ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՀԱՅՈ՛Ց ՄԱՅՐԵՐ
07.04.2019 10:04

Գլուխ եմ խոնարհում որդեկորույս մայրերի առաջ, գլուխ եմ խոնարհում անմահացած հերոսների շիրմաքարերի առաջ.

Ահա թե ինչ է ասում անմահ հերոսն իր մորը.

-Տոնդ շնորհավոր, մայրի՛կ ջան… Ների՛ր, որ միայն երազներիդ մեջ եմ քեզ այցի գալիս, սակայն մի ողջ գարուն եմ ահա սփռում քո ոտքերի առաջ։ Գիտեմ հարազատս, որ մտքերով ընդմիշտ ինձ հետ ես, և ես քո հոգու մեջ եմ առհավետ: Հիշո՞ւմ ես, մայր իմ սիրասուն, երբ տոն օրերին քեզ մանուշակների փոքրիկ փնջեր էի բերում և ստանում քո ջերմ ու քնքուշ համբույրը, ասում էիր. ՙՙԱպրե՛ս տղաս, կյանքդ երկար և այս ծաղիկների նման գեղեցիկ ու բուրավետ լինի՚՚։ Ների՛ր, որ չկարողացա իրականացնել ցանկություններդ, քանզի Հայրենիքի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից: Մենք մեր կյանքը տվեցինք, որ մեր Հայրենիքում նորից չկրկնվեր Եղեռնը, որ հայն իր հարազատ օջախը թողած չքայլի օտարի հողում, չդառնա գաղթական: Իմ շատ սիրելի մայրի՛կ, դու ինձ սնել, պահել, դաստիարակել ու դարձրել ես Հայրենիքի իսկական զավակ։ Ների՛ր, որ ի պատասխան՝ քեզ անբուժելի, չսպիացող վերք պատճառեցի: Գիտեմ, որ ամեն վայրկյան դու ինձ հետ ես, և քո աչքերի արցունքները չեն չորանում, գիտեմ, որ դրանք ոչ թե արցունքներ, այլև արյան կաթիլներ են, որոնք թափվում են քո կոտրված սրտից: Իմ շատ սիրելի՛ մայրիկ, ընկերներիս հետ միասին մեր շնորհավորանքներն ենք հղում Հայոց մայրերին, և ցանկանում, որպեսզի բոլորիդ աչքերում միայն շողան երջանկության արցունքները, իսկ մեր մարտական ընկերներին խնդրում ենք միշտ այդպես միակուռ ու միասնական լինեն և պահպանեն Հայոց սահմանների անառիկությունը։ Շնորհավոր ձեր տոնը, ո՜վ հայոց մայրեր, եղեք մեր սարերի, մեր լեռների պես միշտ հպարտ ու դիմացկուն, մենք ձեզ շատ ենք սիրում:

Հայոց առյուծածին մայրե՛ր, թող մեր հերոսների շնորհավորանքները հասնեն ձեզ, թող ձեր կյանքի բոլոր օրերը լինեն գարնան պես ջերմ,  լույսի շող իջնի ձեր վշտերին, խաղաղություն ձեր տանջահար սրտերին։ Հավատացած եղեք, որ մեր անմահ հերոսներին միշտ հիշելու և մեծարելու ենք: Մեր լուռ խոնարհումն ու հարգանքն ենք բերում որդեկորույս բոլոր մայրերին՝ իբրև հոգու սպեղանի։ Քանզի մռմռացող սրտի համար դիմացինի ջերմ հայացքն ու հուսադրող խոսքն ամենամեծ բալասանն է:

Շնորհավոր ձեր տոնը, Հայո՛ց մայրեր:

Վերա Գասպարյան

ք. Ասկերան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter