խոսել անցյալով։

-Ուղիղ երեք տարի առաջ այս օրը սպաների հնգյակը՝ փոգնդապետներ Օնիկ Գրիգորյանը, Ալեքսան Առաքելյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը լսելով թշնամու հարձակման մասին շտապեցին դիրքեր։ Որպես իսկական զինվորականներ նրանք քաջ գիտակցում էին, որ նրանց տեղն այնտեղ է, որտեղ ծանր մարտ էին բռնկվել։ Այդ ծանր օրերին մենք մեր թիկունքին զգում էինք ամբողջ հայության աջակցությունն ու սրտացավությունը, սակայն անորոշությունը անողոք ու սրտամաշ էր։ Ութ օր տեղյակ չէինք, թե ինչ է պատահել Օնիկի հետ։ Մինչև մեր հարևաններից մեկը ադրբեջանական կայքերում գրառում գտավ Օնիկի մասին։ Լուսանկարում իրոք Օնիկն էր, ով կարծես իր քամահրական ժպիտով արհամարհում էր մահն ու թշնամուն, իսկ ստորև թշնամու գրառումն էր. Վերջապես հաջողվեց վնասազերծել հայկական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման հրամանատարին։ Որքան դաժան է իրականությունը, այնքան ավելի անտանելի է անորոշությունը։ Օրեր անցան և նրա պարգաևատրման հրամանագրերից նոր իմացանք, ինչ են արել Օնիկն ու նրա ընկերները.ՙՀայրենիքի սահմանները պաշտպանելիս մարտի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, պատճառելով զգալի կորուստներ, կասեցրին նրանց ներթափունցումը մեր պաշտպանության խորքը՝ ցուցաբերելով բացառիկ խիզախություն, անձնազոհություն և անմնացորդ նվիրվածություն՚։ Այդ բառերը, ճիշտ է փոքր-ինչ սփոփեցին մեզ, սակայն գիտենք, որ նա այլ կերպ վարվել չէր էլ կարող։ Քանզի նրա ամբողջ շրջապատը, նրա ավագ եղբայրներն այդ էին պատգամել՝ հայրենասիրություն։  Հարազատները մխիթարանքի խոսքեր չէին գտնում, սակայն ժամանակ առ ժամանակ հույսեր էին բռնկվում և մարում, որ միգուցե ինչ-որ հրաշքով Օնիկը ողջ մնացած լիներ։ Հույս էր ներշնչում նաև այն, որ Հովիկին երազում հայրն ասել էր, որ ապրիլի 10-ին կգամ։ Օնիկն այս անգամ նույնպես խոստմանը հաստատ մնաց։ Նա եկավ, սակայն ոչ այնպես ինչպես ցանկանում էինք տեսնել բոլորս, ինչպես սպասում էին զավակները։ Նա եկավ հայոց եռագույնով փաթաթված, հերոսացած… Հայրենի հողը գրկաբաց ընդունեց իր հերոս զավակին, նրա համար տեղ բացելով Օնիկի կողմից փառաբանված, գովաբանված խրամորթցի նվիրյալների կողքին՝ նույն շարքում, հայրենի հողի տաքուկ գրկում։ Այդ հուշահամալիր այցելելով Օնիկը միշտ խորին ակնածանք էր ապրում՝ ասելով. ՙԱհա իսկական տղաները նրանք են, իրենց իսկական գործը կատարեցին…՚,- ասաց Կ. Գրիգորյանը շնորհակալություն և երախտագիտություն հայտնելով բոլոր այն անձնաց, ովքեր նախաձեռնել և իրականություն են դարձել կիսանդրի կանգնեցնելու գաղափարը։ Իրենց համար այն արդեն սրբավայր է, իրենց սիրասուն զավակը վերադարձել է հուշարձան դարձած։

Այսօր Իվանյանի միջնակարգ դպրոցի բակում, որտեղ Օնիկը զինղեկ էր աշխատում և իր սաներին ռազմական արվեստին տիրապետալուն մասնակից դարձնում, ռազմահայրենասիրական ուժ ու կորով ներարկում, իր խոսուն և ժպտադեմ քարակերտ հայացքով կշարունակի կիսատ թողած հայրենասիրական դասը, արիության դասը՝ ՕՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ վերտառությամբ։

Վերջում ծաղկեպսակներով և ծաղիկներով ամփոփվեց հերոսի կիսանդրին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter